Հուսամ, որ Նիկոլ Փաշինյանի և Զոհրապ Մնացականյանի խելքն այդքան հասնում է․ Արմեն Աշոտյան

Հուսամ, որ Նիկոլ Փաշինյանի և Զոհրապ Մնացականյանի խելքն այդքան հասնում է․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Բրատիսլավային ընդառաջ

ՌԴ արտգործնախարար Ս. Լավրովի այցը Բաքու հատկանշական էր վաղը Բրատիսլավայում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից առաջ:

Դեռ երեկ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ Ալիևը կրկին խաղարկեց Փաշինյանի “Արցախը Հայաստան է” արտահայտությունը և Լավրովից ստացավ ընդհանուր համաձայնություն իր բացասական գնահատականի առնչությամբ:

Այսօր Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների համատեղ ասուլիսն էլ ավելի խոսուն էր: Ադրբեջանական կողմը կրկին իր ամպլուայի մեջ էր. “поэтапный подход”, “субстантивные переговоры”, “возвращение беженцев и переселенцев”, “урегулирование должно привести к процветанию” և Արցախի հարցին վերաբերող նեյրոլինգվիստիկ ծրագրավորման այլ հնարքներ և մանտրաներ:

Ուշագրավ են նաև արտգործնախարարների մեկնաբանությունները Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության մասին, որով նա կոչ էր անում ՀԱՊԿ երկրներին դադարել զենք վաճառել Ադրբեջանին: Լավրովի կարծիքից պարզ դարձավ, որ այդ համագործակցությունը շարունակվելու է, իսկ Մամեդյարով ակնարակեց նոր ռազմատեխնիկական գործարքների մասին:

Սակայն մամլո ասուլիսը մեխը կարծեք թե այլ էր՝ հավասարության նշան դնել Արցախի իշխանությունների և Արցախի “ադրբեջանական համայնքի” միջև, ինչին ի պատասխան ռուսական կողմը ընդհանրական բնութագիր տվեց, որ “համայնքների միջև շփումները պետք է վերականգնվեն, իսկ Ղարաբաղի ապագան որոշելու է ԼՂ ողջ բնակչությունը”:

Աչքիցս չվրիպեց նաեւ Մամեդյարովի ակնարկը հնարավոր խաղաղապահ կոնտինգենտի մասին...

Ասուլիսին ազդարավեց նաև, որ վաղը Բրատիսլավայի հանդիպումից հետո չի բացառվում հնգակողմ (Հայաստան, Ադրբեջան և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ) համատեղ հայտարարության ընդունում: Հիշեցնեմ, որ նախորդ տարվա նմանատիպ հայտարարությունը Միլանում հայկական դիվանագիտության համար բավականաին անհաջող էր, քանզի պարզ չէր, թե որն է Արցախի հարցի «արդար» կարգավորման հիմքերը: Տարակուսելի էր ոչ միայն հայկական կողմի ստորագրությունը, այլև հրճվանքը այդ փաստաթղթով:

Տեսանելի է, որ պաշտոնական Մոսկվան հակամարտության կարգավորման տվյալ փուլում ստանձնել է առաջին ջութակի դերը, պարբերաբար շեշտելով, որ այդ դերակատարության համար ունի եվ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի կարգավիճակ, և առանձին եռակողմ կապեր Հայաստանի ու Ադրբեջանի հետ: Վերջին շրջանում մերձբանակցային բառապաշարում տեղ են գտնում ձևակերպումներ, մտքեր և մոտեցումներ, որոնք, մեղմ ասած, տարակուսանք, իսկ եթե ավելի անկեղծ՝ անհանգստություն են առաջացնում գործընթացի ներկա փուլում հայկական դիրքերի և դիրքորոշումների շահեկանության հարցում:

Ամփոփելով, շեշտեմ, որ Հայաստանում իշխանափոխությունից հետո Արցախյան բանակցություններում շատ են սկսել խոսել փախստականների վերադարձի, շրջանների հետհանձման, միջմարդկային շփումների և փոխայցելությունների կարևորության մասին:

Ուզում եմ կրկին ու հստակ ընդգծել. առանց Արցախի վերջնական կարգավիճակի հստակեցման իրավական ամուր երաշխավորված հիմքերի որևէ շրջանակային համաձայնություն կործանարար կլինի Հայաստանի և Արցախի համար, և ձեռք բերվել չի կարող: Հուսամ, որ Նիկոլ Փաշինյանի և Զոհրապ Մնացականյանի խելքն այդքան հասնում է»: