Ինչ կփոխվի, եթե Թուրքիայում նախագահ դառնա Քեմալ Քըլըչդարօղլուն 

Ինչ կփոխվի, եթե Թուրքիայում նախագահ դառնա Քեմալ Քըլըչդարօղլուն 

Նախօրեին Թուրքիայում տեղի ունեցած նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով՝ նախագահականի պարագայում՝ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի կարողացել հավաքել հաղթանակի համար անհրաժեշտ 50 տոկոս քվե, քվեների 99,9 տոկոսի մշակման արդյունքում նրան ձայն է տվել ընտրողների 49,34 տոկոսը։ Նրա հիմնական մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն ձայն տվածների թիվը հասել է 45 տոկոսի, ըստ TRT Haber-ի փոխանցման։ 

Սա նշանակում է, որ մայիսի 28-ին, ամենայն հավանականությամբ տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Հիշեցնենք, որ Թուրքիայում նախագահական ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել էր 3 թեկնածու՝ 69 տարեկան Էրդողանը, 74 տարեկան Քըլըչդարօղլուն, 55 տարեկան Սինան Օղանը։ 4 -րդ թեկնածուն՝ Մուհարեմ Ինջեն, ընտրություններից երեք օր առաջ հանել էր իր թեկնածությունը։ 

Նշենք, որ վերջնական հայտարարություն Թուրքիայի ԿԸՀ-ն կանի մայիսի 19-ին, սակայն նախնական արդյունքները արդեն բավականին խոսուն են եւ վկայում են այն մասին, որ Թուրքիայում Էրդողանը, ամենայն հավանականությամբ, կորցրել է ժողովրդի վստահությունը։ Այս իրավիճակում, մասնագետների համար հիմնական հարցը շարունակում է մնալ այն, թե ինչ կփոխվի Թուրքիայում, եթե Էրդողանը ընտրությունների երկրորդ փուլում կորցնի իշխանությունը։ Ըստ ամենայնի, եթե իշխանության գան քեմալականները, ապա Թուրքիան կվերադառնա արեւմտյան արտաքին եւ ներքին քաղաքականության ուղեծիր։ Հնարավոր է ավելի սերտանան հարաբերությունները արեւմտյան երկրների հետ, իսկ Ռուսաստանի հետ հարաբերությունները որոշակիորեն վերանայվեն, թեեւ պետք է նաեւ նկատել, որ Ռուսաստանը Թուրքիայի համար կարեւորագույն առեւտրատնտեսական գործընկեր է։ Սրանով հանդերձ, շատ թուրք մասնագետներ այն կարծիքին են, որ Քըլըչդարօղլուն կտրուկ փոփոխությունների չի գնա արտաքին քաղաքականության ոլորտում։ Ավելի շատ կփոխվեն, օրինակ, Ռուսաստանի եւ Թուրքիայի ղեկավարների անձնական հարաբերությունները։ Էրդողանը եւ Պուտինը ներկայանում էին որպես ընկերներ, մինչդեռ հայտնի չէ, թե Քըլըչդարօղլու եւ Պուտինի անձնական շփումների արդյունքն ինչպիսին կլինի։ 

Քըլըչդարօղլուի համար առաջնային կարեւորություն կունենա, իշխանության գալու դեպքում, Թուրքիայի ներքին ֆինանսատնտեսական խնդիրների կարգավորումը, երկրի՝ ճգնաժամային վիճակից դուրս բերումը եւ արտաքին քաղաքականության հարցերում էլ, հնարավոր է, որ նա առաջնորդվի այս հրամայականով։ 

Հայաստանի մասով, դժվար թե առանձնապես լուրջ փոփոխություններ լինեն։ Ադրբեջանի մասով էլ որոշակի փոփոխություններ կլինեն։ Թերեւս Արեւմուտքի ճնշման ներքո, Անկարան ավելի կմեղմացնի վերաբերմունքը Երեւանի հետ, կփորձի ամենայն հավանականությամբ, ավելի չեզոք դիրք ունենալ Բաքվի հանդեպ։ Թուրքական հասարակությունը կրոնասեր Էրդողանի դարաշրջանից հետո, եթե վերջինս կորցնի իշխանությունը, կվերադառնա աշխարհիկ հասարակական մոդելին եւ Թուրքիան կձգտի ավելի նմանվել աշխարհիկ արեւմտյան պետության։