Կրակոցները հավանաբար գիշերն են արձակել

Կրակոցները հավանաբար գիշերն են արձակել

Այսօր լուր տարածվեց, որ Երեւանի դպրոցներից մեկում կրակոցներ են հնչել։ Ժամը 11։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կրակոցներ են հնչել։

Ժամանել են Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները։ Ժամանել է նաև Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ։ Պատուհաններից մեկի վրա հայտնաբերել են մինչեւ 10 կրակոցի հետք, այժմ փնտրում են ատրճանակն ու կրակողին։

Կրթահամալիրի հիմնադիր տնօրենը, հիշեցնենք, Աշոտ Բլեյանն է, սակայն մի քանի տարի առաջ տարիքի լրանալու կապակցությամբ, նա հեռացել է տնօրենի պաշտոնից։ Այժմ տնօրենը Սուսան Մարկոսյանն է։ Նա «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ կրակոցի ձայներ որևէ մեկը չի լսել, կրակոցը հավանաբար եղել է գիշերը, երբ դպրոցում մարդ չի եղել, ով և ինչու է կրակել, Մարկոսյանն անգամ պատկերացում չունի. 

«Չունենք թշնամիներ, չունենք կասկածյալներ: Մանկավարժներից մեկը պարզապես առավոտյան պարապմունքներից առաջ հայտնաբերել է լուսամուտի վրա կրակոցից առաջացած անցք: Այդ պատճառով ոստիկանություն ենք դիմել»,- նշեց նա:

Հարցին, թե դպրոցում չկա՞ անվտանգության աշխատակից, Սուսան Մարկոսյանն ասաց. «Դպրոցն անվտանգ է, երբ է եղել դեպքը՝ մենք չգիտենք, առավոտյան է պարզվել, որ եղել է կրակոցը, սակայն դա չի նշանակում որ կրակոցը եղել է առավոտյան: Դպրոցն անվտանգ է, նման խնդիր մենք չունենք»- ասաց Մարկոսյանը: