Դե արի ու մի ասա, այ ֆուտբոլային թյուրիմացություն… Հովհաննես Պողոսյան

Դե արի ու մի ասա, այ ֆուտբոլային թյուրիմացություն… Հովհաննես Պողոսյան

«Երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանը հյուրընկալել էր ՀՖՖ նախագահ, համենայն դեպս Պետրոսը նրան այդպես ներկայացրեց, Արմեն Մելիքբեկյանին։ Ընդհանուր առմամբ այնպիսի տպավորություն էր, որ կրկեսային ներկայացման ընդմիջմանը արենայում ելույթի հերթը աճպարարինը՝ համատեղության կարգով ծաղրածուինն էր»,- այս մասին մեզ ասաց ԽՍՀՄ ֆուտբոլի հավաքականի և Երևանի «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Հովհաննես Պողոսյանը:

Վերջինս ընդգծում է՝«Կրկին անգամ համոզվեցի, որ այս երևույթը, որն ըստ իս ֆուտբոլային վերամշակված թափոն է, ուղղակի հեգնում է հայ հասարակությանը։ Անսահման ցինիկության դրսևորումով լցված եթերն ուղղակի զզվելի էր։ Արտահայտված մտքերի հակասությունները աչքի էին զարնում։ Նշեմ դրանցից մի քանիսը. մի դեպքում ասվում է, որ մեր Մ19 հավաքականը ելույթ ունեցավ Մ19 Եվրոպայի առաջնության էլիտ ռաունդում, դա ներկայացվում է մեծ հաջողություն, հաշվի չառնելով էլիտ ռաունդում այդ հավաքականի կրած պարտությունները 0-4, 0-4, 0-4 հաշիվներով։ Մյուս դեպքում, երբ խոսքը վերաբերում է Մ21 հավաքականին, երբ ինքն էլ լավ գիտի, որ խոսքը գնում է ֆուտբոլային խայտառակության մասին, ներկայացնում է, որ Մ21 հավաքականի առջև դրված է առաջադրանք մատակարարել ազգային հավաքականը երիտասարդ կադրերով ու նշում է անուններ, որոնցից առնվազն մեկը՝ Ժիրայր Շաղոյանը, մեկ տարուց ավելի չի հրավիրվել ազգային հավաքական, իսկ ինչու Մ 21 հավաքականի կազմում իր խաղով փայլող ֆուտբոլիստը չի հրավիրվում ազգային հավաքական, դա արդեն այն հարցն է, որ պիտի ստանա պատասխան»։

«Մեծ կոմբինատոր Օստապ Բենդերի հոգեզավակը այնքան հեռու է ֆուտբոլից, որ չի հասկանում՝ ֆուտբոլում աշխատանքի գնահատականը արդյունքներով է տրվում։ Հաջորդ հակասությունը. կեղծ և մանիպուլիացիոն ձևով ներկայացվեց նաև Հենոյի անվան հետ կապված հարցը, իբր նա գործող ֆուտբոլիստ է և չի բացառվում, որ մի օր ցանկություն հայտնի հանդես գալ հավաքականում։ Դե արի ու մի ասա, այ ֆուտբոլային թյուրիմացություն, նույն տրամաբանությամբ պատկերացրու, որ Հենոն ցանկություն է հայտնում լինել ՀՖՖ նախագահ, որ փրկի հայկական ֆուտբոլը կործանումից ու հրաժարական տուր և ազատիր հայկական ֆուտբոլը քո պիղծ ու անբարո ներկայությունից։ Մի խոսքով ստով ու կեղծիքով, ցինիկ մանիպուլիացիաներով լցված եթերը տրամաբանորեն ծառայեց իր նպատակին՝ խորը հիասթափություն ու զզվանք առաջացրեց դիտողների մոտ, իսկ ով չի դիտել, ուղղակի նրա բախտը բերել է՝ չի նյարդայնացել։ Վերջում կուզենայի դիմել սեփական PR-ով զբաղվող այդ գովազդային գործակալին, համատեղության կարգով ՀՖՖ նախագահ կարգվածին, այսքանից հետո, ֆուտբոլի այս վիճակից ելնելով քո ելույթները կարող են լինել միայն հրաժարականի ելույթներ»,-ասաց Հովհաննես Պողոսյանը։