Գրագետ ու կրթված հայաստանցու ցանկությամբ

Գրագետ ու կրթված հայաստանցու ցանկությամբ

Հայաստան պետության ձևավորմանը համընթաց մշակվում էին առանձին ոլորտների զարգացման ծրագրեր: Այնուհետև դրանք կյանքի էին կոչվում՝ կիսառ-պռատ կամ ամբողջապես, տալիս էին արդյունք կամ մնում էին թղթի վրա: Սակայն պաշտոնապես չկազմվեց պետության զարգացման ռազմավարությունը, ինչը հետո կվերածվեր օրենքի՝ իրականացման համար պարտադիր պահանջով: Դա թույլ կտար, որպեսզի ռազմավարությունում ներառվեին պետության կենսագործունեության բոլոր բնագավառները: Եվ յուրաքանչյուր ընտրված կամ նշանակված ղեկավար իմանար, թե ինչ պետք է անել, ինչպես պետք է անել և ինչ ժամկետներում: Այն, ինչ արևմտյան միջին մակարդակի ընկերության առումով սովորական երևույթ է դարձել վաղուց: Դա չարվեց, և արդյունքում ունեցանք սխալներ, բացթողումներ, ապօրինություններ, որոնք էլ պայմանավորեցին 2018-ի իշխանափոխությունը ու 2020 թվականի պատերազմում մեր պարտությունը:

Բանի տեղ չդրված և նույնիսկ կասեի՝ արհամարհված, երևույթներից էր, օրինակ, հայրենասիրությունը, ավելի ճիշտ՝ հայրենասիրական դաստիարակությունը: Պետականորեն չընկալվեց դրա անհրաժեշտությունը, չկազմվեց դրա զարգացման հայեցակարգն ու ռազմավարությունը՝ թողնվելով ինքնահոսի: Իսկ 2018-ի  իշխանափոխությունից հետո ընդհանրապես փորձ կատարվեց այդ երևույթը դուրս գցել հանրակրթության ոլորտից: Բերեմ մի պարզ օրինակ. տարիներ շարունակ առաջարկել եմ դպրոցի ավարտական դասն անցկացնել մայիսի 28-ին՝ նվիրելով այդ օրվա խորհրդին: Դաս «վարելու» համար կհրավիրվեին Արցախյան առաջին, հաղթական պատերազմի հերոսները՝ ներկայացնելով դրվագներ՝ իրենց մասնակցությամբ պատերազմական օրերից: Դա կփոխարիներ այդ օրն անցկացվող՝ ուսուցիչների նկատմամբ կեղծ դիֆերամբներով հագեցած դպրոցական հանդեսներին: Սակայն կատարվեց հակառակը. քանի գնաց, այնքան ավարտական դասի օրը հեռացվեց ամսի 28-ից: 

Առաջարկի իմաստը ոչ միայն օրվա խորհրդը հանրայնացնելու մեջ էր, այլև այն ծառայելու էր հայ ժողովրդի՝ որպես հավաքական ամբողջության, կազմավորման նպատակին: Արդյունքում կունենայինք միասնական արժեհամակարգով առաջնորդվող հայություն և ոչ թե հայաստանահայ կամ արցախահայ, ապարանցի կամ գյումրեցի, լոռեցի կամ սյունեցի (և այլն) բաժանումները: Եվ եթե ներհայաստանյան բաժանումներն այնքան էլ վտանգավոր չեն կամ որպես այդպիսին չեն դիտարկվում՝ գոնե առայժմ, ապա «հայաստանահայ կամ արցախահայ» բաժանումն արդեն հասել է վտանգավոր մակարդակի: Եվ այն էլ կատարվել է գործող իշխանության բացահայտ կամ թաքնված հովանավորության պայմաններում: Իսկ եթե ժամանակին գիտակցվեր այդ վտանգը, և դրա դեմն առնվեր օրենսդրական մակարդակում (այն, ինչ պատերազմից հետո առաջարկում են «ադեկվադները»), ապա նման հարց այսօր գոյություն չէր ունենա:

Ժամանակին ինչ-որ տեղ կարդացել եմ, որ թուրքական դպրոցների տարրական դասարաններում առավոտյան դասապրոցեսը սկսվում է «Ես հպարտ եմ, որ թուրք եմ» նախադասության արտասանությամբ: Չգիտեմ, թե որքանով է այն իրական, սակայն վատ չէր լինի, եթե դրա նման ինչ-որ բան նախաձեռնվեր նաև մեզանում: Գործող իշխանության պայմաններում ասվածը նմանվում է ձեռառնոցիի, սակայն չեմ կարծում, թե Նիկոլի վարչապետությունը շարունակվելու է անվերջ, իսկ նրանից հետո երևույթը կդադարի նման պրիզմայով ընկալվելուց: Հույս ունենանք, որ մի գեղեցիկ օր մեզ կհաջողվի նրան հեռացնել իշխանությունից, և վերակառուցել մեր պետությունն այնպես, ինչպես կուզենար այն տեսնել գրագետ ու կրթված հայաստանցին: