Ո՞ր հակաքրիստոնեական, հակաեկեղեցական արարքի համար է վարդապետը կարգալույծ արվել

Ո՞ր հակաքրիստոնեական, հակաեկեղեցական արարքի համար է վարդապետը կարգալույծ արվել

Եկեղեցին թեև դատապարտում է այսօրվա իշխանությանը և համառորեն պահանջում նրա անհապաղ հրաժարականը, որևէ կերպ չի տարբերվում այսօրվա իշխանության վարած ստի քարոզչությունից ու ապօրինի քաղաքականությունից։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգը 2021 թվականի մարտի 19-ին հայտարարեց, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել է նոր նշանակում՝ ըստ այդմ Հոգեշնորհ Տ. Սիփան վարդապետ Գևորգյանը, ազատվելով Վանորեից տեսչությունում ստանձնած պարտականություններից (Էջմիածնի քաղաքի Սուրբ Հռիփսիմե վանքի վանահայրի պաշտոնից), իր հոգևոր ծառայությունը շարունակելու է Վրաստանի թեմում։

Մայր Աթոռի ներքին խոհանոցի, այսպես կոչված՝ օդում կախված լուրերի համաձայն, Հոգեշնորհ Տ. Սիփան վարդապետ Գևորգյանը Վրաստանի թեմում ստանձնելու էր Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության կառավարչի պաշտոնը։

Եվ սա այն ժամանակ, երբ Հոգեշնորհ Տ. Սիփան վարդապետ Գևորգյանը արդեն գրավոր` նամակով ու ապացույցներով, դատապարտել էր Գարեգին Երկրորդին, վերջինիս քայքայիչ, կոռումպացված, հակաքրիստոնեական, հակաեկեղեցական կառավարման ընթացքի առնչությամբ։ Հետո մի քանի անգամ հանդիպելով Գարգին Երկրորդին բանավոր վերահաստատել էր այն ամենը, ինչը որ մտածում էր նրա մասին և ներկայացրել էր գրավոր։ Այս պատճառով Հոգեշնորհ Տ. Սիփան վարդապետ Գևորգյանի, այսպես կոչված, գործը անցել էր Մայր Աթոռի կարգապահական հանձնաժողով և դարձել վերջիններիս քննության առարկան ու դեռ արդյունքը չհրապարակված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգը հպարտորեն հայտարարում է նոր նշանակման մասին։

Մայր Աթոռում չկա հոգևորական, որ տեղյալ չլինի այս նամակի և նրա բովանդակության մասին, նաև բոլորը տեղյակ էին, որ մինչև այս նշանակման հրապարակումը Հոգեշնորհ Տ. Սիփան վարդապետ Գևորգյանն արդեն գտնվում է արտերկրում՝ իր իսկ անձնական ապահովության համար։ Բայց նշանակումը հրապարակվեց՝ իբրև թե նրա արտերկիր մեկնելու մասին անտեղյակ էին։

Օրեր անց, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգը 2021 թվականի ապրիլ 14-ին հրապարակեց, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարգալույծ է հռչակել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ․ Սիփան վարդապետ Գևորգյանին՝ ծառայության վայրը ինքնակամ լքելու և կարգազանց ընթացքի պատճառով։

Մայր Աթոռում «Կարգազանց ընթացք» է համարվում ճշմարտախոսությունը և ազնիվ լինելը։ «Ծառայության վայրն ինքնակամ լքել» նշանակում է տեղյակ լինել, որ հոգևորականը արդեն մի քանի շաբաթ է արտերկրում է, սակայն կատարել ապօրինի նշանակում, ապա ապրօինի հռչակել կարգալույծ։ Կարգալուծության և դրա բացատրության մասին, ազնիվ աստվածաբանները թող ունենան քաջություն խոսելու․ խոսեն ոչ թե կարգաթողության, երբ անհատը ինքնակամ որոշում է կայացնում թողնել իր կարգը և հեռանալ, այլ կարգալուծության մասին։ Ի դեպ, Գարեգին «Շինարար» կաթողիկոսը իր կառավարման տարիներին ավելի շատ այսպես կոչված կարգալուծություն է հռչակել, քան շինարարություն կատարել։

Հոգեշնորհ Տ. Սիփան վարդապետ Գևորգյանը ո՞ր հակաքրիստոնեական, հակաեկեղեցական, հակադավանաբանական արարքի համար է «հռչակվել կարգալույծ», հայտնի չէ։
Տարիներ առաջ եկեղեցու գերագույն գլխավոր հրամանատատարը հակաեկեղեցական, հակադավանական բացեիբաց հայտարարություն արեց, ասելով․ «․․․Մենք, օրինակի համար, որևիցե մեկին ինչ ազգի էլ պատկանի, եթե հաղորդություն կուզե մենք չենք մերժեր, կուտայնք այն․․․ հույն եկեղեցին և մի շարք այլ օրթոդոք եկեղեցիներ շատ ավելի խիստ, դավանաբանական խնդիրը առաջնային են ընկալում․․․ նմանատիպ երևույթները կարծեմ մտածողության, վախի, ներփակումի, զգուշության դրսևորումներ են․․․ օրինակ, երբ որ ես այս վերջին այցելության եղա Ֆլորիդա, տեղեկացա, որ հույն արքեպիսկոպոսը հիվանդ էր և այցելեցի նրան․․․»։ Եկեղեցու կառավարչի՝ գերագույն գլխավոր հրամանատարի, այս հայտարարությունը արդյո՞ք կարգալույծ հռչակելու օրինական հիմք չէ։

Փաստորեն, ըստ այս կառավարչի հայտարարության, Հայ եկեղեցու համար դավանաբանական խնդիրը առաջնային չէ, Հայ եկեղեցին օրթոդոքս չէ, և ով ուզի, երբ ուզի կարող է մտնել եկեղեցի և ստանալ հաղորդություն, այդ դեպքում ինչու են միշտ հարցնում արդյո՞ք կնքված ես թե ոչ, հաց կերե՞լ ես, թե ոչ․․․ փաստորեն ավելի կարևոր է գնալ հիվանդատես հույն արքեպիսկոպոսին, իսկ մնացած դավանանք, եկեղեցաբանություն, կնունք, ծոմապահություն, եկեղեցու անդամ լինել-չլինել և այլն, սրանք բոլորը կարծեք մտածողության, վախի, ներփակումի, զգուշության դրսևորումներ են։

Եզրակացությունները՝ ընթերցողին։

Կարգաթող Սարկավագ Տ. Սիփան վարդապետ Գևորգյան