Նարեկ Զեյնալյանը ներկա է լինելու բոլոր ԲԿ-ների տնօրենների մրցույթներին

Նարեկ Զեյնալյանը ներկա է լինելու բոլոր ԲԿ-ների տնօրենների մրցույթներին

Երեկ կայացել է «Գորիս» բժշկական կենտրոնի տնօրենի մրցույթը։  Տնօրենի թեկնածուները 4-ն են, բոլորը ներկայում կամ անցյալում այս ԲԿ-ի հետ կապված մարդիկ են՝ ԲԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Մաշուրյանը, 4 տարի առաջ տնօրենի պաշտոնը զբաղեցրած Սլավիկ Ամիրյանը, նրա որդին՝ Սպարտակ Ամիրյանը, որը կենտրոնի ակնաբուժական ծառայության ղեկավարն է, եւ Տիգրան Գրիգորյանը, որը նույնպես «Գորիս» ԲԿ աշխատող է։

Իշխանությունն այստեղ, ըստ լուրերի, իր թեկնածուն ունի՝ նախկին տնօրեն Սլավիկ Ամիրյանը եւ նրա որդին՝ Սպարտակը։ Սլավիկ Ամիրյանը 4 տարի առաջ ղեկավարել է կենտրոնը, 2015 թվականի հունվարին ազատման դիմում է գրել՝ հայտնելով, որ հեռանում է առողջական խնդիրների պատճառով։ Սակայն մամուլն այն ժամանակ գրեց, որ Սլավիկ Ամիրյանը Սյունիքի այն ժամանակվա մարզպետ Սուրիկ Խաչատրյանի զոհն է, եւ որ վերջինս կադրային ջարդ է սկսել «Գորիս» ԲԿ-ում։
Առողջապահության համակարգին մոտ աղբյուրը երեկ «Հրապարակին» տեղեկացրեց, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը մեկնել է Գորիս՝ աջակցելու Ամիրյաններին։ Սպարտակ Ամիրյանն այս լուրերից տեղյակ չէր, սակայն մեր հարցը նրան չզարմացրեց։

«Չեմ կարդացել։ Ես հիմա պրոցեսի մեջ եմ, լուրերը չեմ կարող մեկնաբանել։ Մարդիկ ազատ են ամեն ինչում, իրենք են որոշում՝ ուր գնան եւ երբ գնան»,- «Հրապարակին» ասաց Սպարտակ Ամիրյանը։ Իսկ Նարեկ Զեյնալյանը նշեց, որ չգիտի, թե որն է այս լուրերի հիմքը։ «Ես ՀՀ բոլոր ԲԿ-ների հետ առնչություն ունեմ, քանի որ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն եմ,- ասաց նա։- Ես այսուհետ ներկա եմ լինելու բոլոր մրցույթներին՝ տարածքի ընտրված պատգամավորի հետ միասին, որպեսզի հետեւեմ մրցույթի ընթացքին։ Ես ստեղ ոչ մեկին չեմ սատարում, չեմ էլ կարող օգնել, որովհետեւ դիտորդի կարգավիճակում եմ»։ «Մրցույթն անցկացվելու է երեք փուլով։ Եթե թեկնածուները հավասար միավորներ հավաքեն, ապա լիազոր մարմինն է որոշելու, թե ում հետ պայմանագիր կնքի, այսինքն՝ առողջապահության նախարարությունը»,- հայտնեց Նարեկ Զեյնալյանը։ Ի դեպ, նա նաեւ հայտնեց, որ տեսնելով «Գորիս» ԲԿ թեկնածուներին՝ հայտնաբերել է, որ նրանցից մեկը՝ ներկայիս ԺՊ Դավիթ Մաշուրյանը, իր ուսանողն է։