Որքա՞ն պետք է նստեն նախկին ղեկավարները

Որքա՞ն պետք է նստեն նախկին ղեկավարները
Ռոբերտ Քոչարյան

Հարց տվողը «Առավոտի» գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն է: Ինքն էլ, նալին ու մեխին տալով, երկար-բարակ մի ընդարձակ առաջնորդող է գրել, որտեղ հատուկ սեւեռվել է Ռոբերտ Քոչարյանի վրա: Աբրահամյանը մի կողմից համամիտ չէ Քոչարյանին մեղսագրվող մեղադրանքներին, իսկ մյուս կողմից համարում է, որ Քոչարյանը պետք է նստի, որովհետեւ նրա հանդեպ կա հանրային դժգոհություն: «Ինձ թվում է, երկրորդ նախագահը բառիս ուղիղ իմաստով կաշառք չի վերցրել ո՛չ Սիլվա Համբարձումյանից, ո՛չ էլ ուրիշ որեւէ մեկից, բայց սկզբից Արցախում, իսկ այնուհետեւ Հայաստանում օգտագործել է իր իշխանական լծակները՝ սեփական հարստությունը դիզելու համար: Քոչարյանը պատասխանատու է «մարտի 1-ի» զոհերի համար, բայց արդյո՞ք դա «սահմանադրական կարգի տապալում» էր: Մի խոսքով, նրա մեղքն ապացուցելու համար ՀՔԾ-ն պետք է մի քիչ ավելի շատ «տանջվեր», ինչը, իմ տպավորությամբ, չի արել»,- գրում է Աբրահամյանը: 

Ինչո՞վ է այս միտքը հետաքրքիր: Քոչարյանին այսօր մեղադրում են հենց Սիլվա Համբարձումյանից կաշառք ստանալու եւ սահմանադրական կարգը տապալելու մեջ, իսկ Արամ Աբրահամյանը, կասկածելով այդ մեղադրանքներին, մտքով էլ չի անցկացնում, որ տեղի ունեցողը, հնարավոր է, քաղաքական հետապնդում է նախկին նախագահի նկատմամբ: Փոխարենը Աբրահամյանը «վստահ է», որ Քոչարյանը, այնուամենայնիվ, հանցագործ է եւ մի բանի համար պետք է նստի, մանավանդ որ, նստելու մեջ արտասովոր ոչինչ չկա, եւ աշխարհի շատ երկրներում են ղեկավարների նստեցրել: Մենք համաձայն չենք այս մոտեցմանը, եթե չասենք, որ նման մոտեցումը հարիր չէ մի մարդու, որ ի թիվս այլ զբաղվածությունների, նաեւ հասարակական կարծիք է ձեւավորում:

Եվ ուրեմն՝ որքա՞ն պետք է «նստեն» նախկին ղեկավարները: Ղեկավարի երկար նստելը պատիվ չի բերում տվյալ երկրին՝ կարծում է Արամ Աբրահամյանը, որովհետեւ հակառակորդները կասեն՝ նախորդ տասնամյակում, փաստորեն, մենք գործ ենք ունեցել հանցագործ ղեկավարի հետ: Սա, արդյոք, նախկին ղեկավարի պատժաժամկետի չափանի՞շ է: Իհարկե ոչ: Եթե խնդիրն օրենքի առջեւ հավասարությունն է, ապա նախկին ղեկավարն այդ տեսանկյունից որեւէ առավելություն չպետք է ունենա հասարակ քաղաքացու նկատմամբ: Այնպես որ, չարժե մտահոգվել՝ ղեկավարը մե՞կ տարի կնստի, թե՞ հինգ: Իսկ եթե առաջնորդվենք նաեւ ժողովրդավարության չափանիշներով, ապա էական դեր չպետք է խաղա նույնիսկ ղեկավարի կարգավիճակը՝ նախկի՞ն է նա, թե՞ գործող: Փաշինյանը հասցրել է մեկ տարվա ընթացքում մի քանի անգամ ոտնահարել սահմանադրությունը, մեղանչել շատ օրենքների դեմ, պետական ապարատը լցրել կասկածելի մարդկանցով: Ոչ ոք չի բողոքում, ամեն ինչ լավ է, իսկ Փաշինյանն էլ՝ այնքան ազնիվ, որ դատի է տալիս իր քեռու տղային եւ Դավիթ Սանասարյանին: Ուրեմն կեցցե՞ Փաշինյանը:
Ղեկավարների պարագայում, մանավանդ՝ նախկին, մեր կարծիքով, առաջին հերթին կարեւորվում են բոլորովին այլ հարցեր, քան պատժաժամկետն է կամ նույնիսկ բուն մեղադրանքը, որը կարող է եւ շինծու լինել: Արամ Աբրահամյանի մտքով չի էլ անցնում, որ, դիցուք, Քոչարյանի գործի հետեւում կարող են քաղաքական դրդապատճառներ լինել: Ես, օրինակ, այլ կերպ եմ մտածում: Եթե եկել է ժամանակը, որ պետք է դատվեն սահմանադրական կարգ տապալողները, ապա Քոչարյանը ոչ թե առաջինը, այլ երկրորդը պետք է կալանավորվեր, Լեւոն Տեր-Պետրոսյանից հետո, որովհետեւ նախ եղել է 1996 թվականը, ապա՝ 2008-ը: Իսկ ինչո՞ւ է Լեւոն Տեր-Պետրոսյանն ազատության մեջ: Մի՞թե միայն այն պատճառով, որ 96-ին զոհեր չեղան: Բայց չէ՞ որ 2008-ին հրապարակում նույն Լեւոն Տեր-Պետրոսյանն էր, որն արդեն մեկ անգամ սահմանադրական կարգ էր տապալել՝ իշխանությունը խլելով մրցակից թեկնածուից: Կարելի է նաեւ զոհերի հարցը քննել, հասկանալ, թե ինչու զոհվեցին այդ մարդիկ եւ կզոհվեի՞ն, արդյոք, եթե նրանց չառաջնորդեին Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Նիկոլ Փաշինյանը, Լեւոն Զուրաբյանը եւ մյուսները: Աբրահամյանը, շրջանցելով կամ մոռանալով Լեւոն Տեր-Պետրոսյանին, աճապարում է մեջտեղ բերել Քոչարյանի հանդեպ հասարակության մերժողական վերաբերմունքը: Կարելի է մտածել՝ այդ նույն հասարակությունը Լեւոն Տեր-Պետրոսյանին կամ Սերժ Սարգսյանին ավելի է սիրում, քան Քոչարյանին: Այսօր Փաշինյանը համակիրներ ունի, վաղը կարող են չլինել: Հետո՞, պետք է ասենք՝ ժողովուրդը չի սիրում, ուրեմն նա հանցագործ է եւ պետք է նստի՞:

Հարցը մասնավորեցնենք՝ որքա՞ն պետք է նստի Ռոբերտ Քոչարյանը: Արամ Աբրահամյանն այս կապակցությամբ գրում է. «Թե ինչպիսին կլինի Քոչարյանի գործով դատավճիռը, ոչ ոք, կարծում եմ, չի կասկածում` նա ազատազրկվելու է երկար տարիներով, եւ այնպես չէ, որ նա արժանի չէ նման պատժի»: Սխալվում է պարոն Աբրահամյանը, որովհետեւ արդարադատությունն այդպես, այսինքն՝ «քամակի կողմից» չի իրականացվում: Նախ պետք է ապացուցել մեղքը եւ հետո միայն գրել, որ նա հանցագործ է: Ով ինչ է մտածում, ինչպես է հաշվում, ոչ մի նշանակություն չունի, մանավանդ որ ՀՔԾ-ն խայտառակ թափթփվածություն է հանդես բերել Քոչարյանի գործով՝ չկարողանալով հանրությանը գեթ մեկ ապացույց ներկայացնել նրա հանցավոր գործունեության մասին: Փոխարենը գաղտնիք չէ, որ մեղադրանքը՝ «սահմանադրական կարգի տապալում» ձեւակերպմամբ, առաջինը ողջունել է հենց Լեւոն Տեր-Պետրոսյանը: Իսկ ինչո՞ւ միանգամից Մարտի 1-ի 10 զոհերի հարցով մեղադրանք չառաջադրեցին Քոչարյանին: Չունեի՞ն բավարար ապացույցներ: Իսկ նրան առաջադրված մեղադրանքներից որեւէ մեկի մասով, առհասարակ, կա՞ն բավարար ապացույցներ: Չգիտենք: Փոխարենը ականատես ենք եղել, որ քանիցս մերժել են Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու դիմումները: Իսկ ինչո՞ւ են մերժում, եթե մարդն իր կամքով ներկայացել է իր երկրի իրավապահներին եւ կանգնել դատարանի առաջ: Նորմալ երկրներում, պարոն Աբրահամյան, երեւի, այլ կերպ կվարվեին եւ թշնամուն չէին ծիծաղեցնի իրենց վրա: Բայց սա Հայաստանն է, որտեղ իշխում է քաղաքական հիշաչարությունն ու անհանդուրժողականությունը: Հարցնում եք՝ որքա՞ն պետք է նստի Ռոբերտ Քոչարյանը:

Կարծում եմ՝ պարզ է, որ նա կնստի այնքան ժամանակ, քանի դեռ նրա նկատմամբ չի դադարեցվի քաղաքական հետապնդումը: Իսկ իրականում՝ այս գործով հիմա այնպիսի վիճակ է, որ «կա՛մ էշն է սատկելու, կա՛մ իշատերը»: Նահանջի ճանապարհ չկա, իշխանությունները չեն թողել: