2008-ի մարտի 1-ում լռվածները

2008-ի մարտի 1-ում լռվածները

Ազգային ժողովում ՄԻՊ Արման Թաթոյանին փոխարինողի ընտրությանն ամբողջովին չեմ հետևել, սակայն ինչքան որ հետևել եմ՝ դա բավարար էր, որպեսզի  պարզ լինի՝ տիկինը միտք չունի ձերբազատվել «քպկական համազգեստից»: Հենց համազգեստից և ոչ թե հագուստից, քանի որ առաջինը պարտադիր է կրման համար և փոփոխության ենթակա չէ: Նա նախընտրել է մնալ դրանում՝ գիտակցելով, որ հակառակ դեպքում կզրկվեր այդ պաշտոնից: Միաժամանակ կփակվեր նախկին բարձր՝ փոխնախարարի պաշտոնին վերադարձի հնարավորությունը: Ահա այդպիսի ժողովրդավարության պայմաններում ենք մենք ապրում: Ինչը չեն ցանկանում նկատել նախկին իրավապաշտպանները՝ բացառությամբ մեկ-երկուսի, ժողովրդավարության նախկին ջատագովները և միջազգային հանրություն կոչված անդեմ բազմությունը: Ինչը հերթական անգամ վկայում է, որ 2018-ի ապրիլին ծավալված իրադարձությունների նպատակը ժողովրդավարությունը չէր: Եվ կամ էլ հանուն ժողովրդավարության առանձին մարդկանց պայքարը տրամաբանորեն ավարտվեց ղեկավար պաշտոնների ձեռքբերումով: Այն էլ՝ միանձնյա ղեկավարությամբ հակաժողովրդավարական կառավարման համակարգում: Այսքանը արդարադատության նախկին փոխնախարար, այսուհետ ՄԻ պաշտպան Քրիստինե Գրիգորյանի մասին:

Անցնենք ՄԻՊ ընտրության գործընթացում ՔՊԿ-ական «ազգընտիրների» կամ իրենցից մեկի բնորոշմամբ՝ ուսապարկերի, ելույթների էությանը: Ինչպես արդեն նշեցի, դրանց լսել եմ կիսատ-պռատ, սակայն դա ևս բավարար էր, որպեսզի հերթական անգամ հավաստիանամ՝ վերջիններս նիկոլական կեղծ ժողովրդավարության հարազատ զավակներն են: Եվ նույնիսկ մասնակի վերափոփման ենթակա չեն: Դրանց գոնե թեթևակի չառնչվեց պատերազմը, մեր խայտառակ պարտությունը, բուն Հայաստանի տարածք թշնամու ներխուժումը և սահմանամերձ մեր բնակավայրերի բնակիչների անհուսալի վիճակը: Ինչո՞ւ եմ այդ ամենը հիշատակում: Որովհետև նրանց ելույթները լսողին կարող էր թվալ, որ վերը հիշատակված երևույթները տեղի չեն ունեցել ընդհանրապես կամ տեղի են ունեցել ոչ թե մեզ, այլ թշնամու հետ: Ոչ վաղ անցյալի վերաբերյալ հիշողության կորուստը զարմանալիորեն դարձել է նիկոլական իշխանության ողջ վերնախավի առանցքային բնութագրիչ հատկանիշը: 

Եթե ես չափազանցնում եմ, ապա ինչպես հասկանալ ուսապարկերից մեկի այն ակնարկ-դատողությունը, թե մեր կյանքի ամենաողբերգական էջը 2008 թվականի մարտի 1-ին քնած մարդկանց ծեծն էր, իսկ այնուհետև 10 հոգու սպանությունը: Պատկերացնում եք՝ ոչ թե 2020-ի խայտառակ պարտությունը՝ բազմահազար մարդկային զոհերով ու Արցախի մեծ մասի կորստով, 2021 թվականի իրադարձությունները, այլ հենց մարտի 1-ը: Եվ նման մտածողությունն անհատական հարթությունից դուրս է եկել ու վերածվել ՔՊԿ-ական ընդհանուր մտածողության: Այնպիսի տպավորություն ունեմ, որ այդ մարդիկ մնացել եմ 2008 թվականի մարտի 1-ում՝ ճիշտ այնպես, ինչպես 1993 թվականի ամերիկյան «Արջամկան օրը» կինոնկարի հերոսը: Բայց մեր դեպքում՝ ի տարբերության ամերիկյանի, գործ ունենք ոչ թե կատակերգության, այլ ողբերգության հետ: Եվ կրկին ի տարբերության ամերիկյանի կինոնկարի միայնակ հերոսի՝ մեր դեպքում ողբերգությունը համազգային է: