Փոխքաղաքապետի անժամանակ հրաժեշտն ու նրա անհայտ դրական քայլերը

Փոխքաղաքապետի անժամանակ հրաժեշտն ու նրա անհայտ դրական քայլերը

Դեռ 2020-ի ձմռանը Երեւանի ավագանու իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, իրավաբան Գայանե Մելքոմ Մելքոմյանի՝ Երեւանի փոխքաղաքապետի պաշտոնում առաջադրումը տարատեսակ քննարկումների ու մեկնաբանությունների տեղիք է տվել։ Մասնագիտությամբ իրավաբան Գայանե Մելքոմ Մելքոմյանը ստանձնեց Երեւանի փոխքաղաքապետի պաշտոնը, սակայն չուներ կառավարչական հմտություններ: Զարմանալին այն էր, որ մասնագիտությամբ իրավաբան Գայանեին վստահվել էին հանրակրթության եւ մշակույթի ոլորտները:

Տարատեսակ քննադատությունների արժանանալուց անմիջապես հետո Գայանե Մելքոմ Մելքոմյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր հետեւյալը. «Իմ առավելագույն կարողություններն ի շահ քաղաքի գործադրելու մղումով՝ առաջարկն ընդունել եմ»: Սակայն թե որոնք էին այդ կարողությունները, որ կարող էին ի շահ քաղաքի գործադրվել, 2020-ից մինչեւ հիմա այդպես էլ պարզ չդարձան: Ժամեր առաջ էլ տեղեկացանք վերջինիս «հրաժեշտի երգի» մասին: Մեր այն հարցին, թե այս ընթացքում Երեւանի հանրակրթության եւ մշակույթի ոլորտներում ինչ աշխատանքներ է կատարել ինքը, Տիկին Մելքոմ Մելքոմյանը, նշեց հետեւյալը.

«Չհասկացա ինչի մասին եք խոսում: Բազմաթիվ դրական քայլեր կարող եմ նշել, բայց դրանց մասին Ձեզ չեմ ցանկանում ասել»: Մենք փորձեցինք նաեւ իմի բերել նրա ֆեյսբուքյան հին ու նոր գրառումները, քանզի նա համացանցում բավականին ակտիվ է, սակայն պարզվեց, որ տիկին Մելքոմ Մելքոմյանը ջնջել է ֆեյսբուքյան էջը: