Երբ հարցմանը պատասխանում են ֆեյսբուքյան հղումով

Երբ հարցմանը պատասխանում են ֆեյսբուքյան հղումով

Hraparak.am-ը Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանին հարցում էինք ուղարկել՝ խնդրելով տրամադրել տեղեկատվությունը գործունեության վերաբերյալ։ Մասնավորապես խնդրել էինք տրամադրել ՊՎԾ գործունեությունից սկսած՝ առ այսօր ծառայության կողմից իրականացված ստուգումների թիվը և ակտով արձանագրված գումարը: Նույն ժամանակաշրջանի՝ ուսումնասիրությունների թիվը և հայտնաբերված խախտումները՝ հոդված, խախտման դիտարկվող մեծություն:

Հարցրել էինք նաև՝ վերջինների արդյունքում քանի՞ անձ է ենթարկվել քրեական պատասխանատվության: Եթե գրությամբ անհրաժեշտ տվյալները չեն պարունակում գաղտնիք (վստահ ենք, որ չեն պարունակում, բացառությամբ՝ ՊՆ-ի հետ առնչվողների), խնդրում էինք ցանկը ներկայացնել նաև անվանական:

Ի պատասխան մեր հարցման՝ ՊՎԾ Լրատվության և հասարակության հետ կապերի բաժնից մեզ ուղարկել էինք ընդամենը ֆեյսբուքյան իրենց էջում տեղադրված մի տեսանյութի հղում՝ նշելով․ «Ձեր կողմից հայցվող տեղեկատվությունը հրապարակված է հետևյալ հղումով, բացի այդ դեռ ընթանում են մի շարք ուսումնասիրություններ, որոնց մասին կհրապարակենք Պետական վերահսկողական գործունեությունն ամփոփող տարեվերջյան մամուլի ասուլիսի շրջանակներում»։

Տեսանյութը ուսումնասիրելուց պարզ է դառնում, որ այն բնավ ամբողջական չի պարունակում մեր հարցման պատասխանը, ու երևի ՊՎԾ-ից ալարել են այս տեսանյութից զատ՝ նաև համապարփակ ինֆորմացիա տրամադրել գրավոր ձևով։ Ինչևէ, ստիպված ենք բավարարվել այս հղմամբ։

Ի դեպ, ուշագրավ է նաև այն, որ Պետական վերահսկողական ծառայությունը պաշտոնական կայք չունի, և նման դեպքերում հղում է անում իր ֆեյսբուքյան էջին։ ՊՎԾ-ից այս առնչությամբ մեզ լրացուցիչ հայտնեցին, որ իրենց պաշտոնական կայքի ստեղծումն ընթացքի մեջ է, շուտով կլինի։