Այս պահին ՀՀ քաղաքացիություն ստանալու 36 հազար դիմում ունենք

Այս պահին ՀՀ քաղաքացիություն ստանալու 36 հազար դիմում ունենք

Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության աշխատանքից քաղաքացիների դժգոհություններն աճում են։

Կառույցն ամիսներ առաջ տարանջատվել է ոստիկանությունից, դարձել քաղաքացիական ծառայություն, ինչից պետք է քաղաքացիների սպասարկումը բարելավվեր։ Սակայն իրավիճակը ոչ թե բարելավվել, այլ անտանելի է դարձել։ Մարդիկ շաբաթներով սպասում են իրենց հերթին, որ դիմում գրեն, հետո եւս մի քանի շաբաթ սպասում են պատասխանին։ Ո՞րն է այս վիճակի պատճառը, եւ ի՞նչ լուծումներ կան։ Հարցերն ուղղել ենք Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետի տեղակալ, նախկին խոսնակ Նելլի Դավթյանին։

 - Վերջին շրջանում վիզաների եւ քաղաքացիության ծառայությունից բողոքներն ավելացել են, ո՞րն է պատճառը։ 

- Ձեր նշած խնդիրներին կարող եմ մի քանիսն էլ ես ավելացնել։ Այս պահին սրվել են այդի քարտեր տրամադրելու պայմանները։ Այդի քարտ ունենալու ցանկությունն ավելացել է մի քանի պատճառներից ելնելով, օրինակ, հանրային ծառայություն իրականացնողների պարագայում, ովքեր մինչեւ մայիսի 1-ը պետք է հայտարարագիր լրացնեն, որի համար պահանջվում է նույնականացման քարտ։ Այդի քարտ ունենալու պահանջարկն ավելացել է նաեւ քաղաքացիական դատավարության համակարգի էլեկտրոնային հարթակ դառնալու ՀՀ կառավարության պահանջի արդյունքում, երբ դատավորները եւ փաստաբանները պետք է ունենան այդի քարտ, որ կարողանան հարթակում գործունեություն իրականացնել։ Մյուսը․ առողջապահության նախարարության նախաձեռնության արդյունքում է ավելացել այդի քարտեր ունենալու պահանջարկը՝ դեղատոմսերը պետք է գեներացվեն էլեկտրոնային հարթակում, որը ենթադրում է, որ դեղատան աշխատակիցը եւ մի շարք բուժաշխատակիցներ պետք է ունենան նույնականացման քարտ։ Այս օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված, նույնականացման քարտի պահանջարկը կտրուկ աճել է, եւ սեղմ ժամկետներում ֆիզիկապես հնարավոր չէ բավարարել այս պահանջարկը։ Այս կտրուկ պահանջարկին ավելանում է համակարգի հին լինելը։ Այսինքն՝ սարքավորումը, որը տպագրում է նույնականացման քարտ, խափանումներով է աշխատում։ Այն ծրագիրը, որը պատասխանատու է այս քարտերի թողարկման համար, եւս խափանումներով է աշխատում։ Երեւանում նույնականացման քարտերի տրամադրումն իրականացվում է 3 տեղով, մարզերում մեծամասամբ աշխատում են, բայց, օրինակ, Գեղարքունիքի մարզում վերջին օրերին եղել են խափանումներ։ Մենք սպասարկում ենք նաեւ դիմումների, դրանց փոխանակման, անձնագրերի տրամադրման, հաշվառման, հաշվառումից հանելու դիմումները, հանրային համարանիշ կամ դրա վերաբերյալ տեղեկանքի հաշվառում։ 2022-ին՝ կառավարության որոշմամբ, 8 ամիս շարունակ, բնակչությանը տրամադրել են անձնագրեր, 2 տարի ժամկետով՝ 10 տարվա փոխարեն, բոլոր նրանց, ովքեր չունեն նույնականացման քարտեր, իսկ այդ անձանց թիվը կազմում է 88 հազար, որոնց անձնագրերի ժամկետներն արդեն լրանում են։ Նաեւ սա է պատճառը, որ համակարգը ծանրաբեռնվել է։ Ծանրաբեռնվածությունը գալիս է նաեւ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր հաշվառում տալու համար, որը դեռ չենք ավարտել։ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներից 80 հազարը ստացել է ժամանակավոր կացության կարգավիճակ, սակայն շարունակվում է երկրորդային շարժը, այսինքն՝ տեղահանվածների մեծ մասը տեղակայված է ժամանակավոր կացարաններում, հաճախ են փոխում բնակության վայրը, եւ առաջանում է նոր հասցե ստանալու անհրաժեշտություն, ինչը եւս ծանրաբեռնում է համակարգը։ Այսօր կա նոր համակարգ ստեղծելու անհրաժեշտություն, ինչը ժամանակ է ենթադրում, եւ, մյուս կողմից էլ, ունենք շարունակաբար ավելացող պահանջարկ։ 

- Քաղաքացիները նշում են, որ ժամանակին ավելի հեշտ էր կառույցին դիմելը՝ չկար էլեկտրոնային հերթագրման պահանջ, որը ենթադրում է մի քանի շաբաթից մինչեւ ամիսներ տեւող գործընթաց։ Չի՞ դիտարկվում նախկին ձեւին վերադառնալու հարցը, մինչեւ լիարժեք փոխվի համակարգը։ 

- Իմ թվարկած հանգամանքների պայմաններում անհնար է։ Այս պահին ՀՀ քաղաքացիություն ստանալու 36 հազար դիմում ունենք, հնարավոր չէ կենդանի հերթով սպասարկում իրականացնել։ Անձնագրային գրասենյակում աշխատող մեկ օպերատորը 1 օրվա ընթացքում ի վիճակի է իրականացնել 30 անձի սպասարկում։ Մեր ամենափոքր անձնագրային գրասենյակում աշխատում է 4 հոգի, ամենամեծում՝ 15։ 

- Դեպքեր կան, երբ քաղաքացիները ձեր գրասենյակներում տեսնում են, որ սպասարկման պատուհաններում աշխատակիցներ չկան՝ աշխատողների պակա՞ս ունեք։ 

- Կան դեպքեր, երբ աշխատակիցը սպասում է նախապես հերթագրված քաղաքացուն, եւ շատ դեպքերում մեր քաղաքացիները չեն ներկայանում, եւ աշխատակիցը չի կարող այլ քաղաքացու խնդիրներով զբաղվել։ Եթե տեսնում ենք, որ ժամանակը երկարում է, պահն օգտագործում ենք, որ սպասարկենք ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին։ ԼՂ-ից տեղահանվածների սպասարկման ծանրաբեռնվածությունը թոթափելուց հետո հերթագրումն ավելի վերահսկելի կդառնա։ Համակարգում այս պահին 82 թափուր աշխատատեղ է առկա, քաղծառայության նոր ենք անցել, որը ենթադրում է որոշակի ընթացակարգ, որ թափուր հաստիքները դնենք մրցույթի։ Մեր կանխատեսումներով, ապրիլի երկրորդ կեսից կհայտարարենք նոր ընդունելության մասին, եւ մինչ այդ տեղերը կլրացվեն, այդ տեղերում աշխատում են փորձագիտական ներուժի օգնությամբ։ Այսօր կհրապարակվի 35 թափուր հաստիքի մասին հայտարարություն։ 

- Կարո՞ղ ենք արձանագրել` հայտարարությունը, թե այս կառույցում իրականացվել են մեծ փոփոխություններ, իրականում այդպես չէ, մեծ խափանումներ կան, եւ թերի է կատարվում աշխատանքը։ 

- 6-7 տարի առաջ գործող համակարգն արդիական էր՝ այն ժամանակվա պահանջարկի համար։ Բայց այսօր ժամանակավրեպ է, եւ խորքային լուծումներ տալու համար մենք՝ ինքներս ենք ներկայացրել, որ բարեփոխումներ իրականացվեն, որովհետեւ միգրացիայի ծառայությունում 30 տարի նման փոփոխություններ չեն արվել։ Եվ այսօր ամենախորքային փոփոխությունն է կյանքի կոչվել. նախկինում միգրացիոն ծառայությունը եւ անձնագրային ու վիզաների վարչություններն առանձին էին՝ ոստիկանության կազմում, այսօր բերվել են նոր դաշտ։ Այսինքն՝ միգրացիայի կառավարումը կենտրոնացված է՝ միգրացիոն քաղաքականության մշակված հիմքերով։ Վերջին տարիներին փոխվել են նաեւ տենդենցները․ եթե տարիներ շարունակ մենք համարվում էինք ելքի երկիր, հիմա համարվում ենք մուտքի երկիր։ Հայաստանում ներհոսք կա Ռուսաստանից, Հնդկաստանից, որը ենթադրում է ունենալ առողջ համակարգ, որպեսզի այդ մուտքերը լինեն կառավարելի։ Ձեր նշած խնդիրները քաղաքացիներին սպասարկելու տրամաբանության մեջ են։ Այդ իմաստով նախաձեռնվել է անձնագրային ծառայությունները գործարկել պետություն-մասնավոր գործընկերություն ձեւաչափով, եւ աշխարհի առաջատար ընկերությունները հետաքրքրված են մրցույթով։ Որակավորման փուլն ավարտվելու է ապրիլի 11-ին՝ ունենալու են ցուցակագրված` որակյալ ընկերությունների կազմ, որոնք մասնակցելու են մրցույթի, եւ մինչեւ եկող տարի կունենանք նոր ենթակառուցվածք։