Փաշինյանը գերազանց կատարեց մեկ տարի առաջ ստացած տնային առաջադրանքը

Փաշինյանը գերազանց կատարեց մեկ տարի առաջ ստացած տնային առաջադրանքը

«Առաջիկա օրերին Լեռնային Ղարաբաղում այլեւս հայ չի մնա»,- տնային աշխատանքը գերազանց կատարած աշակերտի հրճվանքով կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Հոկտեմբերի 5-ին Գրանադայում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպմանն ընդառաջ Փաշինյանը հաշվետվություն է ներկայացնում մեկ տարվա ընթացքում իրականացված աշխատանքի արդյունքի մասին: 

Մեկ տարի առաջ՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին, Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի հերթական հանդիպման ժամանակ ընդունված հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ Լեռնային Ղարաբաղը, այդպիսով Ադրբեջանին մանդատ տալով՝ իրականացնելու Արցախի հայ բնակչության ոչնչացումն ու տեղահանումը` ձեր տարածքն է, ինչ ուզում եք, արեք: Նիկոլ Փաշինյանը եւ, այսպես կոչված, միջազգային հանրությունը դեռեւս մեկ տարի առաջ գիտեին, թե ինչի է ուղղված տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը, եւ գիտեին, թե ինչ ավարտ է այն ունենալու: Գրանադայում միջազգային հանրությունն ամփոփելու է մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքի արդյունքները, դրանք կգնահատվեն գոհացուցիչ, եւ որոշում կկայացվի՝ անցնել ճանապարհային քարտեզի հաջորդ կետերի իրագործմանը` հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրում, սահմանագծում եւ սահմանազատում:

Երբ 2023 թվականին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ Վաշինգտոնում հանդիպում էին Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Միրզոյանը եւ Բայրամովը, նրանք էլ գիտեին, որ բանակցությունների հաջող ավարտի եւ խաղաղության, այսպես կոչված, համաձայնագրի ստորագրման համար խանգարում է Արցախը, եւ նման համաձայնագիր կարող է ստորագրվել միայն Արցախի վերջնական հայաթափումից հետո: Այդ հանդիպումից անմիջապես հետո ադրբեջանական կողմը հայտարարեց, որ խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել մինչեւ տարեվերջ: Ադրբեջանցիները գիտեին, որ մինչեւ տարեվերջ Արցախը հայաթափված է լինելու, այդ հարցում փոխըմբռնում կար ինչպես Հայաստանի, այնպես էլ, այսպես կոչված, միջազգային հանրության միջեւ, որը հանգիստ եւ անվրդով հետեւում էր, թե ինչպես է հայաթափվում Արցախը: Կասկածներ կան, որ անգամ այդ հանրության ինչ-որ շրջանակներից է մշակվել այս ծրագիրը։ Արցախի հայաթափման հարցում Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների միջեւ տարաձայնություն կար միայն հայաթափման մեթոդաբանության շուրջ: Օրինակ, Փաշինյանը կառավարության նիստերից մեկի ժամանակ առաջարկեց, որ Ալիեւն Արցախը հայաթափի փուլային տարբերակով. մի քանի օրով բացի Լաչինի միջանցքը, մի քանի հազար արցախցի միջանցքով հեռանա Հայաստանից, հետո էլի մի քանի ամսով փակի ու նորից բացի, եւ այդպես շարունակ: Բայց Ալիեւը չընդունեց Փաշինյանի առաջարկը՝ գերադասելով փաթեթայինը. մտածելով, որ փուլայինը կարող է ավելորդ ժամանակ պահանջել, ձգձգել պրոցեսը:

Փաշինյանը կարող է հույս ունենալ, որ Արցախը հայաթափելու գնով ինքը կարողացավ չեղարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը եւ հատկապես այդ հայտարարության 9-րդ կետը, որով Հայաստանը պարտավորվել էր ապահովել Ադրբեջանի անխոչընդոտ կապը Նախիջեւանի հետ: Ադրբեջանն այդ անխոչընդոտը մեկնաբանում էր որպես միջանցքի պարտավորություն եւ պահանջում էր, որ Հայաստանն էքստերիտորիալ միջանցք տա Ադրբեջանին՝ կապվելու ոչ միայն Նախիջեւանի, այլեւս Թուրքիայի հետ: Քանի դեռ Լաչինի միջանցքը գործում էր, Ադրբեջանը պնդում էր, որ Ադրբեջան-Նախիջեւան ճանապարհը պետք է նույն կարգավիճակն ունենա, ինչ Լաչինի միջանցքը: Բայց նույնիսկ Լաչինի միջանցքը փակելուց հետո Ադրբեջանը եւ Թուրքիան չդադարեցին խոսել միջանցքից: 

Փաշինյանը հույս ունի կամ նույնիսկ՝ պայմանավորվածություն, որ նույն Եվրոպական քաղաքական համայնքը կպաշտպանի իրեն, որ այդ համայնքի միջնորդությամբ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի այնպիսի տեքստ կստորագրվի, որը կբացառի որեւէ միջանցքի տրամադրում Ադրբեջանին: Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել պայմանագրի իր տարբերակը, որի մեջ, ըստ Արարատ Միրզոյանի, կան Հայաստանի համար անընդունելի ձեւակերպումներ: Պայմանագրի նախագիծը եւ կողմերի միջեւ ընթացող քննարկումների բովանդակությունը գաղտնի է պահվում, բայց քանի որ թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի նախագահները նույն համառությամբ խոսում են միջանցքի բացման մասին, նշանակում է, որ նրանք այդ կետը ներառում են նաեւ պայմանագրում: Փաշինյանը հույս ունի, որ Եվրոպական քաղաքական համայնքը կպաշտպանի իրեն, թույլ չի տա, որ Թուրքիան եւ Ադրբեջանն ուժով բացեն այդ միջանցքը: Փաշինյանի նման վստահությունը գալիս է նրանից, որ ինքը կատարեց Արեւմուտքի հանձնարարությունը եւ Արցախը հայաթափելու գնով հասավ նրան, որ ռուսական ներկայությունն Արցախում դարձավ ժամանակավրեպ, ռուսական բանակն առաջիկայում կհետեւի հայ բնակչության օրինակին եւ կէվակուացվի Արցախից: Փաշինյանը խոստանում է նույնն անել նաեւ Հայաստանում` Հայաստանից հանելով ռուսական բանակի եւ ՖՍԲ-ի ենթակայության տակ գտնվող սահմանապահներին: Ռուսներին Հայաստանից հանելու գինը պետք է լինի Արեւմուտքի կողմից Հայաստանի 29,8 հազար քառակուսի կիլոմետրի անձեռնմխելիության ապահովումը:

Հնարավոր է, որ Արեւմուտքը, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, Փաշինյանին նման խոստում տվել են, խոստացել են, որ կլրացնեն անվտանգության այն վակուումը, որը կառաջանա ռուսական բանակի՝ Հայաստանի տարածքը լքելուց հետո: Ի վերջո, 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի հավաքի շրջանակներում ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ Հայաստան եվրոպացի 100 դիտորդներ ուղարկելու վերաբերյալ: Այն ժամանակ նրանք Հայաստանում պետք է գործեին ընդամենը 2 ամիս, հիմա նրանց մանդատը կարծես անժամկետ է, իսկ Գրանադայում կարող է որոշվել ընդլայնելու առաքելության թե՛ կազմը, թե՛ ֆունկցիոնալությունը:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանին կոչ է անում՝ չհավատալ Արեւմուտքի եւ ԱՄՆ-ի երաշխիքներին, մատնացույց անելով այն երկրներին, որոնք վստահել են ամերիկացիներին: Հնարավոր է, որ նա ճիշտ է, բայց նույնն ասում են ամերիկացիները` չվստահել Ռուսաստանին եւ նրա անվտանգության երաշխիքներին, եւ այդ պահին ամերիկյան կողմի փաստարկները եւ ապացույցներն ավելի համոզիչ են, ու Հայաստանը կարիք չունի ուսումնասիրել այլ երկրների օրինակը, երբ սեփական օրինակն աչքի առաջ է:

Ավետիս Բաբաջանյան