Եվրոպական դատարանը 6 տարի է՝ քննում է Հաց բերողի վերաբերյալ գանգատը

Եվրոպական դատարանը 6 տարի է՝ քննում է Հաց բերողի վերաբերյալ գանգատը

ՊՊԾ գործով մեղադրյալ Արթուր Սարգսյանի (Հաց բերող)  մահից անցել է 6 տարի։ Քննչական կոմիտեում հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահը։

Քրեական գործով նշանակել էր հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն` մահվան պատճառը պարզելու համար: 2018 թվականի ամռանը քննչական կոմիտեն հայտարարեց, որ Արթուր Սարգսյանի մահը վրա է հասել բազմաօրգանային անբավարարությունից: Բացի այդ, պարզվել էր, որ նա տառապել է «Բեխտերեւի»(կալանքի հետ անհամատեղելի) հիվանդությամբ, սակայն թիվ 226/հձ եզրակացության համաձայն՝ ինչպես «Նուբարաշեն», այնպես էլ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկներում նշված հիվանդության, ինչպես քրոնիկական սիրտ-թոքային ախտաբանության կապակցությամբ բուժում չի իրականացվել:

Բայց անգամ հեղափոխությունից հետո Արթուր Սարգսյանի մահվան փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում դեռ որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել։

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում արդեն 6 տարի քննվում է Արթուր Սարգսյանի վերաբերյալ գանգատը։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց Հաց բերողի եղբայրը՝ Արտակ Սարգսյանը։

«Արդեն 6 տարի է Եվրոպական դատարանում քննվում է գանգատը, դեռեւս պատասխան չկա»։

Հաց բերողի գանգատով Եվրոպական դատարանը սկսել է հաղորդակցության փուլը, որի շրջանակում, ի թիվս կալանքի հիմնավորվածության, առողջական վիճակի և նրան տրամադրված բժշկական օգնության վերաբերյալ հարցերի, ՄԻԵԴ-ը նաև հարցադրումներ է կատարել այն մասին, թե ինչ փուլում է գտնվում նրա մահվան կապակցությամբ հարուցված քրեական գործով քննությունը:

Նշենք, որ «Հաց բերող» անունը վաստակած Արթուր Սարգսյանը, 2016 թվականի հուլիսի 17-ին Երևանի ՊՊԾ գնդի տարածքը գրավելու օրերին կրակահերթերի տակ ավտոմեքենայով ճեղքել էր ոստիկանական պատնեշը ու սնունդ տարել «Սասնա ծռեր» զինված խմբին։ 2016 թվականի հուլիսի 31-ին, երբ Վիտալի Բալասանյանի և Արթուր վարած բանակցություների արդյունքում «Սասնա ծռերը» որոշում կայացրեցին վայր դնել զենքերը և հանձնվել ԱԱԾ-ին, Հաց բերողի նկատմամբ ևս մեղադրանք առաջադրվեց. նա մեղադրվում էր զինված խմբին օժանդակելու մեջ։