Գրա՞նտ, թե՞ հայրենիք

Գրա՞նտ, թե՞ հայրենիք

Արցախցիները պատանդի կարգավիճակում են, Արցախում ապրողների կյանքը վտանգված է, նրանք զրկված են ազատ տեղաշարժի հնարավորությունից, եւ նրանց նկատմամբ բռնություն է կիրառվում, իսկ մենք՝ հայաստանցիներս, անզորությունից մեզ պատեպատ ենք տալիս։ Մի տեսակ մեղքի զգացում ունենք, որ չենք կարողանում ռեալ օգնություն ցուցաբերել մեր հայրենակիցներին։ Ավելին՝ տաք ու համեմատաբար ապահով Երեւանում նստած՝ շարունակում ենք ապրել առօրյա կյանքով՝ կարծես ոչինչ չի եղել։ Սակայն եթե հանրության մի մասը գոնե ապրումներ ու անհանգստություն ունի՝ Ադրբեջանի պատանդի կարգավիճակում հայտնված մեր ազգակիցների համար, կան մարդիկ ու կազմակերպություններ, որոնք վաղուց թոթափել են «Արցախ» կոչվող բեռը եւ ապրում են այնպես, ինչպես ապրում են, ասենք, ապահով Շվեյցարիայի բնակիչները։ Ընդ որում՝ շվեյցարիաներից ստացած փողերով եւ հրահանգավորմամբ։ Նրանք թրաֆիքինգի դեմ պայքար են իրականացնում, զօր ու գիշեր խոսում կանանց նկատմամբ ընտանեկան բռնությունից։ Պեղում գտնում են կանանց, որոնք ընտանիքում խնդիրներ ունեն, ասենք՝ սկեսրոջ կամ տալի հետ, եւ նրանց խնդիրների լուծման անվան տակ մեծ դրամաշնորհներ են ստանում։

Մի մասն էլ օրենսդրական բարեփոխումների մեջ է խորացել՝ այսինչ օրենքում այսինչ ստորակետը բութով փոխարինելու հույժ կարեւոր գործեր է անում։ Իսկ Գորիսում մնացած արցախցի 200-ից ավելի երեխաները, որոնք չեն կարողանում հասնել իրենց տուն, սրանց հետաքրքրությունների կիզակետում չեն, որովհետեւ եվրոպաներից դա չի ֆինանսավորվում։ Ադրբեջանը տոտալ քարոզչական պատերազմ է իրականացնում մեր դեմ, իսկ սրանք մեդիագրագիտության դասեր են տալիս ՀՀ քաղաքացիներին եւ դաժան պայքար մղում Ռուսաստանի դեմ՝ ամեն ինչ անելով, որ ռուս խաղաղապահները հեռանան Արցախից։