Հերթական անգամ «ռսի ճորտ» լինելու մասին

Հերթական անգամ «ռսի ճորտ» լինելու մասին

Ահեղ Դատաստանի օրվա պատերազմի 50-ամյակի կապակցությամբ պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժման ռազմական թևը հրթիռային հարձակում է գործել Իսրայելի տարածքի վրա: Արձակվել է, ըստ իսրայելցիների, 300, իսկ ըստ արաբների, ավելի քան 5.000 հրթիռ: Երկու դեպքում էլ քանակը թող չզարմացնի, քանի որ սովորաբար Գազայի տարածքից արձակվում են ինքնաշեն հրթիռներ: Գազայի հատվածի մի շարք մասերում իսրայելական պաշտպանիչ պատը տրակտորով քանդելով՝ պաղեստինցի զինյալները մուտք են գործել Իսրայելի տարածք:

Օրվա  կեսին լրատվամիջոցները հայտնում էին իսրայելցի 20 զոհերի և մի քանի գերեվարվածների մասին: «Սա ամենամեծ ճակատամարտի օրն է՝ վերջ դնելու երկրի վրա վերջին օկուպացիային», - հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի հրամանատար Մոհամմադ Դեյֆը: Դելֆը երևի տեղյակ չէր, որ 20 օր առաջ Ադրբեջանը ոչ միայն օկուպացրեց, այլև համարյա ամբողջությամբ հայաթափեց հայոց պատմական Արցախը: Իսրայելի ղեկավարությունն էլ հայտարարեց պատերազմին նախապատրաստվելու և պահեստազորայինների հավաք անցկացնելու մասին:

Գանք Հայաստան: «Հրապարակ»-ի ընթերցողներին ներկայացվող թեմային, որքան հիշում եմ, մեկ անգամ էլ եմ անդրադարձել: Բայց «Հրապարակ»-ի խմբագրի թույլտվությամբ ցանկանում եմ կրկին արծարծել այն: Պատճառը ՀՀ վարչապետի աթոռին գամված անձի ջանքերով և իրադարձությունների բերումով լայն տարածում ստացած հակառուսականությունն է: Ինչը մեզ վնասից բացի ուրիշ ոչինչ տալ չի կարող: Գերմանիայի նման հզոր պետության ղեկավարն, օրինակ, ցանկանում, սակայն, չի համարձակվում Ուկրաինային տրամադրել օդից արձակվող հզոր և հեռահար «Տաուրուս» թևավոր հրթիռներ: Սակայն այդ վտանգը չի գիտակցվում ո՛չ վերընշյալ հայաստանցու, ո՛չ նրան շրջապատողների և ո՛չ էլ լայն հանրության կողմից: Ինչը նշանակում է, որ այդ թեմային պետք է անդրադառնալ անընդհատ, որպեսզի Արցախից բացի չզրկվենք ընդհանրապես նաև պետականությունից: 

Վերջին իրադարձությունների կապակցությամբ մեզանում տարածում ստացավ հետևյալ դատողությունը՝ «ռուսը կարող է և լավ դաշնակից չէ, սակայն շատ վատ թշնամի է»: Ասեմ, որ այս միտքը «հայի վերջին խելքի» կարգի դատողություններից է: Այն ծագել է 100 տարի առաջվա մեր պատմությունից, սակայն ամողջովին չի մարսվել մեր կողմից: Այնինչ, դեռևս մինչև այս բոլոր իրադարձությունները՝ այդ թվում 44-օրյա պատերազմը, երբ բոլորը հիացած էին «դուխով» Նիկոլով, ես փորձում էի նրան հետ պահել հակառուսական սխալ քայլերից: Հանցագործության աստիճանի սխալ քայլերից: Ու դա կատարում էի ոչ միայն ֆեյսբուքի, այլև իշխանության մեջ ներառված իմ բազմաթիվ ընկերների միջոցով: Վաղուց արդեն՝ նախկին ընկերների: Բայց քանի որ Նիկոլն իշխանության էր եկել «արցախյան բեռից» ազատվելու գնով Հայաստանը Ռուսաստանի հովանավորությունից դուրս բերելու նպատակով, ապա բոլոր այդ խրատները վերածվում էին ձայն բարբառո հանապատի: 

Ասում են՝ Ռուսաստանը վատ թշնամի է: Իսկ լինո՞ւմ է, արդյոք, լավ թշնամի: Թե՞ թուրքը կամ ադրբեջանցին է լավ թշնամի: Դա՝ մեկ, և երկրորդ՝ ընդունենք նույնիսկ, որ ոչ թե մենք ենք թշնամի դարձրել Ռուսաստանը, այլ ինքն է թշնամացել: Այդ դեպքում ՌԴ-ի ազդեցության գոտում գտնվող և նրա անվտանգության ռեսուրսներից օգտվող թույլ երկիրը ինչո՞ւ է թույլ տալիս, որ Ռուսաստանը վերածվի թշնամու: Ու այդ ընթացքում խաղեր է տալիս ՌԴ-ին թշնամի պետությունների հետ: Թե՞ թշնամի դարձող ՌԴ-ն է ինքնատիպ այդ հարցում՝ իհարկե ոչ: Վերհիշենք 1962 թվականի Կարիբյան ճգնաժամի ծագումը, որի պատճառը Խորհրդային Միության կողմից ԱՄՆ-ի ազդեցության գոտում գտնվող Կուբայում միջուկային հրթիռներ տեղակայելու փորձն էր: Դա քիչ մնաց հանգեցներ ԱՄՆ-ի կողմից Կուբային հարվածելուն և, ըստ այդմ, երրորդ համաշխարհային պատերազմի առաջացմանը՝ միջուկային զենքի կիրառմամբ: Չեմ կարծում, թե թերի բարձրագույն կրթությամբ հայաստանյան վարչապեը տեղյակ չէ այդ իրադարձությունից: 

Ռուսաստանը բավարար չէ՝ ՀՀ գործող իշխանությունը փորձում է թշնամանալ նաև Իրանի հետ: Առաջին գործողությունը ՀՀ դեսպանատան բացումն էր Իսրայելում՝ փոխանակ եկեղեցուն ու տեղի հայկական համայնքին ներգրավեին այդ գործում: Երկրորդը շատ ավելի վտանգավոր է. իմանալով ինչպես Իսրայելի, այնպես էլ ԱՄՆ-ի նկատմամբ այդ պետության ղեկավարության վերաբերմունքը՝ փորձում են ամերիկյան ուժեր բերել Հայաստան: Սկզբից դրանք, ինչպես ասվում է պաշտոնապես, կունենան արտակարգ պատահարների դեպքերում օգնություն տրամադրելու գործառույթ, իսկ այնուհետև այն, բնականաբար, կընդլայնվի:  

Հիմա անցնենք «ռուսը դաշնակից չունի, դու նրա կա՛մ ճորտն ես, կա՛մ թշնամին» արտահայտությանը: Որպես դրա վկայություն երկու հիմնավորում է մեջտեղ բերվում: Որքան հիշում եմ՝ այս թեմային էլ եմ անդրադարձել: Առաջինը 98 մլն դոլարի պարտքի դիմաց հայաստանյան հինգ ձեռնարկությունների սեփականությունը ՌԴ-ին զիջելն էր 2002 թվականին: Ասվում էր, որ դրանք շատ ավելին արժեն, քան ռուսական պարտքն էր: Համաձայն եմ, սակայն ողջ խնդիրն այն է, որ այդ ձեռնարկությունները գնահատվում էին խորհրդային տարիների պոտենցիալով: Իսկ 2002 թվականին դրանք արդեն թե՛ ֆիզիկապես և թե՛ բարոյապես մաշված արտադրություններ էին: 

Միայն Մարս գործարանն էր, որ ֆիզիկապես մաշված չէր, սակայն նրա ո՛չ հումքը կար և ո՛չ էլ հնարավորություն արտադրանք ստանալու և այն իրացնելու: Տարիներ անց արտադրություն գործարկելու փոխարեն սկսեցին ընդամենը տարածքն օգտագորժել: Ի դեպ, հինգից մեկն էլ, Նյութաբանության ինստիտուտն իր արտադրամասով, փակման շեմին էր ու դրանից փրկվեց հենց այդ գործարքի շնորհիվ: Դրա պատմությանը շատ լավ եմ ծանոթ, քանի որ 25 տարի առաջ մի քանի հոդված եմ գրել ինստիտուտի մասին՝ փորձելով օգուտ տալ այդ հիմնարկին:

Երկրորդ հիմնավորումը քաղաքական է՝ Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում Եվրամիության հետ մերձենալուն խանգարելը Ռուսաստանի կողմից: Եվ Հայաստանին (կարծեմ 2013 թվականին) ստիպեց միանալ սկզբում Մաքսային միությանը, իսկ հետո ԵԱՏՄ-ին՝ Եվրասիական տնտեսական միությանը: Բայց դա բնական գործընթաց էր, քանի որ, բացառությամբ հանքարդյունաբերության, ՀՀ-ի տնտեսական կապերը հիմնականում ՌԴ-ի հետ էին: Այդ թվականներին վարչապետ Տիգրան Սարգսյանը, որը դեմ էր Մաքսային միությանը միանալուն, փորձում էր տնտեսությունը վերաուղղել դեպի Եվրոպա, բայց դա ծանր, երկարատև և հետևողական աշխատանք էր պահանջում: Իսկ նրա պաշտոնանկությունից հետո այդ գործընթացը կանգ առավ: Այնպես որ կարող եմ ասել, որ նախքան Նիկոլի իշխանության գալը՝ մենք ոչ թե եղել ենք ՌԴ-ի ճորտը, այլ նրա գործընկերը: Քանի որ ավելի շատ օգտվել ենք, քան տվել: Չգիտեմ, նման ճորտ երբևիցե եղել է աշխարհում:

ՌԴ-ի հետ հաջողված գործընկերության հաջողված օրինակ է ցույց տալիս Բելոռուսը: Դեռևս 1999 թվականից ՌԴ-ի հետ Միութենական պետության փաստաթղթերը ստորագրած նախագահ Լուկաշենկոն գործում էր շատ ավելի անկախ, քան այդ միության մեջ չեղած Հայաստանի որևէ ղեկավար: Դա ցույց է տալիս, թե այդ հարցում որքան կարևոր է երկրի ղեկավարի պահվածքը: Լուկաշենկոն խաղեր էր տալիս թե՛ Ռուսաստանի և թե՛ եվրոպական երկրների ղեկավարության հետ: Եվ դա անում էր դիվանագիտական այնպիսի հմտությամբ, որ երկար ժամանակ նրան ներվում էր այդ ամենը: Ճիշտ է, այդ խաղերը մի օր ավարտվեցին, սակայն դա Արևմուտքի մեղքով էր, որը փորձեց Բելառուսի նախագահական ընտրությունը վերածել հերթական գունավոր հեղափոխության, սակայն անհաջողության մատնվեց: Ի դեպ, Նիկոլը Գրանադայում հանդիպեց ոչ միայն Ուկրաինայի նախագահ Զելենսկու, այլև Սվետլանա Տիխանովսկայայի հետ: Ով 2020 թվականի բելառուսական իրադարձությունների ընթացքում որպես նախագահի թեկնածու Արևմուտքի ձեռքում կատարեց խամաճիկի դեր: