Ստիպված են զոհաբերել իրենց, որ մյուսներին թույլ տան՝ անվտանգ հեռանալ Արցախից

Ստիպված են զոհաբերել իրենց, որ մյուսներին թույլ տան՝ անվտանգ հեռանալ Արցախից

«Հրապարակի» զրուցակիցն է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը։

- Այսօր Արցախի նախագահի՝ ողբերգությունը եզրափակող հայտարարությունը տարածեցին, որ Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ հունվարի 1-ից։ Այս գործընթացն այլեւս անդառնալի՞ է, թե՞ կարծում եք՝ վերականգնելու հնարավորություն դեռ կա։

- Հնարավորություն կա, եթե ժողովուրդը ոտքի կանգնի, այլապես՝ ոչ։

- Կարծում եք, որ միայն իշխանափոխությո՞ւնը Հայաստանում կփոխի իրերի ընթացքը։

- Այո, բացառապես։

- Ենթադրենք՝ Փաշինյանը հեռացավ՝ եկավ նոր իշխանություն, ինչպե՞ս է հնարավոր շրջել անդառնալի թվացող այս գործընթացը։

 - Կդադարի այն ծրագրի իրագործումը, որի համար այս ամեն ինչը զոհաբերվում է, եւ դա հնարավորություն կստեղծի՝ նոր պայմաններով, նոր բանակցություններով նոր իրավիճակ ստեղծել։

- Այսինքն՝ մենք կկարողանա՞նք ստիպել Ադրբեջանին՝ մեզ հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ։

- Հանրության մեջ իշխանության փոփոխության պարագայում փոխվում է ամեն ինչ, դա ստիպելու խնդիր չէ։ Նույն՝ միջազգային հանրության ներկայացուցիչներն էլ, տեսնելով այս բացահայտ էթնիկ զտումը, որին իրենք էլ մեղսակից են եւ ոչ միայն մեղսակից են, այլեւ այդ հանցավոր ծրագրի հեղինակներից են հանդիսանում, ստիպված կլինեն որոշակի վերանայումներ իրականացնել իրենց ոչ միայն քաղաքականության մեջ, այլեւ՝ գործողություններով։ Այլապես, եթե իրենք ուզում են ապագայում դատվել եւ կրել այդ՝ ցեղասպանությունն իրականացնողի խարանը, խնդրեմ՝ կարող են շարունակել իրենց քաղաքականությունը։

- Ձերբակալվեց Ռուբեն Վարդանյանը, Դավիթ Բաբայանը որոշեց ինքնակամ ներկայանալ Շուշի, բացի այդ՝ Հակարիի կամրջի մոտից հայ տղամարդկանց են ձերբակալում եւ տանում անհայտ ուղղությամբ։ Այս գործընթացներն ինչի՞ մասին են խոսում։

- Սա Ադրբեջանի իրական էության ցուցադրությունն է եւ ոչ միայն իրական էության, այլեւ հայերին մինչեւ վերջ ստորացնելու, նվաստացնելու, հայի ոգին կոտրելու եւ նաեւ մեր ժողովրդին ընդհանրապես որեւէ հույս չտածելու, թե երբեւէ հայրենիք վերականգնելու հնարավորություն կունենան։ Դրանից զատ, ես վստահ եմ, որ այս գործողությունները թելադրված են տեղի հայ բնակչությանը դուրս բերելու ցանկությամբ՝ նկատի ունեմ Բաբայանի հանձնվելը, եւ վերլուծելով իրավիճակը՝ կարող եմ ենթադրել, որ վերջնագիր են ներկայացրել, որ եթե իրենց ցուցակում նշված անձինք չներկայանան ինքնակամ, ապա իրենք կփակեն ճանապարհը եւ թույլ չեն տա հայ բնակչությանը՝ անվտանգ դուրս գալ այդ տարածքից։

- Այսինքն՝ մարդիկ պիտի զոհեն իրենց, որպեսզի քաղաքացիական բնակչությունն անվտանգ դո՞ւրս գա։

- Այո, այդ նույն նպատակով էլ այսօր Արցախի իշխանությունները ստիպված զոհաբերում են ամեն ինչ, որպեսզի կարողանան հայ բնակչությանը դուրս բերել՝ զոհ չտալով գենը։ Գոնե գենը փրկելու համար։

- Այս իշխանությունները, իրենց բնորոշ ձեռագրով, որպես կատարվածի պատասխանատուներից մեկը, համարում են մի քանի օր առաջ ընտրված Արցախի նախագահին՝ Սամվել Շահրամանյանին, բայց ստացվում է, որ զոհերից մեկն էլ նա է։

- Իհարկե, եւ ես վստահ եմ՝ երբ որ իրավիճակը, Աստված տա, կարգավորվի, եւ եթե իրոք մեր հանրությունը կանգնի, եւ իշխանափոխություն կարողանանք իրականացնել, մենք շատ ավելի տխուր պատմություններ կլսենք, թե իրականում ինչ է տեղի ունեցել, եւ ինչպես են ստիպել այդ մարդկանց՝ գնալ այդ քայլերին։ 

- Սամվել Բաբայանը Հանրային հեռուստաընկերության եթերում օրերս հայտարարեց, որ Ադրբեջանը պատրաստ էր Արցախին ինքնավարություն տալ, եւ ինքը կարող էր դրան հասնել, բայց արցախյան էլիտան դա թույլ չտվեց։ Ինչպե՞ս կգնահատեք նրա ելույթը։

- Այդ մարդու որեւէ խոսքին չի կարելի անգամ ականջալուր լինել, եւ նրա՝ միայն հետախուզման մեջ լինելու հանգամանքով այսօր Հայաստանում ապահով հայտնվելու եւ այդ հեքիաթային պատմությունը մարդկանց աչքերը պիտի բացի իր դերի եւ, ցավոք սրտի, Արցախի առումով ողբերգական դերակատարության առումով։ Ինչ վերաբերում է, թե իր առաջ քաշած թեզերով ինչ-որ բան պիտի անեին, իր խոսքերի վրա հենվելու ոչ մի ցանկություն չունեմ, որովհետեւ ինքը ոչ մի կարգավիճակ չի ունեցել եւ իրավունք չի ունեցել որեւէ բանակցություն իրականացնելու, իսկ ինչ վերաբերում է բուն ադրբեջանցիներին, ապա նրանք բացահայտ հայտարարել են, թե ինչ են նախապատրաստվում անել։ Անցյալ տարվա սեպտեմբերին Հայաստանի ԱԽՔ-ի միջոցով Վաշինգտոնում բանակցվել է մի փաստաթուղթ, որտեղ հայերն արդեն որպես էթնիկ փոքրամասնություն էին ներկայացվում, եւ, բնականաբար, դրանից այն կողմ բանակցությունները չէին կարող իրականանալ, քանի որ Ադրբեջանը, ստանալով ամեն ինչ, բացարձակապես ցանկություն չէր ունենալու՝ գնալ այլ զիջումների։ Եվ նման խոսույթն այս իրավիճակում, ընդհանրապես՝ մեղքը ե՛ւ իրենց վրայից, ե՛ւ իրենց իշխանության վրայից այլոց վրա բարդելու նպատակ ունի։

- Ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում հնարավոր համարո՞ւմ եք Հայաստանի այնպիսի ռազմական ներուժի ձեւավորում, որ Ադրբեջանին պարտադրվեն զիջումներ։ Թե՞ պատերազմն ու վերջին ռազմական ագրեսիան միանգամայն թեւաթափ են արել մեր զինվորին, մեր ոգին են կոտրել, մեծ թվով զոհեր ու վիրավորներ ենք տվել, եւ դա բավականին ծանր հարված է․․․

- Ամեն ինչ հնարավոր է, բայց մի պայմանով՝ մեկ ժամ հետո իշխանափոխության։ Մի բան կարող եմ ասել, կոչ անել հանրությանը՝ ուղղակի դուրս գալ փողոց։

- Ասում են՝ Հայաստանն է շուտով հայտնվելու Արցախի դերում։

- Եթե իշխանափոխություն չլինի՝ այո։

- Բացի իշխանափոխությունից, այլ լծակներ չկա՞ն՝ այս պրոցեսի վրա ազդելու համար։

- Գործող իշխանության պարագայում, որը մաս է կազմում այդ ծրագրին, ոչ։