Խաչատուրովին հատո՞ւկ են «տեղավորել» 71 մարտիկների շարքերում

Խաչատուրովին հատո՞ւկ են «տեղավորել» 71 մարտիկների շարքերում

Օգոստոսի 19-ին Սերժ Սարգսյանի՝ ապրիլյան պատերազմի թեմայով հրավիրած առաջին ասուլիսում նրան խնդրել էինք համեմատական անցկացնել տավուշյան դեպքերի եւ ապրիլյանի միջեւ։ Պատասխանելով մեր հարցին՝ Սերժ Սարգսյանը երկու նկատառում արեց։ Առաջինը վերաբերում էր տավուշյան գործողություններում մասնակցության համար 71 զինծառայողի «Մարտական խաչ» բարձր շքանշանով պարգեւատրելու որոշմանը ( 16-ը առաջին աստիճանի «Մարտական խաչ», 55-ը՝ երկրորդ աստիճանի), որի միջնորդությունը վարչապետն արդեն ուղարկել է հանրապետության նախագահին։ «Ցանկալի կլիներ, որպեսզի մեր հանրությունը, այդ թվում՝ նաեւ ես, մի քիչ ավելի հանգամանորեն տեղեկացված լինեինք, թե հատկապես ո՛ր սխրագործության համար է բոլոր 71 հոգին պարգեւատրվելու այդ շատ բարձր շքանշաններով։ Սա չափազանց կարեւոր հանգամանք է, հատկապես ինձ համար»,- տարակուսանք էր հայտնել երրորդ նախագահը։

Երկրորդ նկատառումն այն էր, որ 1994 թվականից հետո ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից արցախյան պատերազմի մասնակիցներից ընդամենը երկու տասնյակ մարդ է պարգեւատրվել «Մարտական խաչ» շքանշանով։ Մինչդեռ՝ ի՜նչ փառահեղ հաղթանակներ են գրանցվել այդ տարիներին, եւ ինչքա՜ն հերոսականություն կար կամավոր ռազմաճակատ մեկնածների շրջանում։

Մենք փորձեցինք նախ հասկանալ, թե ովքեր են պարգեւատրվողները, եւ ինչ սխրանքի համար է վարչապետը նախագահին միջնորդել այդ բոլոր զինծառայողներին պարգեւատրել նման բարձր շքանշանով։

Նախագահականից մեզ տվեցին պատասխան, որում բացակայում էր ցանկը։

«Նախագահ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել 
Հանրապետության նախագահի 2020 թվականի օգոստոսի 18-ի ՆՀ-189-Ա հրամանագրով կապիտան Ռուբեն Սանամյանը պարգեւատրվել է Հայրենիքի շքանշանով՝ արժանանալով Հայաստանի ազգային հերոսի բարձրագույն կոչմանը: Կապիտան Սանամյանը, որպես սպա եւ հրամանատար, հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում ցուցաբերել է բացառիկ արիություն, անձնուրացություն եւ խիզախություն։ Հանրապետության նախագահի նույն հրամանագրով հայրենիքի սահմանները պաշտպանելիս դրսեւորած անձնուրացության, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության եւ հմտության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության եւս 199 զինծառայողներ պարգեւատրվել են Հայաստանի Հանրապետության պետական պարգեւներով»,- ասացին մեզ ՀՀ նախագահի աշխատակազմից։

Այսինքն՝ 199-ից 71-ի համար միջնորդել են. 16-ին «Մարտական խաչ» առաջին աստիճանի մեդալով պարգեւատրել, 55-ին՝ երկրորդ աստիճանի։

Ինչ վերաբերում է անունները չհրապարակելուն, նախագահականից ասացին՝ անունները չեն հրապարակում, քանի որ պաշտպանության նախարարությունը գրությամբ դիմել է նախագահի աշխատակազմ՝ հետեւյալ խնդրանքով. «ՀՀ պետական պարգեւներով պարգեւատրված ՀՀ ԶՈՒ զինծառայողները շարունակում են կատարել մարտական խնդիրներ՝ խնդրում ենք պարգեւատրված զինծառայողների վերաբերյալ տեղեկատվությունները չհրապարակայնացնել եւ չտեղադրել հանրապետության նախագահի պաշտոնական կայքում»: 

Փորձեցինք պաշտպանության նախարարությունից հասկանալ, թե որն է խնդիրը, որ չեն թույլատրել հրապարակել անունները։ ՊՆ-ից մեզ ասացին, որ զինծառայողների մեջ կան այնպիսիք, որոնք մարտական հատուկ առաջադրանքներ են կատարում, ուստի նրանց իսկ անվտանգությունից ելնելով՝ չեն հրապարակում անունները, որ, օրինակ, արտերկրում գտնվելիս հակառակորդի կողմից չիդենտիֆիկացվեն եւ խոցելի չլինեն։ Նման զգուշություն, չգիտես ինչու, չեն ցուցաբերում, երբ բաց դեմքով հեռարձակում են մեր զինծառայողներին, անգամ երբեմն ԱԱԾ աշխատակազմին, կամ երբ վարչապետի ու պաշտպանության նախարարի զորամասեր այցերն են լուսաբանում։
Մեզ հատկապես հետաքրքրում էր, թե Նիկոլ Փաշինյանի իշխանության թիրախում հայտնված ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ Յուրի Խաչատուրովի որդին՝ ՀՀ երրորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ մայոր Գրիգորի Խաչատուրովը, ով ղեկավարել է տավուշյան մարտերը, եւ ում անվան հետ է կապվում դիրքերի գրավումը, Փաշինյանի միջնորդությամբ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով պարգեւատրվե՞լ է, թե՞ ոչ։ ՊՆ-ից մեր հարցին դրական պատասխան տվեցին․ այո՝ Խաչատուրովի անունը կա պարգեւատրվողների ցանկում։

Նշենք, որ այս թեման Սերժ Սարգսյանի ասուլիսից հետո բազմաթիվ հարցեր է առաջացրել։ Իսկապես, ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել տավուշյան եռօրյա եւ փոքր մասշտաբի մարտերին մասնակցության համար նման մեծ թվով անձանց պարգեւատրել այդպիսի բարձր շքանշանով։ Ոչ ոք չի ուզում նվազեցնել մեր զինվորների ու սպաների կատարած սխրանքը, բոլորն էլ արժանի են բարձր գնահատանքի՝ ոչ միայն մեդալի տեսքով։ Բայց, կարծում ենք, ամեն պարգեւ իր գինն ու արժեքն ունի։ Արդյո՞ք այդ կարճատեւ մարտական գործողություններում 71 հոգի այնպիսի սխրանք է գործել, որ արժանացել է «Մարտական խաչ» շքանշանի։

Հիշեցնենք․ 1993 թ. ընդունված մայր օրենքով՝ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգեւատրվում են․ ա) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ այլ զորատեսակների զինծառայողները՝ հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության եւ անձնական արիության համար, ինչպես նաեւ այլ անձինք՝ պաշտպանության գործին բերած նշանակալի նպաստի համար.
բ) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ այլ զորատեսակների ավագ հրամանատարները՝ մարտական գործողությունների ընթացքում ձեռք բերված նշանակալի հաջողությունների համար։

Մյուս կողմից, 71 հոգու մեջ, որոնց թվում, բացի գեներալ Գրիգորի Խաչատուրովից, կան նաեւ ավելի ցածր կոչումով սպաներ, ընդհուպ՝ շարքային զինծառայողներ, արդյոք տեղի՞ն է բոլորին նույն հարթության մեջ դիտարկել ու նույն մեդալով պարգեւատրել։ Սրանով կարծես իշխանությունը փորձ է անում նվազեցնել ոչ միայն այս բարձր շքանշանի արժեքը, այլեւ անձամբ Գրիգորի Խաչատուրովի վաստակը՝ որպես տավուշյան մարտերը ղեկավարած հրամանատարի։ Երեւի ուզում են ցույց տալ, որ գեներալ Խաչատուրովն էլ, շարքային զինվորն էլ նույնն են՝ առանձնապես որակական տարբերություն չկա նրանց միջեւ, թող հատուկ Խաչատուրովի անունը չընդգծեն ու չհերոսացնեն։ Այսինքն, այստեղ էլ կա քաղաքական գործոնը եւ նախկիններ-ներկաներ հակամարտությունը։ Իսկ սա, կարծում ենք, ենթատեքստում շատ վատ տեղ տանող, զինվորի, սպայի, այն էլ՝ գեներալի պատիվն ու արժանապատվությունն էժանագին խոցող քայլ է գործող իշխանությունների կողմից։