Ով է Շեկոն Գյումրիում, եւ ինչու էին ոստիկանները ներխուժել նրա խանութ

Ով է Շեկոն Գյումրիում, եւ ինչու էին ոստիկանները ներխուժել նրա խանութ

Երեկ անդրադարձել էինք Գյումրիում կատարված միջադեպին։ Հիշեցնենք, որ մեր տեղեկություններով, նախօրեին՝ երեկոյան, Գյումրիում միջադեպ է գրանցվել ոստիկանների եւ Անի թաղամասում տեղակայված  սպասարկման օբյեկտներից մեկի աշխատողների, ինչպես նաև  այդ պահին այնտեղ գտնվող  հաճախորդների միջև: 

Ըստ լուրերի՝ ոստիկանները ներխուժել են Գյումրիում «Շեկո» մականունով գործարարի խանութ եւ հայհոյանքներով պահանջել խանութի սեփականատիրոջը: Ավելացնենք, որ միջադեպը տեղի է ունեցել Գյումրու Սախարովի անվան հրապարակում տեղակայված «Կռունկ» խանութում:

Այս խանութում ամիսներ շարունակ հերթեր էին, քանի որ սեփականատերը՝ Գարիկ Ուզունյանը, նույն ինքը՝ Շեկոն, քաղաքացիներին անվճար հաց, ձուկ, ձեթ էր բաժանում: 30-ամյա երիտասարդը հիմնել է սեփական հացի փռի արտադրամաս եւ տեղում թխած հացը բաժանում է ժողովրդին: Ակցիան իրականացվում է դեռ 2017-ից եւ պարբերական բնույթ է կրում: Բարեգործությունը շարունակելու նպատակով Գարիկ Ուզունյանը ստեղծել է «Կռունկ» բարեգործական հիմնադրամը: «Եկեք համախմբվենք մեկ գաղափարի շուրջ և օգնենք ծանր կացության մեջ գտնվող մարդկանց»,-խնդրում էր նա եւ մեծահարուստների ուշադրությունը հրավիրում ստեղծված իրավիճակի վրա:

Ըստ գործարարի մտերիմների՝ երեկ ոստիկանները ներխուժել են խանութ, փնտրել են Գարիկին՝ պատրվակով, թե կասկածում են սառը զենք կրելու մեջ: Նրանց խոսքերով՝ դա ուղղակի ծիծաղելի է: Ենթադրում են,որ ոստիկանների կողմից հետապնդվում է քաղաքական հայացքների համար, քանի որ վերջերս ընդդիմադիր պահվածք է դրսևորել: Նկատենք, որ Գարիկ Ուզունյանը նաև թաղային հեղինակություն է, ինչը նույնպես առիթ է տալիս ենթադրելու, որ ոստիկանների ուշադրության կենտրոնում պատահական չէ հայտնվել:

Ավելացնենք, որ երեկ  համացանցում տեսանյութ էր հրապարակել նաև գյումրեցի իրավապաշտպան  Կարապետ Պողոսյանը՝ գրելով. «Երեկ երեկոյան, 22:30-ին, ոստիկանական բեսպրեդելը հարձակվել է իմ գաղափարական ընկերոջ, ակտիվ ընդդիմադիր Գարիկի` Շեկոյի խանութի վրա: Կադրերում ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Աշոտ Գրիգորյանը և ոստիկանության Գյումրու Մուշի բաժնի պետ Խորեն Բարխոյանն են, խանութում քաշքշել են աշխատակիցներին և Վրաստանի քաղաքացի հանդիսացող հաճախորդներին...
Նիկոլ Փաշինյան, այ տղա, մեզնից հեռու մնա...
ՀԳ. Ես ու Գարիկն այդ ժամին քաղաքում չենք եղել, վերադարձել ենք գիշերը շատ ուշ...
ՀԳ 2. Կադրերում հնչող ոստիկանապետերի հայհոյանքները հրապարակելու համար ներողություն եմ խնդրում:
ՀԳ 3. Առկա են նաև այլ տեսագրություններ, որոնք կհրապարակեմ ավելի ուշ»:

Նշենք, որ Կարապետ Պողոսյանի խոսքերով, իրենք իրենց ավտոմեքենաները խանութի առջև են կայանել, այլ մեքենաներով քաղաքից դուրս են եկել: Ոստիկանները ենթադրել են, որ իրենք խանութի ներսում են, եւ հերթական այցն են իրականացրել: «Մտածել են՝ ներսում ենք, եկել էին ջեբերս ընկնելու, սովորաբար մենք երեկոյան այդտեղ ենք հավաքվում»,-նշում է Պողոսյանը :

ՀՀ Ոստիկանությունը կատարվածի վերաբերյալ պարզաբանում է ներկայացրել: «Սոցցանցի օգտատերերից մեկը տեսանյութ է տարածել Գյումրիում ոստիկանության ծառայողների կողմից անձանց բերման ենթարկելու մասին, որին անդրադարձել են նաև էլեկտրոնային լրատվամիջոցները։

Տեղեկացնում ենք, որ ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ տարածված տեսանյութը և միջադեպը ուսումնասիրվում են»: