Փաստաբան Արգիշտի Կիվիրյանին փոխհատուցվել է 9000 եվրո

Փաստաբան Արգիշտի Կիվիրյանին փոխհատուցվել է 9000 եվրո
Արգիշտի Կիվիրյան

2013-ին թվականին Հատուկ քննչական ծառայությունում քաղաքացիական ակտիվիստ,փաստաբան Արգիշտի Կիվիրյանին մեղադրանք էր առաջադրվել `ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) եւ 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (սուտ մատնություն) հատկանիշներով: 

Մեղադրանքն առաջադրվել էր այն բանի համար,որ նա 2013թ. օգոստոսի 24-ին Կոմիտասի 5 հասցեում գտնվող նորակառույցի հարակից տարածքը` պողոտայի բանուկ մասը ազատելու, երթևեկությանը չխոչընդոտելու և բողոքի ակցիան փողոցի մայթերում շարունակելու վերաբերյալ հասարակական կարգն ապահովող ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելու համար ոստիկանության բաժին բերման ենթարկվելու ընթացքում ոստիկանության ծառայողի նկատմամբ գործադրել է առողջության համար ոչ վտանգավոր բռնություն` կապված նրա կողմից ծառայողական պարտականությունները կատարելու հետ: 

«Հրապարակի» հետ զրույցում Արգիշտի Կիվիրյանի փաստաբան Լուսինե Սահակյանը նշեց, որ դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որտեղից կառավարության և իրենց միջև հաշտություն է առաջարկվել, որը ընդունել են։ 

Մեր այն հարցին, թե ինչու ընդունեցին առաջարկը,Կիվիրյանի փաստաբանը պատասխանեց․ «Ընդունեցինք, որովհետև կառավարությունը խախտումը ճանաչեց, ի՞նչ խնդիր կա հաշտությունը չընդունելու։ Կառավարությունը ամբողջ ծավալով ընդունել է»։ 

Լուսինե Սահակյանը հավելեց, որ հաշտեցման արդյունքում պետությունը Արգիշտի Կիվիրյանին փոխհատուցել է  9000 եվրո։