Ի՞նչ կարող է անել ընդդիմությունը 

Ի՞նչ կարող է անել ընդդիմությունը 

Խորհրդարանական պաշտոններից ընդդիմությանը զրկելը, ինչպես ասվում է, նիկոլական «ուսապարկերի» իրավունքն է: Հայաստանյան ընտրողը նրանց մեծամասնություն է կարգել Ազգային ժողովում, և նրանք էլ օգտվում են դրա ընձեռած հնարավորությունից: Փողոցային շարժման մարումն էլ նրանց ընձեռեց երկրորդ հնարավորությունը: Որքան էլ ասվի, որ շարժումը կանխեց ՀՀ վարչապետի պաշտոնին սոսնձված անձի հակահայաստանյան քայլերը, դրանք ամբողջությամբ չեն չեզոքացվել: Եվ շարժման դադարի պայմաններում նա կփորձի անել այն, ինչ չկարողացավ անել շարժման ակտիվության պատճառով: Հատկապես որ ունի սեփական «ուսապարկերի», կիսագրագետ նիկոլապաշտ զանգվածի և արտաքին աշխարհի աջակցությունը:

Իսկ ի՞նչ կարող է անել այդ պարագայում ընդդիմությունը: Մեկ քայլն արդեն արվեց. բացառությամբ Թագուհի Թովմասյանից՝ մնացած բոլորը հրաժարվեցին ԱԺ հանձնաժողովների նախագահների և փոխնախագահների պաշտոններից: Քաղաքական լինելուց բացի դա նաև բարոյական քայլ էր, ինչն ամբողջությամբ տեղավորվում է այսօրվա ընդդիմության կերպարում: Ուրիշ հարց, որ Փաշինյան Նիկոլի համար դա եղած-չեղած՝ մեկ է: Բնականաբար, նաև նրա մանկլավիկ «ուսապարկերի» ու նիկոլապաշտ զանգվածի համար: Ինչը նշանակում է, որ այսօրվա Հայաստանում բարոյականությունն անելիք չունի: Ըստ այդմ, այդ հրաժարականները բավարար չեն Փաշինյան Նիկոլին ՀՀ վարչապետի պաշտոնից հեռացնելու համար: Եվ ոչ էլ Արցախի ու Հայաստանի վրա կախված սպառնալիքները չեզոքացնելու համար: Որոնց իրականացումը որոշ չափով հետաձգվեց ընդդիմության փողոցային երթերի շնորհիվ, բայց միայն այդքանը:

Իրադրության հանդարտվելով՝ դրանք նորից կակտիվանան, և հաջորդ փուլում բողոքի ակցիաները կարող են այլևս բավարար չլինել դրանց խոչընդոտելու առումով: 
Արդյունքում մնում է ընդդիմադիր խմբակցությունների միահամուռ (ենթադրաբար երկու երեք անձի բացառությամբ) հրաժարումը մանդատներից: Մեկ տարին ցույց տվեց, որ բողոքի ակցիաներին մանդատավոր լինելը որոշակի անձեռնմխելություն ապահովելուց բացի այլ օգուտ չի տալիս: Ակցիաներից հետո ընդդիմադիր պատգամավորները դիմում են արևմտյան երկների կամ միջազգային կառույցների հայաստանյահն ներկայացուցչություններ: Եվ նրանք ստիպված պատասխան են տալիս, բայց այդ պատասխանն էլ որևէ արժեք չունի: Ինչ մնում է խորհրդարանի միջոցով Փաշինյան Նիկոլին հեռացնելուն, ապա դրա համար անհրաժեշտ չէ ընդդիմության ներկայությունն այնտեղ: Բայց մանդատներից հրաժարումն էլ չպետք է ինքնանպատակ լինի: Նախքան դրան անցնելը պետք է մշակվի բողոքի կոշտ ակցիաների ծրագիր ու ապահովվի դրա կյանքի կոչելը: Նպատակն էլ պետք է լինի միակը՝ Նիկոլի հեռացումը պաշտոնից: Այլապես իմաստ չի ունենա նաև մանդատներից հրաժարվելը, և կստացվի «Էշին նստելը մի այիբ ա, էշից իջնելը՝ երկու» ասացվածքին համապատասխան իրադրություն: Ինչը նշանակում է, որ, նախ, պետք է ապահովվի ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորական ցուցակների ամբողջական հրաժարումը, և ապա, ամբողջությամբ կյանքի կոչվի բողոքի ակցիաներով Նիկոլին հրաժարվել պարտադրելու նպատակը: 

Մնացած քայլերը կիսաքայլեր են, որոնք գլխավոր նպատակին չեն ծառայում: Անձնական օրինակից գիտեմ, որ ոմանց համար ծանր կլինի գործազուրկի կարգավիճակում հայտնվելը, բայց այլ տարբերակ չեմ տեսնում: Ինչ մնում է ծեծվելուն և ազատազրկվելուն՝ ասեմ, որ անզեն ժողովրդի բողոքի ակցիաներով բռնապետությունից ազատվելու այլ միջանկյալ հետևանքներ դեռևս հայտնի չեն: