Սկսվել է ուկրաինական «կոնտրնաստուպը»

Սկսվել է ուկրաինական «կոնտրնաստուպը»

Ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ գրելիս փորձում եմ հնարավորինս լինել օբյեկտիվ՝ անկախ իմ դիրքորոշումներից: Պատճառն ավելի քան ակնհայտ է՝ այդ հակամարտության ելքով է որոշվում այսօր Արցախի, իսկ վաղը կորոշվի Հայաստանի Հանրապետության ապագան: Դրա մասին բազմիցս գրել են աշխարհաքաղաքական իրադրությունում կողմնորոշվող այլ հեղինակներ: Մի մասը (այդ թվում՝ ես) ռուսական զենքի հաջողությամբ են պայմանավորում մեր շատ թե քիչ տանելի իրավիճակը՝ հատկապես Նիկոլի վարչապետության պայմաններում: Մյուս մասը որդեգրել է հակառակ տեսակետ: Ամեն մեկս մեր տեսակետն ենք համարում ճշմարիտ, բայց վերջնական խոսքը պատկանելու է պատմությանը: Հուսով եմ, որ այն հետագայում եւս առիթներ կունենա անդրադառնալու հայոց պետականությանը: Բայց, իհարկե՝ դրական առումով:

Դեռեւս անցյալ տարեվերջից այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունն անընդհատ խոստանում էր խարկովյան ռազմական հաջողությունը տարածել հարավային ուղղությամբ: Որպես հակահարձակման նպատակ՝ ներկայացվում էր Ազովի ծովափ դուրս գալով՝ Ղրիմի թերակղզին հետ վերցնելը: Իսկ Ուկրաինայի նախագահի գրասենյակի աշխատողն անգամ հայտարարել էր, որ հենց այս օրերին հանգստանալու է Յալթայում: Հակահարձակումը (ուկրաիներենով՝ «կոնտրնաստուպ») պետք է նախաձեռնվեր ձմռանը, հետո տեղափոխվեց գարուն եւ վերջապես սկսվեց ամռան առաջին օրերին: Հետաձգման հիմնական պատճառները երկուսն էին՝ ՆԱՏՕ-ական սպառազինություն (արեւմտյան ժամանակակից հրթիռներ, զրահամեքենաներ, հրասայլեր եւ այլն) ստանալու ձգտումը եւ ոչ բարենպաստ եղանակային պայմանները:

Ուկրաինացիները, սակայն, չստացան աշխարհի լավագույն՝ ամերիկյան «Աբրամս Մ1» հրասայլը, թեեւ ստացան համարյա նույն կարգի անգլիական «Չելինջեր» եւ գերմանական «Լեոպարդ 2» տեսակի հրասայլեր: Ստացան նաեւ բարձր որակի զրահամեքենաներ եւ կարճ հեռահարության հրթիռներ: Չեն ստացել, սակայն արդեն ուկրաինացի ռազմական օդաչուներն արեւմտյան երկրներում վերապատրաստում են անցնում ամերիկյան F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչներ շահագործելու ուղղությամբ: Մի քանի ամիս շարունակ ուկրաինական ղեկավարությունը համոզում էր ՆԱՏՕ-ական երկրների ղեկավարությանը՝ տրամադրել պահանջված սպառազինությունը՝ խոստանալով բեկում մտցնել պատերազմում: Այդ նպատակին էր ծառայում նաեւ Դոնբասի տարածքում գտնվող Բախմուտ քաղաքի պաշտպանությունը, որ տեւեց ավելի քան կես տարի ու ավարտվեց անհաջողությամբ: 

Կորցնելով այդ քաղաքը՝ ուկրաինական զորաջոկատները փորձում են թեւային հարձակումներով հետ վերցնել այն, ինչը կրկին անհաջողության է մատնվում: Հաջողության դեպքում այն կհայտարարվեր որպես վաղուց սպասված հակահարձակման սկիզբ: Բայց քանի որ դա տեղի չունեցավ, կրկին առաջ եկավ հարավային ուղղությամբ գործողություններ նախաձեռնելու գաղափարը: Արդեն երրորդ օրն է, ինչ ուկրաինական հակահարձակումը Զապորոժիեի ճակատում սկսվել է, բայց այն շարունակաբար տապալվում է: Ընդ որում, դրան մասնակցում են արեւմտյան երկրների ռազմական բազաներում պատրաստված զինվորականները՝ օգտագործելով ստացված սպառազինությունը: Այսինքն, ուկրաինական լավագույն զորամասերը՝ գերմանական «Լեոպարդ»-ներով:

Ու այդ պատճառով հակահարձակման վերաբերյալ առկա չէ ուկրաինական պաշտոնական տեղեկատվություն, փակվում է նաեւ մասնավոր ինֆորմացիան: Ու հենց արեւմտյան լրատվամիջոցների շնորհիվ ուկրաինացիները կարող են տեղեկանալ, որ այդքան երկար ժամանակ փիառված «կոնտրնաստուպը» որեւէ արդյունք չի տալիս: Չնայած հենց այդ լրատվամիջոցներն էլ նպաստել են այդ հակահարձակմանը շրջադարձային կամ նույնիսկ ճակատագրական բնույթ հաղորդելուն: Ինչպես, օրինակ, անգլիական տեղեկատվական «Էկոնոմիսթ» շաբաթաթերթի այս վերնագրով («Ուկրաինան պատասխան հարված է հասցնում») հոդվածը: Իրականում փորձում է հասցնել, բայց չի կարողանում:

Վերջում անդրադառնամ Կախովկայի ՀԷԿ-ի վթարի՝ ամբարտակի վերին մասի փլուզվելու խնդրին: Ուկրաինացիներն անմիջապես մեղադրեցին ռուսական կողմին՝ որպես ապացույց շրջանառության մեջ դնելով մեկ-երկու տասնյակ վայրկյանանոց տեսաերիզ: Արեւմուտքը, որ պատերազմի ընթացքում անընդհատ ուկրաինացիների կողմն էր բռնում, այս անգամ նույնչափ միահամուռ արձագանք չտվեց: Ամերիկացիները նույնիսկ հայտարարեցին, որ չունեն ապացույցներ, որ ամբարտակը պայթեցրել են ռուսները: Ռուսական կողմն էլ, բնականաբար, մեղադրեց ուկրաինացիներին՝ հիշեցնելով, որ մեկ տարի առաջ նրանք արեւմտյան գերճշգրիտ հրթիռներով հարվածում էին ամբարտակով անցնող ճանապարհին: Ինչը, ի վերջո, հանգեցնելու էր վթարի: Հաշվի առնելով, որ վթարի հետեւանքով ավերվել են հենց Զապորոժիեում կառուցված ռուսական պաշտպանական համակարգերը, նրանց դա հաստատ պետք չէր: 

ՀԳ. Հատուկ Նիկոլի եւ ՔՊԿ-ականների համար, որոնք անընդհատ թմբկահարում էին նախկինների օրոք երկրում կուտակված 80-ական թվականների զենքի վերաբերյալ հեքիաթը. 4-րդ սերնդի ամերիկյան F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչը շահագործման է հանձնվել նախորդ դարի 70-ականների վերջին: