Շարունակելով բարի ավանդույթները

Շարունակելով բարի ավանդույթները

Գերմանիայի Կոտբուս քաղաքի մարզասերները, ներկա գտնվելով մարմնամարզության աշխարհի գավաթի երկրորդ փուլի խաղարկությանը, աներկբայորեն համոզվեցին, որ երեւանցի Արթուր Դավթյանը հենացատկերի ժամանակ ցուցադրած բարդ հնարքների հրաշալի կատարումներում այսօր չունի իրեն հավասարը: Պատահական չէր, որ հիրավի ֆանտաստիկ այդ ցատկերը մրցավարների կողմից էլ արժանացան ամենաբարձր գնահատականի` 15,100 միավոր, ինչի շնորհիվ հայ մարզիկը վերստին պարգեւատրվեց ոսկե մրցանակով: Ի դեպ, աչքի ընկավ եւս մեկ Դավթյան` Վահագնը, ով օղակների վարժությունում ցույց տվեց երրորդ արդյունքը (14,600 միավոր) եւ արժանացավ բրոնզե մեդալի: Այս մրցաձեւում չորրորդ ցուցանիշը (14,566 միավոր) գրանցեց նրա թիմակից Արթուր Ավետիսյանը:

Իսկ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում բասկետբոլի աշխարհի C խմբի նախընտրական մրցափուլի ծրագրով իր երկրորդ խաղն անցկացրեց Հայաստանի հավաքականը՝ ընդունելով Ալբանիայի թիմին: Մեր բասկետբոլիստները լարված մրցավեճում կարողացան հաղթանակ տանել 84:79 հաշվով: Հաջողությունը, ինչ խոսք, ուրախացնում է, ափսոս միայն, որ հյուրընկալողները բազմիցս թույլ էին տալիս վրիպումներ: Մինչդեռ Վիեննայում, ավստրիացիների հետ մեկնարկային խաղում թեեւ գրանցվեց պարտություն, բայց մեր տղաները գործում էին շատ ավելի վստահ՝ թողնելով ավելի լավ տպավորություն: Այդ նույն թիմերի պատասխան մրցամարտերը կկայանան նոյեմբերի 27-ին, Երեւանում` ավստրիացիների, իսկ ալբանացիների հետ` Տիրանայում, եկող տարվա փետրվարի 20-ին:
Այս օրերին Իտալիայի Բուստո Արսիզիո քաղաքում անցկացվում է օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշար՝ բռնցքամարտիկների մասնակցությամբ: Այդ կարեւոր ստուգատեսում հանդես են գալիս նաեւ Հայաստանի կանանց եւ տղամարդկանց հավաքականները: Սպասենք հաճելի լուրերի:

Իսկ հիմա կարելի է շնորհավորել ամերիկյան աշխարհամասի «Ոսկե գոտի» անունը կրող մրցումներում իրեն հիանալի դրսեւորած պրոֆ բռնցքամարտիկ, 29-ամյա կիսամիջին քաշային Գոռ Երիցյանին: Հայաստանը ներկայացրած ու Երեւանում ծնված այս շնորհալի վարպետը Կալիֆորնիայի նահանգի Սանատ Ինես քաղաքում կայացած 10 ռաունդանոց մենամարտում բացահայտ առավելության հասավ ամերիկացի Քվենտին Ռենդալի նկատմամբ, ու դա է վկայում մրցավարների միաձայն ֆիքսած որոշումը` 99:91, 100:90, 100:90, եւ արժանացավ «Ոսկե գոտի» մրցանակին:
Իր հաղթական ելույթներով շատերին ուրախության պահեր պարգեւեց նաեւ մոսկվացի մեր հայրենակից, թենիսիստ Կարեն Խաչանովը: Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացված միջազգային պատկառելի մրցաշարում նա աչքի ընկավ գովելի հաղթարշավով: Կարենը մեկը մյուսի հետեւից վստահ առավելությունների հասավ հունգարացի Ֆաբիա Մարոզանի, ֆինլանդացի Էմիլ Ռուուսուվուորի, Ալեքսեյ Պոպիրինի (Ավստրալիա) նկատմամբ, իսկ եզրափակչում 7:6 եւ 6:4 հաշիվներով պարտության մատնեց չեխ Յակուբ Մենսիկին ու նվաճեց գլխավոր մրցանակը: Եվ եթե մինչ այդ Խաչանովը համարվում էր աշխարհի թիվ 17 ռակետը, ապա այժմ երկու աստիճան վեր է բարձրացել: Հարկ է ասել, որ հայ թենիսիստի համար դա յոթերորդ եզրափակիչն էր եւ երկրորդ հաղթանակը: Մարտի 16-ին Լոս Անջելեսում կայանալու է Գլենդելի «Արարատ» մասնաճյուղի կազմակերպած թենիսի բարեգործական խաղ՝ Կարեն Խաչանովի եւ նրա ռուս ընկեր Սերգեյ Ռուբլյովի մասնակցությամբ: Հանդիպման ամբողջ հասույթը փոխանցվելու է արցախահայությանը:

Վերսկսվեց ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը, եւ հենց սկզբից բոլորի ուշադրության կենտրոնում էր ոչ միայն այն, որ գործող չեմպիոնն ու գավաթակիրը` «Ուրարտուն», մրցեց աղյուսակը գլխավորող « Փյունիկի» հետ, այլեւ այն, որ «Ուրարտուի» կազմում անսպասելիորեն հայտնվեց 37-ամյա հանրահայտ վարպետ Դենիս Գլուշակովը, նա, ով ժամանակին հանդես է եկել մոսկովյան առաջատար թիմերում` «Սպարտակում» եւ «Լոկոմոտիվում», նա, ով Ռուսաստանի հավաքականի գլխավոր կիսապաշտպաններից էր Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում: Կօգնի՞ արդյոք փորձառու Գլուշակովն «Ուրարտուին»՝ շտկելու մրցաշարային աղյուսակում չեմպիոնի համար ոչ այնքան բարվոք վիճակը, ցույց կտա ժամանակը: Իսկ «Փյունիկի» հետ մրցամարտում գրանցվեց մարտական ոչ-ոքի` 1:1:
Ինչ վերաբերում է մեր ազգային հավաքականին, նրա համար այս տարվա գլխավոր ստուգատեսը` Եվրոպայի Ազգերի լիգայի առաջնության մեկնարկը, կտրվի աշնանը: Հիշեցնենք, որ մեր ընտրանին հանդես է գալու C լիգայի 4-րդ խմբում, որտեղ ընդգրկված են նաեւ Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի եւ Ֆարերյան կղզիների հավաքականները:

Ահա մեր ընտրանու խաղացանկը․
սեպտեմբերի 7-ին` Հայաստան-Լատվիա, 10-ին` Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան 
հոկտեմբերի 10-ին` Ֆարերներ-Հայաստան, 13-ին` Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա, նոյեմբերի 14-ին` Հայաստան-Ֆարերներ, 17-ին` Լատվիա-Հայաստան:

Ներկայացնենք նաեւ C լիգայի մյուս երեք խմբերի կազմերը. 1- ին խումբ` Շվեդիա, Էստոնիա, Ադրբեջան, Սլովակիա, 2-րդ խումբ` Կիպրոս, Ռումինիա, Կոսովո, Լիտվա կամ Ջիբրալթար, 3-րդ խումբ` Բուլղարիա, Հյուսիսային Իռլանդիա, Լյուքսեմբուրգ, Բելառուս:
C լիգայի չորս խմբերի հաղթողների վճռական մրցաշարը կորոշի, թե որ հավաքականն է տեղափոխվելու ավելի բարձր` B լիգա:

Միսակ Նազարյան