Ոչ միայն հայտարարել են, այլեւ դադարել են կաշառք վերցնել

Ոչ միայն հայտարարել են, այլեւ դադարել են կաշառք վերցնել

Չարչրկված վեթթինգի մասին տեսակետներ հայտնելիս իրավաբաններն էլ են բաժանվել երկու խմբի․ ոմանք կողմ են, որ այն իրականացվի, դատական համակարգն էլ զտվի նախկին իշխանությունների կամակատար դատավորներից, ոմանք էլ մտավախություն ունեն, որ դրանով ավելի կխորացնեն դատական համակարգում առաջացած ճգնաժամը, քանի որ չունենք այնքան շատ պատրաստված դատավորներ, որոնք կարող են փոխարինել վեթթինգի ենթարկվածներին։ 

«Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ, 2016թ․ Նորք-Մարաշում հայտնաբերված բանդայի պարագլուխ  Արթուր Վարդանյանի հետ համագործակցության կասկածանքով կալանավորված, իսկ թավշյա  հեղափոխությունից հետո ազատ արձակված Գառնիկ Մարգարյանը հիշեցնում է զարգացած երկրների օրինակը, որտեղ կոռուպցիան նվազում է, քանի որ դատական համակարգն աշխատում է օրենքի շրջանակներում։ 

«Մեր երկրում դատական համակարգը չի գործել 90-ականներից, մինչեւ այսօր չի գործում։ Ես չգիտեմ, ցավոք, թե երիտասարդ իշխանություններին որքանով կհաջողվի մաքրել դատական համակարգը եւ գտնել պրոֆեսիոնալ,  ունակ իրավաբանների։  Ոլորտն այնքան է աղտոտված, որ շատ դժվար է գտնելը 250 թե 300 անկախ դատավորների։ Բայց դա չի նշանակում, թե չպետք է իրականացվի վեթթինգ։ Պատմությունը ցույց է տվել, որ հեղափոխություններից հետո պետք է լինի այդ զտումը»,- կարծում է Գառնիկ Մարգարյանը։

Նկատեցինք, որ վեթթինգի թեմայով խոսելիս հաճախ բերվում է այն փաստարկը, որ դատավորները ներկայացնում են իրենց հայտարարագրերը, ինչն էլ բավական է։
Գառնիկ Մարգարյանը պնդում է, որ շատ քիչ է ունեցվածքը հայտարարագրելը, պետք է  նայել դատավորի անցյալին, ներկային, այն բանին, թե նա որքանով կարող է արդար դատաքննություն իրականացնել։ Իսկ այդ առումով, ըստ նրա, մենք շատ քիչ կադրեր ունենք։ 
Հարցին, թե այսօր է՞լ է դատական համակարգը կախված գործադիր իշխանությունից, Գառնիկ Մարգարյանն արձագանքեց․ «Նոր իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ իրենք չեն միջամտելու դատական համակարգի գործունեությանը»։

Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք, թե իշխանություններն արդարացրե՞լ են իր սպասելիքները։
Գառնիկ Մարգարյանը նկատում է, որ նոր իշխանությունների օրոք անցկացված ընտրությունների ժամանակ չի եղել կաշառք, վարչական ռեսուրս, դպրոցը, բուհը ներգրավված չեն եղել այդ գործընթացներում։ Սրանից զատ, Մարգարյանը հիշեցնում է, որ բարձրագույն իշխանությունը հայտարարել է, որ երկրում չպետք է լինի կոռուպցիա։

«Երբ քաղաքական վերնախավը ոչ միայն հայտարարում է, այլեւ ապացուցում է, որ իրենք կոռումպացված չեն լինելու, թույլ չեն տալու կոռումպացված լինել, ուժային կառույցները դադարել են կաշառք վերցնել: Չէ՞ որ ՀՀԿ-ն ստեղծել էր մի մեխանիզմ, որով  ամեն ինչ  կատարվում էր օրենքից դուրս՝ ի նպաստ ռեժիմի,  չինովնիկների։ Իսկ անցած մեկ տարվա ընթացքում կատարվել են դրական քայլեր։ Տեսեք, բարձրացրեցին թոշակները, զինվորականների աշխատավարձերը, ինչո՞ւ չենք ուզում այս ամենը տեսնել։ Ես կարծում եմ, որ վարչապետն ու նրա թիմակիցները խոհեմ են ու ճիշտ ճանապարհի վրա»,- նշեց Գառնիկ Մարգարյանը։