Ուզում ես խաղալ, լռիր․ հերթական սկանդալը հայկական ֆուտբոլում

Ուզում ես խաղալ, լռիր․ հերթական սկանդալը հայկական ֆուտբոլում

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը օրերս՝ Թուրքիայի ու Խորվաթիայի հետ Հայաստանի հավաքականի հանդիպումներից առաջ, հերթական տեղեկությունն էր տարածել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ ակումբի նկատմամբ ցուցաբերած վատ վերաբերմունքի վերաբերյալ։ «Փյունիկի» ղեկավար կազմը սակայն, հաշվի առնելով Հայաստանի հավաքականի առաջիկա հանդիպումները, որոշել էր լռել ու հանդիպումների ավարտից հետո միայն բացել փակագծերը։ Այսպիսով, երբ արդեն Թուրքիայի ու Խորվաթիայի հավաքականների դեմ հանդիպումները անցյալում են, հայտնի է դարձել, որ ՀՖՖ -ն «Փյունիկ» ակումբին զրկել է տնային խաղերում մարզադաշտ ունենալու հնարավորությունից։ Սեպտեմբերի 8-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան «Փյունիկ ՖԱ»-ին տեղեկացրել է, որ Հայաստանի առաջնության տնային հանդիպումների համար օգտագործվող Աբովյանի մարզադաշտի վարձակալության պայմանագիրը միակողմանի լուծարվում է , իսկ պահեստային համարվող Արմավիրի մարզադաշտի տրամադրումը՝ մերժվում։ Ակումբը փաստացի զրկվել է ընթացիկ մրցաշրջանում առաջնությանը հավասար պայմաններում մասնակցելու հնարավորությունից և իրավունքից, որի կազմակերպման համար պատասխանատու է հենց ՀՖՖ-ն:

Որպես պաշտոնական հիմնավորում՝ ներկայացվել է ակումբի նախագահ Արթուր Սողոմոնյանի՝ հարցազրույցներում բարձրացված գնահատողական դատողությունների տեսքով խնդիրները։ Կոնֆերենցիաների լիգայի տնային հանդիպման վայրը փոխելու հետևանքով շատ երկրպագուներ չեն կարողացել ներկա գտնվել «Փյունիկ»-«Կալմար» պատասխան հանդիպմանը Աբովյանի մարզադաշտում։ Բացի դրանից, ակումբի ղեկավարությունը ստիպված  որոշում է ընդունել «Փյունիկ»-«Բուդյո-Գլիմտ» հանդիպման մուտքը երկրպագուների համար դարձնել անվճար ու փոխհատուցել արդեն գնված տոմսերի արժեքը։ 

«Փյունիկի» ղեկավար կազմի պնդմամբ՝ սա ցավոք ՀՖՖ ղեկավարության նման քայլերի միակ օրինակը չէ։ «Մեր քննադատական դիրքորոշումը ուղղված է բացառապես ազգային ֆուտբոլի առաջընթացին։ Բայց կառուցողական երկխոսության փոխարեն ՀՖՖ-ի ղեկավարներից ստանում ենք այսպիսի որոշումներ, որոնք ժամանակ առ ժամանակ վնաս են պատճառում ոչ միայն մեր ակումբին, այլև ընդհանրապես հայկական ֆուտբոլի իմիջին միջազգային ասպարեզում»,- նշում են ակումբի ներկայացուցիչները։