Գարաժս ի՞նչ եղավ, պարոն Ավինյան

Գարաժս ի՞նչ եղավ, պարոն Ավինյան

Հիմա կասեք՝ աշխարհն աշխարհով, Էդիկ Անդրեասյանն իր գարաժով (այսուհետ՝ ավտոտնակ): Եվ ուրեմն՝ մետրոյի շինարարությունդ շաքարով կտրեմ ու հարցնեմ՝ ավտոտնակս ի՞նչ եղավ, պարոն Ավինյան: Առաջին դիմումը գրել եմ դեռ Տարոն Մարգարյանին, հազար ու մի փաստարկներ բերել, որ ինձ համար այդ ավտոտնակը կենսական անհրաժեշտություն է, քանի որ կենսական անհրաժեշտություն է նաեւ մեքենա ունենալը: Մեծ բան չէր ուզածս՝ ընդամենը 3-ը 6-ի վրա մի պուճախ: Տեղն էլ մինչ օրս կա՝ մեր բակի երկու ավտոտնակների արանքում: Տարոն Մարգարյանը մտածեց ու մտածեց, մտածեց ու մտածեց, վերջը իմ գրած կես էջանոց դիմումին 12 էջանոց պատասխան գրեց, որ չի լինի: Թե բա՝ Երեւանիս քաղաքաշինական ծրագիրն ավտոտնակ տեղադրել չի նախատեսում, բայց դու մի հուսահատվիր, մինչեւ 2020 թվականը ձեր բակում (Տարոն Մարգարյանը քաջատեղյակ էր մեր բակին) ստորգետնյա ավտոկայանատեղի ենք կառուցելու, իսկ բակն ամբողջությամբ կանաչապատելու ենք եւ խաղահրապարակ ենք կառուցելու: Ասի՝ քո ցավն էլ տանեմ, Տարոն Մարգարյան ջան, կսպասեմ: 

Մինչեւ 2018-ը համբերատար սպասեցի, բայց հենց դուք եկաք իշխանության, պարոն Ավինյան, մի տեսակ կասկած ընկավ մեջս: Պողոսներին խոստումներ էիք տալիս, վարչապետ էիք նշանակում, ասում էիք՝ Պողոսը կարող է նախարարի դուռը ոտքով բացել… Այս ամենն այնքան անսպասելի էր ինձ համար, որ մտածեցի՝ սրանք սուտ են խոսում: Էլ չհամբերեցի, վերցրեցի ու նույն դիմումը Հայկ Մարությանին գրեցի, որ այսպես ու այսպես, ինձ ավտոտնակ է պետք: 12 էջանոց պատասխանը չուշացավ՝ չի լինի, որովհետեւ Երեւանիս քաղաքաշինական ծրագիրն ավտոտնակ տեղադրել չի նախատեսում, բայց դու մի հուսահատվիր, մինչեւ 2020 թվականը ձեր բակում (Հայկ Մարությանը մեր բակում ընդհանրապես չի եղել) ստորգետնյա ավտոկայանատեղի ենք կառուցելու, իսկ բակն ամբողջությամբ կանաչապատելու ենք եւ խաղահրապարակ ենք կառուցելու: Էդ տնաշենի Հայկ Մարությանը, փաստորեն, Տարոն Մարգարյանի պատասխանը քոփի-փեստ էր արել եւ ուղարկել ինձ: Կետադրական նշաններն անգամ չէր փոխել: Բայց, մեղքս ինչ թաքցնեմ, Հայկ Մարությանի հանդեպ, որպես շնորհալի դերասանի, դեռ որոշակի համակրանք էի տածում եւ ըմբռնումով մոտեցա Տարոն Մարգարյանից նրա «ակամա» գրագողությանը: Ոչինչ, մտածում էի, դեռ նոր է, դեռ կսովորի աշխատել: Վերջապես, ավելի առաջնահերթ խնդիրներ կան, քան իմ խնդիրն է՝ Երեւանի ձեղնահարկերի իրացում, վերելակների լայնացում, տրանսպորտի հարց, աղբահանություն… Ո՞ր մեկը թվարկեմ:

Երրորդ անգամ նույն հարցով քաղաքապետարան դիմեցի էն բարձրահասակ տղային, որ այս օրերին ՊՆ-ում է գլուխը պահում: Կներեք, դժվարանում եմ անուն-ազգանունը հիշել… Հրաչյա էր, կարծեմ: Սա էլ շատ արագ պատասխանեց դիմումիս: Երբ փոստատարը նամակը բերեց, ես բակում էի: Հարեւանս ձայն էր տվել, թե արի, ավտոդ քաշիր, խանգարում է… Այդպես հաճախ է լինում: Ես էլ՝ երկրորդ կարգի հաշմանդամ, ամեն անգամ 4-րդ հարկից իջնում, ավտոս առաջ ու հետ էի անում: Այնպես որ, փոստատարից համարյա խլեցի քաղաքապետարանի ծրարը եւ հենց բակում էլ կարդացի: Ճիշտ 12 էջի վրա գրված էր հետեւյալը. «Չի լինի, որովհետեւ Երեւանիս քաղաքաշինական ծրագիրն ավտոտնակ տեղադրել չի նախատեսում, բայց դու մի հուսահատվիր, մինչեւ 2024 թվականը ձեր բակում (այդ բարձրահասակ տղան մեր բակում ընդհանրապես չի եղել) ստորգետնյա ավտոկայանատեղի ենք կառուցելու, իսկ բակն ամբողջությամբ կանաչապատելու ենք եւ խաղահրապարակ ենք կառուցելու»: Չէ, սրանք իսկապես «ավլած են»՝ մտածեցի, փչացած ձայնասկավառակի պես նույն բանն են կրկնում… Մեկ էլ աչքս ընկավ թվականին՝ 2020-ը դարձել էր 2024: Մնացածը նույնն էր, ընդհուպ ստորակետի ճշտությամբ:

Մի օր էլ մի խումբ անծանոթ տղաներ ու աղջիկներ լցվեցին մեր բակ՝ ձեռքներին նախընտրական բուկլետներ: Մե վանկարկումներ, մե բան, հետո էլ թե՝ ասեք՝ կանենք, ասեք՝ կանենք: Նրանց մեջ ես պատահաբար Ձեզ տեսա, պարոն Ավինյան, բայց մինչեւ մոտեցա, որ ասեմ, բակի մյուս ծայրից թռաք: Հիշեցնեմ, դա Հրաչյա Աճառյան փողոցի 22 շենքի բակն էր: Ձեր կարգախոսն ինձ հույս տվեց, իհարկե, բայցեւայնպես վստահ չէի, որ հենց Ձեզ ասեմ, իսկույն կանեք: Եթե սխալվում եմ՝ ուղղեք ինձ: Ես տեսնում եմ, որ Դուք առայժմ քանդում եք ու ոչինչ չեք կառուցում: Մետրոն՝ քանդել, բուսաբանական այգին՝ քանդել, թենիսի կորտերը՝ քանդել, Կոնդը՝ քանդել, Նորքի զանգվածի այգիները՝ քանդել, քոլիկները՝ քանդել, գովազդային ցուցանակները՝ քանդել, փողոցները՝ քանդել… Սա ինձ ստիպում է ավտոտնակի համար Ձեզ դիմում գրելուց առաջ երկու անգամ մտածել: Գրե՞մ, չգրե՞մ… Վախենամ՝ իմանաք մեր բակում ստորգետնյա կայանատեղի կառուցելու համար քանդելու գործ կա, գաք ու ողջ բակը քանդեք: Դե իսկ շինելը Ձեր գործը չէ, ինչպես հասկանում եմ, շինելու համար երեւի հաջորդ քաղաքապետին պիտի նամակ գրեմ:

ՀԳ. Ես ձեր կանաչ տարածքների սիրահար ջանին մեռնեմ: Բա ինչո՞ւ մի օր Երեւանի բուսաբանական այգի չեք գալիս, որ տեսնեք ձեր գործած ավերների մասշտաբը: Իբր պիտի կոնտակտային խումբ ստեղծեիք, որ քաղաքացիներին բացատրեր, թե այդ ինչ եք կառուցում բուսաբանական այգում, որ այդպես անխնա ոչնչացնում եք հազվագյուտ ծառատեսակներով անտառը: Ի դեպ՝ քաղաքացիների կողմից կոնտակտային խումբն արդեն ստեղծվել է: Ձեզ է փոխանցվել նաեւ իմ հեռախոսահամարը, որ կոնտակտ պահեք ու տեղեկացնեք, թե երբ կբարեհաճեք դեպքի վայր՝ բուսաբանական այգու համար ճակատագրական այս խնդիրը հասկանալու: Խոստանում եմ՝ ոչ մի բառ ավտոտնակի մասին: