Երեւանի նորակառույց շենքերի մի մասն այլեւս գազով ապահովված չի լինի

Երեւանի նորակառույց շենքերի մի մասն այլեւս գազով ապահովված չի լինի

Երեւանում բնակելի շենքերի կառուցապատողները փաստի առաջ են կանգնել․ շենքերի շինարարությունը, ըստ էության, ավարտել չեն կարողանում։ Բանն այն է, որ Երեւան մտնող գազատարը գերծանրաբեռնված է, եւ նորակառույց շինությունները «Գազպրոմ Արմենիան» չի կարողանում գազիֆիկացնել, որովհետեւ դա տեխնիկապես հնարավոր չէ՝ խողովակներն այդքան թողունակություն պարզապես չունեն։ Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ «Գազպրոմ Արմենիայից» հաստատեցին այս տեղեկությունը եւ խնդիրը հետեւյալ կերպ բացատրեցին․ «Երեւան քաղաքում վերջին տարիներին իրականացվող խոշորամասշտաբ կառուցապատմամբ պայմանավորված՝ գազիֆիկացման գործընթացը բերել է գազասպառման ծավալների պահանջարկի կտրուկ աճի:

Ներկայումս Երեւանի քաղաքապետարանի եւ տարբեր կառուցապատողների կողմից ներկայացված դիմումների համաձայն՝ վերջիններիս սպառման պահանջարկը կրկնակի գերազանցում է Երեւան քաղաքը սնող թվով 4 գազաբաշխիչ կայանների (այսուհետ՝ ԳԲԿ, որոնք աշխատում են իրենց սահմանային ռեժիմներին մոտ) ու քաղաքի գազամատակարարումն ապահովող բաշխիչ ցանցի գազատար խողովակների առավելագույն թողունակությանը: Նշված ծավալով նոր գազասպառման համակարգերի միացումը գործող գազի բաշխիչ ցանցին, ելնելով անխափան, հուսալի ու անհրաժեշտ ռեժիմով գազամատակարարման ապահովման պահանջներից, դարձել է անիրագործելի»։ Ընկերությունից տեղեկացրել են, որ այդ 4 գազաբաշխիչ կայանները եւ քաղաքի գազամատակարարումն ապահովող բաշխիչ ցանցի գազատար խողովակները գտնվում են «Գազպրոմ Արմենիայի» հաշվեկշռում: «Գազպրոմից» հետաքրքրվել էինք նաեւ, թե ինչպես է ընկերությունը պատկերացնում այդ հարցի լուծումը, չէ՞ որ մայրաքաղաքում նորակառույց շինությունները չեն կարող գազ չունենալ։ 

Ընկերությունից հետեւյալ կերպ են պատասխանել հարցին․ «Հաշվի առնելով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 8-ի թիվ 95-Ն որոշմամբ հաստատված «Բնական գազի մատակարարման եւ օգտագործման կանոններով» սահմանվող չափորոշիչները՝ վերջին 2 տարվա ընթացքում ավելի քան 450 դիմումատուների նոր գազասպառման համակարգերի գազամատակարարման ցանցին միացման տեխնիկական պայմանները տրամադրվել են քաղաքի սահմաններից դուրս տեղակայված թվով 4 ԳԲԿ-ները սնող բարձր ճնշման կողմնատար գազատարներից: Գազամատակարարման ռեժիմների բարելավման նպատակով ընկերությունը մշակել է նոր գազի բաշխման համակարգերի կառուցման ծրագիր, եւ պատկան մարմինների հետ տեղի ունեցած բազմակողմանի քննարկումների արդյունքում ներկայումս ՀՀ կառավարության կողմից դիտարկվում է պետական աջակցությամբ ոլորտի կարգավորմանն ուղղված որոշման նախագծի մշակում»։ 

Մեզ հետ զրույցում Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանն ասաց, որ այս խնդիրը նույնիսկ կառուցապատողին կարող է սնանկության հասցնել․ «Դեռեւս 2021 թվականի աշնանը «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն բարձրաձայնեց անդամ կառուցապատողների կողմից ներկայացվող անհանգստությունների ու դժգոհությունների մասին՝ նոր կառուցված շենքերի գազիֆիկացման համար հեռու վայրերից միացման կետերի տեխնիկական պայմաններ տրամադրվելու վերաբերյալ՝ համապատասխան գրություններ հասցեագրելով փոխվարչապետին, էկոնոմիկայի նախարարին, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ղեկավարությանը։ Խնդրի մասին սկսեցինք բարձրաձայնել եւ լուծումներ փնտրել էկոնոմիկայի նախարարությունում, քանի որ նախարարի գլխավորությամբ եւ մեր ակտիվ մասնակցությամբ տեւական ժամանակ գործում է «Կառուցապատողների խնդիրների վերհանման եւ լուծման» աջակցման համար գործող միջգերատեսչական աշխատանքային խումբ։

Ներկայացրինք կառուցապատողների դժգոհություններն ու առկա ռիսկերը, մասնավորապես, այն մասին, որ տեխնիկական պայմանները, որպես կանոն, տրամադրվում են Երեւան մտնող մայրուղային գազատարներից, միացման կետը գտնվում է մեծ հեռավորության վրա, եւ նման հեռավորությունից գազատարի կառուցումը ենթադրում է ահռելի մեծ բյուջե եւ ժամանակ, իսկ գնորդների, բանկերի ու համայնքի առջեւ կառուցապատողն ունի ստանձնած պարտավորություններ՝ որոշակի ժամկետում ավարտին հասցնելու քաղաքաշինական ծրագիրը, ստանալու ավարտական ու շահագործման թույլտվությունները, որը, սակայն, չէր տրամադրվում՝ պայմանավորված կառուցված օբյեկտի գազիֆիկացումը չապահովելով։ Հաշվի առնելով խնդրի խորքայնությունը եւ հրատապությունը՝ փոխվարչապետի, էկոնոմիկայի նախարարի, Քաղաքաշինության կոմիտեի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի գործընկերների ակտիվ մասնակցությամբ ձեռնամուխ եղանք համատեղ ջանքերով առկախված խնդիրների լուծմանը։ Ունեցանք մի շարք հանդիպումներ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ղեկավարության հետ։

«Գազպրոմ Արմենիայի» դիրքորոշմամբ՝ Երեւան քաղաքի գործող գազատար ցանցը չունի անհրաժեշտ թողունակություն, որ նոր միացման կետերի պահանջվող ծավալներն ապահովի։ Այլ կերպ ասած՝ ճնշումը չի բավականացնում նոր միացման կետեր տրամադրելու համար։ Մեր մասնակցությամբ բանակցությունների ընթացքում քննարկվել են մի շարք սցենարներ, որոնց ներդրմամբ հնարավոր կլինի խնդիրը լուծել։ Կա հստակ դիրքորոշում եւ համաձայնություն, որ պետության աջակցությամբ խնդիրը պետք է լուծվի, որը միանգամից հնարավոր չէ իրականացնել, սակայն հնարավոր է մի քանի տարվա ընթացքում։

Հրատապ լուծումներ պահանջող կառուցված օբյեկտների մասով կարեւոր է ընդգծել, որ ասոցիացիայի անդամ մի շարք կառուցապատողներ, հաշվի առնելով, որ իրենց կողմից կառուցվող շենքերի շինարարության թույլտվության ժամկետները մոտենում էին ավարտին, սակայն գազիֆիկացումը չէին կարողանում իրականացնել, որոշեցին անձնական միջոցներով մեկնարկել գազատարի ցանցի կառուցման աշխատանքներ՝ «Գազպրոմ Արմենիայի» հետ համաձայնեցված պայմաններով, որի արդյունքում Երեւան քաղաքի մի հատվածում գազատարի նոր ցանցի կառուցման գործընթացը մոտենում է ավարտական փուլին»։