Հայաստանի ֆեյսբուքյան Հանրապետություն

Հայաստանի ֆեյսբուքյան Հանրապետություն

Հաճախ տրամաբանական հարց է առաջանում, թե ինչի՞ համար են Նիկոլ Փաշինյանի բոլոր այս ներկայացումները, ո՞րն է այս գյուղական թատրոնի իմաստը: Ինչո՞ւ են պետական պաշտոնյաներն իրենց բուն պարտականություններն իրականացնելու փոխարեն փողոցում դիմակ բաժանում: 

Եվ ամեն անգամ համանման հարցերի մասին մտածելիս արձանագրվում է այն պարզ ճմարտությունը, որ մեր պետությունը ապրում է ֆեյսբուքի մեկ օրվա տրամաբանությամբ: Հայաստանն իր բովանդակությամբ արդեն իսկ մի մեծ վիրտուալ ֆլեշմոբ է:  Այսօր նրանք դիմակ են բաժանում, երեկ պետականությունն էին փրկում հիբրիդային հեղաշրջումից, իսկ վաղը` ամենայն հավանականությամբ ականատես կլինենք հերթական ֆեյսբուքյան դատավարությանը: Սա է ողջ եղելությունը և գոյության պատեհությունը: Ուրիշ իմաստ պարզապես չեմ կարողանում գտնել: 

Ինչ-որ իմաստով ամենն այս նաև տրամաբանական է և օրինաչափ: Երբ պետության գաղափարը հավասարվում է շուկայի թափառական թատրոնին, բնական է, որ նախարարներն ու չինովնիկները պետք է տեսախցիկների առջև կրկնեին իրենց վարչապետի արկածները: Իհարկե ընդգծված ժպիտով, բայց մտքում հայհոյելով, քանի որ  հասկանում են, որ կառավարության ղեկավարի քմահաճույքով իրենք զբաղված են ոչնչով: 

Ոչ ոք չէր ասում, թե Կորոնավիրուսը չի գալու Հայաստան, ոչ ոք չէր պնդում, թե մահեր չեն լինելու: Դա անկասելի և անխուսափելի ներխուժում էր, որից հնարավոր չէր փախչել: Մարտահրավերի դեմ պայքարում ընդամենը անհրաժեշտ էր ցուցադրել պետության հմայքն ու ուժը, պետական հաստատությունների կենսունակությունն ու քաղաքացիներին պաշտպանելու կարողությունը: Սա էր պետք անել, այլ ոչ թե անհոգության մատնվել և փաստի առաջ կանգնելուց հետո պարզունակ ներկայացումներ բեմադրել: Եվ այնուամենայնիվ Ֆեյսբուքյան ֆլեշմոբերով  պետություն չեն կառավարում: