Մանրամասներ «Terazza»-ի ծեծկռտուքի և մասնակիցների վերաբերյալ

Մանրամասներ «Terazza»-ի ծեծկռտուքի և մասնակիցների վերաբերյալ

Երեկ երեկոյան Իսահակյան փողոցում գտնվող «Terazza» ռեստորանում ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Արտակ Սարգսյանի՝ ՍԱՍ-ի Արտակի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել։ Hraparak.am-ը գրել էր, որ միջադեպին մասնակից են եղել հայաստանյան ու ռուսաստանաբնակ խոշոր գործարարներ, որոնց դուր չի եկել Արտակ Սարգսյանի պահվածքը։ Ոստիկանությունից Hraparak.am-ին ասացին, որ տեղեկությունները ստուգվում են, հանգամանքները պարզվում են, ռեստորանի որոշ անձինք ներկայացել են ոստիկանություն։ Ու մինչ ոստիկանությունը երեկվանից դեռ ստուգում է տեղեկություններն ու պարզում հանգամանքները, «Հրապարակին» հայտնի դարձավ, թե ովքեր են իրականում եղել միջադեպի մասնակիցները, և որն է եղել քաշքշոցի կամ ծեծկռտուքի առիթը։ 

Ըստ մեր տեղեկության՝ Արտակ Սարգսյանը երեկ երեկոյան մտել է սրճարան, որտեղ, ի թիվս այլ անձանց, մեկ սեղանի շուրջ նստած են եղել մի շարք խոշոր գործարարներ։ Նրանց թվում են եղել Արամ Քոչարյանը, ում պատկանում է Մոսկովյան փողոցում գտնվող նորակառույց «Մոսկովյան պլազա» բիզնես-կենտրոնը, մոսկվաբնակ գործարար «Աչագի» Գագոն, ռուսաստանաբնակ մեկ այլ գործարար «Կալուգայի» Նորոն, ում պատանում է Աբովյանի «Ձկանոցը» և Արթուր Վարսանյանը, ով, ինչպես մամուլում նշվեց, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի մտերիմներից կամ բարեկամներից է։ Արտակ Սարգսյանը մոտեցել բարևել է Վարսանյանին, ում ճանաչում է անձնապես, մյուսներին չի բարևել։ Այստեղ Արամ Քոչարյանն ասել է, թե ինչո՞ւ իրենց էլ չի բարևում, իսկ Կալուգայի Նորոն էլ, որ Արտակ Սարգսյանի համագյուղացին է (երկուսն էլ Կոտայքի մարզի ակունք գյուղից են), հանդիմանել է, թե «ինձ չես ճանաչո՞ւմ, որ բարև չես տալիս»։ Արտակ Սարգսյանը արհամարհական ձևով մեկնել է ձեռքը Նորոյի ուղղությամբ, որ բարևի, ինչն ավելի է  զայրացրել ներկաներին։ Միջամտել է «Աչագի» Գագոն, որի դուստրը ամուսնացած է Սերժ Սարգսյանի կրտսեր փեսայի՝ Հայկ Խաչատրյանի եղբոր հետ։ Խաչատրյանը ժամանակին լավ աջակցել է Արտակ Սարգսյանին։ Ուստի «Աչագի Գագոն», թերևս դա նկատի ունենալով, հիշեցրել է՝ «էդքան մեծացա՞ր, որ արդեն բարև էլ չես տալիս»։ Հետո սկսվել է քաշքշոց, Արտակ Սարգսյանին մի քանի հարված են հասցրել, վերջինս իր թիկնապահներին է կանչել, սկսվել է ծեծկռտուք։ Արթուր Վարսանյանն ու ևս մեկ անձ փորձել են բաժանել։ Այդ ընթացքում ռեստորանի աշխատակիցները զանգահարել են ոստիկանություն։ ՍԱՍ-ի Արտակին տարել են բաժին, որտեղ նա հերքել է իր մասնակցությունը միջադեպին։ Սարգսյանին նաև փորձաքննության են ենթարկել որ պարզեն՝ վնասվածքներ ունի՞։ Միջադեպի մյուս մասնակիցներն էլ ոստիկանությանը ոչինչ չեն ասել՝ հերքելով իրենց մասնակցությունը, որ գործը փակվի գնա։