Գյումրեցիները նոր տոնածառ չեն ուզում, ոչ էլ՝ Երևանի հինը

Գյումրեցիները նոր տոնածառ չեն ուզում, ոչ էլ՝ Երևանի հինը

Գյումրու Վարդանանց հրապարակում մի քանի օրից վերջնականապես պատրաստ կլինի ամանօրյա գլխավոր տոնածառը:Կաղապարն ու ճյուղերի մի մասն արդեն տեղադրված է: Տոնածառը 28 մետր է, ինչպես նախորդ տարիներին, ճյուղերը բերվել են Լոռվա անտառներից: Գյումրիում սովորաբար գլխավոր տոնածառը տեղադրվում է դեկտեմբերի 7-ից հետո: Պատասխանատուները վստահեցնում են, որ այս տարի զարդն ու զարդարանքը տարբերվելու է: Անցյալ տարի քաղաքը զարդարելու նպատակով համայնքի բյուջեից ծախսվեց 2.5մլն դրամ, այս տարի գումարը 500 հզր դրամով ավելացել է, քանի որ վերանորոգված փողոցները լրացուցիչ լուսավորության, զարդ ու զարդարանքի կարիք ունեն: Ինչևէ, գյումրեցիները դեմ չեն նոր զարդարանքով տոնածառ ունենալուն, բայց, ինչպես պարզվեց, շատերն են դեմ նոր տոնածառին: «Մեր տոնածառը շատ շքեղ է, շատ սիրուն: Հիմա Երևանում 71մլն դրամանոց տոնածառ են դրել, բայց մեկ է մերին չի հասնի»,-ասաց գյումրեցի մի երիտասարդ՝ անտեղի համարելով այդքան գումարով տոնածառ գնելը: «Մենք նոր բնակարան տեղափոխվեցինք, բայց մեր հին տոնածառը մեզ հետ վերցրեցինք: Այս տարի հենց դա էլ զարդարելու ենք նոր բնակարանում, այնպես որ Նոր Հայաստանի սկիզբը նոր տոնածառը չէ, դա անհեթեթ արդարացում է ու կարգախոս»,-մեզ հետ զրույցում ասաց անցորդ կանանցից մեկը՝ նշելով, որ Գյումրու գլխավոր տոնածառը Հանրապետության երկրորդ քաղաքին համահունչ է. բարձր է, գեղեցիկ: Գյումրեցիներից հետաքրքրվեցինք նաև համացանցում  հնչած կարծիքների մասին: Դրանցից մեկն էլ այսպիսին էր. «Երևանի հին տոնածառը տվեք մեզ»: «Մեզ պետք չէ, մերն ավելի լավն է»,-միանգամից վրա բերեցին մի խումբ երիտասարդներ՝ նկատելով, որ Երևանի նոր տոնածառը տեսքով նման է Գյումրու տոնածառին: