Էդ որտե՞ղ աճուրդ-վաճառք չի արվում, անցած շաբաթ էլ արեցինք

Էդ որտե՞ղ աճուրդ-վաճառք չի արվում, անցած շաբաթ էլ արեցինք

«Ես կարող եմ ցույց տալ այդ աճուրդ-վաճառքի փաստաթղթերը, թող անվանական նշվի, եթե գրել են, թող պարզ երևա», պատասխանելով «Հրապարակի» հարցին, թե ճի՞շտ է, որ ինքը համայնքին պատկանող հողերը վաճառել է իր բարեկամներին, ասաց Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր համայնքի ղեկավար Աշոտ հովհաննիսյանը։ Մենք նամակ էինք ստացել, որտեղ նշվում էր, թե համայնքապետը համայնքապատկան հողերը կադաստրային արժեքով վաճառել է իր մերձավորներին,  այնուհետև ավելի բարձր գներով վաճառել է տարբեր գնորդների ապօրինի եկամուտներ ստանալու նպատակով․

«Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր համայնքում հին «ավանդույթները» շարունակվում են անգամ հեղափոխությունից հետո։ Ըստ հավաստի աղբյուրների՝ Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր համայնքի դաշնակցական ղեկավար Աշոտ Հովհաննիսյանը տարիներ շարունակ ապօրինի ճանապարհով համայնքի գույքը կադաստրային արժեքով վաճառել է իր հարազատներին, այնուհետև ավելի բարձր գներով վաճառել է տարբեր գնորդների ապօրինի եկամուտներ ստանալու նպատակով։ Պատասխանատվության չենթարկվելով իր նմանօրինակ գործունեության համար, ըստ բնակիչների՝ վերջինս չի պատրաստվում հրաժարվել նախկին գործելաոճից և վերադառնալ օրենքի սահմաններում իր պարտականությունները կատարելուն։ Նշենք որ Աշոտ Հովհաննիսյանը 10 տարուց ավել է, ինչ վերընտրվում է գյուպետի պաշտոնին և շարունակում է իր գործունեությունը։

Գյուղացիներից ոմանք նաև հայտնեցին, որ հաճախ համայնքին պատկանող հողերը վաճառելիս գյուղապետը խոշոր չափերի կաշառք է ստացել, ավագանու դրական որոշումը ապահովելու դիմաց»,- ասված է նամակում։ Համայնքապետը մեզ հետ զրույցում հերքեց տեղեկությունները՝ ասելով, որ նորմալ է, երբ համայնքում տեղի են ունենում աճուրդ-վաճառքներ․ 

«Էդ որտե՞ղ աճուրդ-վաճառք չի արվում, անցած շաբաթ արեցինք արևային էներգիայի մինչև 80 միլիոն հանեցինք, հետո նշված ժամկետում գումարները չմուծեցին, չեղյալ համարվավ։ Օրենքով սահմանված կարգով աճուրդ-վաճառք է եղել, ես չեմ կարող ասել, թե կոնկրետ որ աճուրդի մասին են իրենք ասում, պետք է կոնկրետ ասեն»։

Բայց հարազատնե՞րն են ձեռք բերել այդ հողերը․
«100 տոկոսով կադաստրային արժեքի գին է դրվել, քայլեր են արվել, քայլերից հետո նոր աճուրդում հաղթող է ճանաչվել որևիցե մեկը։ Իսկ որ ինչ-որ մեկը կողքից բան է ասել, դա չի նշանակում, որ դա կարելի է հիմք ընդունել»,- ասաց համայնքապետը։