Փաշինյանն ու սուտը

Փաշինյանն ու սուտը

Ավելի քան 30 տարի առաջ մեկ տարով աշխատել եմ ավազի հանքերից մեկում որպես քարհատ մեխանիզմի օպերատոր: Մոտավորապես 10 հոգուց բաղկացած բրիգադ էր՝ ֆիզիկապես շատ ուժեղ տղամարդիկ: Ծանր ու փոշոտ աշխատանք էր, սակայն վարձատրությունը բարձր: Մեջներից բուհ ավարտածը ես էի ու միաժամանակ ֆիզիկապես ամենաթույլը: Աշխատանքը սկսում էինք միասին, մի սեղանի շուրջն ընդմիջում էինք անում ու գործն ավարտում միասին: Ընդմիջումներից մեկի ժամանակ խոսք գնաց ներողություն խնդրելու մասին, ու բացի ինձանից ու ինձանից տարիքով շատ մեծ մեկ այլ մարդուց՝ մնացածները հրաժարվեցին դա ընդունելուց: Ի՜նչ ներողություն, ի՜նչ բան... Բա դա սազակա՞ն է հայ տղամարդու համար...

Չգիտես ինչու, երեսնամյա հենց այդ դրվագը հիշեցի, երբ երեկ աչքովս ընկավ ՀՀ անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղար Գրիգորյան Արմենի հերքումը պատերազմի սկսվելուց 4 օր անց ԱԽ նիստի օրակարգի առումով: Հիշեցնեմ, որ ԱԽ այդ նիստում ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը հաղորդել էր, որ պատերազմը պետք է անհապաղ դադարեցվի, քանի որ մեր ռեսուրսները բավարար չեն հաղթական ավարտի համար, և ինչքան արագ դադարեցվի այն, այնքան պակաս տարածքային ու մարդկային կորուստներ կունենանք: ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, բնականաբար, հրաժարվել էր դրանից: Եվ ահա, ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից Օնիկ Գասպարյանին հանելուց անմիջապես հետո հայտնվում է չգիտես որտեղ մնացած ԱԽՔ-ն ու հերքում է հիշատակված նիստում Օնիկ Գասպարյանի հաղորդման մասին ինֆորմացիան: 

Այն, որ Գրիգորյան Արմենը ստում է, կասկած լինել չի կարող. այս հղումով կարող եք կարդալ «168.am» կայքի լրագրող Մարիամ Պետրոսյանի փաստարկված հոդվածը: Թե ինչու է ստում՝ դա էլ է հասկանալի: Նիկոլը ցանկանում է «փչացնել» Օնիկ Գասպարյանին, որը վերածվել էր ընդդիմության հուսատու աստղի: Իսկ «փչացնելով» գեներալին՝ իր, այսպես կոչված, «ժողովրդի» աչքում «փչացնել» ընդդիմությանը: 
Եթե Անտարկտիդայի պինգվիններն ինչ-որ հրաշքով մի 5 տարի առաջ բանականություն ստացած լինեին, իսկ այնուհետև հումանիտար կրթություն ստանային, ասենք, Նոր Զելանդիայի բուհերից մեկում ու ծանոթանային ներկայացված պատմությանը, նրանք չէին հավատա դրան: Պատկերացնում եք, քրիստոնեական ու հատկապես արևմտյան արժեքներով դաստիարակված պինգվիները չէին հավատա, որ արևմտյան արժեքներով դաստիարակված ու նման պաշտոն ունեցող անձը «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանում կարող է ստել:

Իսկ ես համոզված եմ, որ հենց այսպես կոչված «ժողովրդավարության բաստիոնում» սուտը դարձավ կյանքի ու կենցաղի նորմ: Սուտը պարուրեց ողջ պետական համակարգը, անցավ հասարակության մեջ (հիշենք 44 օր թմբկահարված «հաղթելու ենք»-ը): Ճիշտ է, նախորդ տարվա պատերազմում մեր պարտությունից հետո հասարակությունն ընկավ շոկի մեջ, ու սուտը նահանջեց՝ պահպանվելով միայն զոմբիացված նիկոլապաշտների շրջանակում ու պետական կառավարման համակարգում:

Իսկ ի՞նչ կապ ունի սուտը ներողություն խնդրելու հետ, կհարցնի ուշադիր ընթերցողը: Պատասխանեմ՝ անմիջական. եթե գրագետ ու կրթված պաշտոնատար անձը սուտ խոսելուց հետո գիտակցում է այն ու ներողություն է խնդրում և հրաժարական ներկայացնում, ապա կարող ենք ասել, որ դեռևս ամեն ինչ կորած չէ մեր երկրում: Բայց քանի որ ես վստահ եմ, որ սուտը չի ընդունվելու, ու դրան ներողություն չի հետևելու, ապա ես խիստ ցավում եմ այն հասարակության համար, որը դեռևս գոյություն է ունենալու մեր երկրում: Ի դեպ, անձամբ ճանաչելով վերոհիշյալ պաշտոնյային, կարող եմ ասել, որ ինքը նիկոլական շրջապատի վատերից չէ, իսկ իմ ընկերներից մեկի բնորոշմամբ նույնիսկ «իր համար դոբրիի մեջ տղայա»:

Սակայն դա չի ազատում նրան որպես կրթված անձնավորություն և հատկապես որպես պաշտոնյա սուտ չխոսելու պարտավորությունից: Միաժամանակ, Հայաստանի ու պատմության պատասխանատվությունից չի ազատում Փաշինյան Նիկոլին, որը մոտ 3 տարի առաջ իրականացրեց, իրավապաշտպան Ավ. Իշխանյանի ասելով, «ստի և կեղծիքի» հեղափոխություն և կործանման է տանում մեր երկիրը՝ հընթացս ավերելով բոլոր համամարդկային արժեքները: 

Վախթանգ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ