«5-րդ ալիքը» Հայաստանում միակ հեռուստաընկերությունն է, որի վարկանիշը չեն չափում

«5-րդ ալիքը» Հայաստանում միակ հեռուստաընկերությունն է, որի վարկանիշը չեն չափում

2016 թվականից հեռուստադաշտում վարկանիշային չափումների միակ իրականացնողը՝ «Ադմոսֆեր Արմենիա» ընկերությունը, հուլիսից չի չափում «5-րդ ալիք» հեռուստաընկերության վարկանիշը։ Այս հեռուստաընկերությունը դուրս է մնացել հանրապետական եւ երեւանյան սփռում ունեցող հեռուստաընկերությունների ռեյտինգների աղյուսակներից, թեեւ «Հինգը» դիտում են։ Այն պաշտոնական կարծիքից ընդգծված տարբերվող դիրքորոշում ունի, սիրողների ու չսիրողների մեծ բանակ, եթերում մյուս ալիքներից տարբերվող մասնագիտական հնարքներ ու լուծումներ է կիրառում, եւ այս ամենը հաշվի առնելով՝ պարզապես չի կարող ցածր վարկանիշ ունենալ։ Մինչդեռ տպավորություն է, թե նման անվանումով TV Հայաստանում ընդհանրապես գոյություն չունի։

Հիշեցնենք, որ «Ադմոսֆեր Արմենիան» ՀՀ-ում գործող վարկանիշային միակ ընկերությունն է, որը ամեն օր որոշում  է հանրապետական եւ երեւանյան սփռում ունեցող բոլոր հեռուստաընկերությունների վարկանիշները։ Պարզ ասած՝ բոլոր այն ալիքները, որոնք կարելի է դիտել «անտենայի» միջոցով, այս ընկերության հետ պայմանագիր ունեն։

Մեր տեղեկություններով, չափումների աղյուսակներից «5-րդ ալիքի» բացակայության պատճառը ներքին անհամաձայնությունն է, որն ամիսներ առաջ ծագել է երկու ընկերությունների միջեւ։ Սակայն «Ադմոսֆերում» այս տեղեկությունը հերքում են։
Ընկերության կայքում հետեւյալ կերպ է բացատրված «5-րդ ալիքի» բացակայությունն աղյուսակներից։ ««5 TV» հեռուստաալիքի հեռարձակումը, տեխնիկական պատճառներով, ուղեկցվում է աղմուկով՝ մարդու համար ոչ լսելի ձայնային տիրույթում: «Ադմոսֆեր Արմենիա» ընկերությունը հեռուստալսարանի չափումն իրականացնում է ձայնային նմուշների ճանաչման տեխնոլոգիայով (SimEar ™ © ®), ու այդ պատճառով նման աղմուկների առկայությունը կարող է բերել չափման անճշտությունների: Չափման արդյունքի որակը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ կայացվել է որոշում՝ ժամանակավորապես դադարեցնել «5 TV» հեռուստաալիքի չափումը, բայց շարունակել հեռուստաեթերի ամբողջական անկախ մոնիթորինգը: Տեխնիկական խնդիրը վերանալուն պես «5 TV» հեռուստաալիքի չափումը կվերականգնվի»:


Ե՞րբ է լուծվելու խնդիրը։ «Ադմոսֆերի» ղեկավար Տիգրան Մելիքյանը ստույգ չի կարող ասել։ «Կարող է մեկ ամսից լուծվի, կարող է 5 ամսից էլ չլուծվի։ Պարզեցնեմ՝ մեր սարքերն աշխատում են ձայնային նմուշի ճանաչման տեխնոլոգիայով, բայց այն օրվանից, երբ «5-րդ ալիքը» տեղափոխվել է, նրանց ձայնային նմուշը մեր սարքերի համար անճանաչելի է»։  

Մելիքյանը վստահեցնում է, որ «Ադմոսֆերին» ձեռնտու չէ գործընկեր կորցնելը, քանի որ իրենք այդ հեռուստաընկերության հետ ունեն պայմանագիր եւ եկամուտ են ստանում։ «Մեզ համար դա վնաս է։ Ընկերությունը դադարել է մեզ գումարներ վճարել, քանի որ այլեւս չի ստանում վարկանիշի տվյալները»,- նշեց Տիգրան Մելիքյանը։ Նա վստահեցնում է, որ օր օրի սպասում է նոր սարքավորմանը, որի միջոցով տեխնիկական խնդիրը գուցեեւ լուծվի։

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովից փորձեցինք պարզել, թե որքանով են օրինական «Ադմոսֆեր Արմենիայի» գործողությունները, եւ արդյոք այն չունի՞ իրավական պարտավորություն՝ բոլոր հեռուստաընկերությունների վարկանիշները չափելու եւ բոլորի համար հավասար պայմաններ ապահովելու։ Չ՞է որ գովազդատուն հաճախ վարկանիշային տվյալներ է պահանջում, եւ առանց դրանց տիրապետելու, հեռուստաընկերությունը զրկվում է գովազդից, վնաս է կրում։ «Ոչ, իրավական պարտավորություն «Ադմոսֆերը» չունի,- պատասխանեցին ՀՌԱՀ-ից, - հանձնաժողովն այդ խնդրին «խառնվելու» որեւէ լիազորություն չունի, սակայն կարծում ենք, որ օրենսդրությամբ պետք է բոլորի համար հավասար պայմաններ ամրագրվեն։ Ե՛վ գովազդատուն, ե՛ւ հեռուստաընկերությունը, ե՛ւ հեռուստադիտողները պետք է տեսնեն, թե ով ինչ վարկանիշ ունի»։  
Ըստ «5-րդ ալիքի» տնօրեն Հարություն Հարությունյանի՝ իրենց հեռուստաընկերությունը չչափագրելու պատճառները կարող են լինել ե՛ւ քաղաքական, ե՛ւ տնտեսական, բայց, ինչպես ինքը հավելեց, ավելի շատ՝ տնտեսական։ «Հեռուստաընկերությունը տուժում է, բայց ոչինչ չի կարող անել, չափող ընկերությունը մեկն է»:

Նա հաստատեց, որ իրենց եւ «Ադմոսֆեր Արմենիա»-ի միջեւ եղել են ներքին անհամաձայնություններ, փաստարկված անհամաձայնություններ, որից հետո ժամանակավորապես դադարեցվել են չափումները՝ խոստումով, որ կվերականգնվեն սեպտեմբերից։ «Սակայն տարին ավարտում ենք առանց չափումների: Սա, իհարկե, լուրջ հարված է մեր ընկերությանը, որովհետեւ, ինչպես գիտեք, տարվա ավարտին են գովազդատուների հետ կնքվում հաջորդ տարվա պայմանագրերը, եւ, փաստորեն, դուրս մնալով չափումներից՝ շատ ընկերություններ չեն կարող գովազդի պայմանագիր կնքել մի ընկերության հետ, ով վարկանիշային աղյուսակում գոյություն չունի: Ըստ էության, «Ադմոսֆերն» իր անգործությամբ խոչընդոտում է մեր բնականոն աշխատանքը»։

Ինչո՞ւ է չափող ընկերությունն անգործություն ցուցաբերում։ Այս մասին «5-րդ ալիքի» տնօրենը խոսել չցանկացավ: Ասաց միայն․ «Այսպես շարունակվելու դեպքում մի օր կխոսեմ, իսկ առայժմ կսպասեմ: Խառը ժամանակներ են, կրակին յուղ լցնելու ցանկություն չունեմ»:

Չի բացառվում, որ երկրորդ նախագահի անվան հետ կապվող հեռուստաընկերության վարկանիշն իրոք, ինչ-ինչ տեխնիկական պատճառներով է, որ չի չափագրվում, բայց ցանկացած ոք, խնդրին ծանոթանալով, կարող է այս հարցում քաղաքական ենթատեքստ փնտրել։