Պարտություն՝ նաև բլեֆի «դաշտում»

Պարտություն՝ նաև բլեֆի «դաշտում»

Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Ի․ Ալիևի՝ Նախիջևանի միջանցքի մասին հայտարարությունը։ Հղում անելով նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարությանը՝ Ալիևն ասել է․ «Նախիջեւանի միջանցքը առաջիկայում կբացվի»։ 

Խոսնակի մեկնաբանության առաջին հատվածն իր շեֆի ոճով է՝ պարզունակ բլեֆ, ինչն էլ հիմքեր է տալիս կասկածներ ունենալու ամբողջ մեկնաբանության հեղինակային պատկանելության վերաբերյալ։ «ՀՀ վարչապետ Փաշինյանը բազմիցս ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա,- գրում է Մ․ Գևորգյանը,- որ նոյեմբերի 10-ի հայտարարությամբ Ադրբեջանը Նախիջեւանի հետ կապող միջանցքի մասին խոսք չկա»: Նախ՝ դժվար է ասել, թե այդ ի՛նչ «բազմիցս» է, որից հանրությունը տեղյակ չէ, բայց հատկանշական է, որ վերամբարձ այդ բառակույտին արագ հետևում է նիկոլական կռուտիտ-բլեֆը․ «Հայտարարության 9-րդ կետը տարածաշրջանի տրանսպորտային եւ տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին է եւ այս համատեքստում՝ նաեւ Ադրբեջանի Արեւելյան մասի եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ տրանսպորտային կապ հաստատելու»: 

Այս ձևակերպմամբ, մեկնաբանության հեղինակի կարծիքով, նախ՝ անորոշանում է Նախիջևանի միջանցքի բացման վերաբերյալ Ալիևի հայտարարությունից ենթադրվող ժամանակահատվածը,  ապա և՝  հընթացս բավարարվում են հայ պողոսների «ինքնիշխանական», «հպարտական» պահանջմունքները,  քանի որ  Նախիջևանի միջանցքի բացումը ենթադրում է նաև «տարածաշրջանի տրանսպորտային եւ տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակում», որից անպայման կօգտվի ինքնիշխան Հայաստանը՝ տրանսպորտային՝ ավտոմոբիլային, երկաթուղային ելքեր ստանալով դեպի Ռուսաստան և Իրան։ Մինչդեռ պարզ տրամաբանությամբ, մինչև վերոնշյալ «տրանսպորտային եւ տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակումը»՝ անհրաժեշտ է, որ լուծված լինեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ առնչվող խնդիրները, առնվազն՝ կարևորագույնները, հակառակ պարագայում «ապաշրջափակում»՝ որպես այդպիսին, տեղի չի ունենա։

Ահա այս վարչապետական բլեֆն է խփվում թշնամի երկրի նախագահի սոսկ մի բառով՝ «առաջիկայում»։ Իսկ որ ԼՂ հիմնախնդիրը առաջիկայում լուծվող չէ՝ դրա համար նաև ռուսական կողմն է «ժամանակային միջանցք» թողել՝ 5 տարի, եթե հարկ եղավ՝ ևս 5 տարի՝ իր խաղաղապահ առաքելությամբ, հետևաբար ալիևյան  «առաջիկայում»-ն ամենևին չի ընկալվում որպես 5 կամ 10 տարի անց, այլ՝ «շուտով», կարելի է նույնիսկ ենթադրել՝ «շատ շուտով», ինչն էլ հենց պարզորոշ է դարձնում վարչապետական բլեֆը։ 

Բլեֆ, որով փորձ է արվում թաքցնել Ադրբեջանի ճնշումների ներքո նոր զիջումների գնալու ապիկար իշխանությունների նախատրամադրվածությունը։

Նաև, ինչպես ակնհայտ է վարչապետի խոսնակի ոճաբանությունից՝  հանրային կարծիքի զգուշավոր նախապատրաստությունը։

Ըստ ամենայնի՝ կարելի է պնդել, որ հենց սա է լինելու հունվարի 11-ին Մոսկվայում կայանալիք Ալիև-Պուտին-Փաշինյան բանակցությունների առանցքը։