«Հրապարակ». ԵՄ գրասենյակը չի մասնակցում այդ գործընթացին

«Հրապարակ». ԵՄ գրասենյակը չի մասնակցում այդ գործընթացին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը մոտ 1 տարի է՝ մամուլի հետ կապված օրենսդրությունը փոխելու, նոր օրենքներ ընդունելու ծրագրեր է մշակում, որպեսզի օրենսդրորեն կարողանա զսպաշապիկ հագցնել լրատվամիջոցներին եւ իշխանություններին ուղղված քննադատությունները սահմանափակել։ «Իմ քայլի»՝ ԶԼՄ-ներին վերաբերող օրենսդրական փոփոխությունները մշակող պատգամավորները, մեր տեղեկություններով, պարբերաբար խորհրդարանում հայտարարում են, որ այդ՝ եվրոպական ստանդարտների տեսանկյունից անընդունելի փոփոխություններին եվրոպական կառույցները դեմ չեն լինի։ Մասնավորապես, վկայակոչում են ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին, որը հայտնի է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հատուկ ջերմ վերաբերմունքով։

ԱԺ իմքայլական պատգամավորները հայտարարում են, որ տիկին Վիկտորինը հետեւում է մամուլի օրենսդրության փոփոխությունների փաթեթի մշակմանը եւ դրական է արտահայտվում իրենց առաջարկների կապակցությամբ։ Անցած շաբաթ մի խումբ ԶԼՄ-ների ղեկավարներ հանդիպում ունեցան Եվրամիության պատվիրակության ղեկավարի մամուլի գծով տեղակալ Եկատերինա Դորոդնովայի հետ եւ նրան հարց ուղղեցին՝ արդյոք իրենք մասնակցո՞ւմ են օրենսդրական փոփոխությունների աշխատանքներին։ Վերջինս զարմացավ՝ լսելով, որ իրենց են վկայակոչում օրենսդիրները, եւ վստահեցրեց, որ ՀՀ իշխանություններն իրենց չեն դիմել մամուլի հետ կապված օրենսդրական մշակումների առնչությամբ, իրենք փորձագիտական կարծիք չեն հայտնել դրա հետ կապված, առավել եւս՝ հավանության չեն արժանացրել այդ փոփոխությունների ուղենիշները։