Արմեն Գեւորգյանը կկալանավորվի՞. նա դատարանում հանդես է եկել հայտարարությամբ

Արմեն Գեւորգյանը կկալանավորվի՞. նա դատարանում հանդես է եկել հայտարարությամբ

«Արմեն Գեւորգյանի նկատմամբ կալանքի միջնորդության քննությունն ավարտվեց, որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 16։00-ին» ։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Գեւորգյանի շահերի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

 

Նա նշեց, որ Արմեն Գեւորգյանը հայտարարությամբ է հանդես եկել դատական նիստի ժամանակ, որի բովանդակությունն այժմ չի կարող ամբողջությամբ վերարտադրել։

 

Էրիկ Ալեքսանյանը նաեւ նշեց՝ կախված դատական ակտից կայացումից, եթե քննիչի կողմից բերված միջնորդությունը մերժվի, ապա Գեւորգյանը հայտարարությամբ հանդես կգա եւ բոլոր պարզաբանումները կտա։

 

Նրա խոսքով՝ իրենք իրենց առարկությունները թե՛ գրավոր, թե՛ բանավոր ներկայացրել են․ «Մեր առարկությունները ներկայացրել ենք թե՛ բանավոր, թե՛ գլխավոր։ Չանդրադառնալով կոնկրետ փաստական հանգամանքներին՝ մենք վիճարկել ենք վարույթն իրականցնող մարմնի կողմից վկայակոչված կալանավորման պայման հիմնավոր կասկածը՝ նշելով, որ հիմնավոր կասկածը, այսինքն՝ Արմեն Գեւորգյանի առնչությունն իրեն մեղսագրվող հանցագործություններին, ուղղակի բացակայում են։ Անդրադարձել ենք նաեւ կալանավորման հիմքերին, որոնց թվում մտնում է նաեւ թաքնվելը,խոչընդոտելը, բոլոր այդ հիմքերը, մենք ներկայացրինք համապատասխան փաստարկներ, ինչպես նաեւ ապացույցներ, որոնք ոչ միայն վարույթն իրականացնող մարմինը չի ներկայացրել, որ դրանք առկա են, այլ նաեւ հակառակը՝ գործում առկա փաստական տվյալները վկայում են հակառակի մասին, որ մնալով ազատության մեջ նա կդրսեւորի պատճաշ եւ օրինակելի վարքագիծ։ Մենք ապացուցում էինք, որ Արմեն Գեւորգյանն որեւէ առնչություն չունի իրեն մեղսագրվող արարքներին»։

 

Պաշտպանի խոսքով՝ իրենք նաեւ գրավի միջնորդություն են ներկայացրել՝ գումարի չափը թողնելով դատարանի հայեցողությանը. «Գրավի միջնորդություն ներկայացրել ենք, եթե դատարանը, այնուամենայնիվ, գտնի պայմանները, որ հիմքերն առկա են կալանավորման համար, ապա խնդրել ենք կալանավորման այլընտրանքային խափանամ միջոց՝ գրավի կիրառումը, չափ չենք նշել, թողել ենք դատարանի հայեցողությանը»։

 

Հիշեցնենք, որ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ մի քանի հոդվածներով: Մասնավորապես՝ նա մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից առանձապես խոշոր չափերի կաշառք ստանալը), ՀՀ ՔՕ 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) ՀՀ ՔՕ 38-300.1 հոդվածի 1-ին մասով (սահմանադրական կարգի տապալմանը օժանդակելը): Նշենք, որ մեղադրանքը կրկին առնչվում է Մարտի 1-ի գործի հետ: Արմեն Գեւորգյանին ավելի վաղ մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործով արդարադատության կայացմանը խոչընդոտելու համար: Նախաքննական մարմինը նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը: