Ի՜նչ լավ է, որ դուք բժիշկ չեք աշխատել ու հիվանդի չեք մոտեցել․․․

Ի՜նչ լավ է, որ դուք բժիշկ չեք աշխատել  ու հիվանդի չեք մոտեցել․․․

Իշխանափոխությունից հետո շատ եմ ինքս ինձ հարցրել՝ ո՞վ էր այն ուժը, որը դուրս եկավ  հայ եկեղեցու դեմ, ո՞վ էր այն ուժը, որ չուզեց՝   բանակում զինվորին աղոթք հասցնող լինի և վերջապես ո՞վ էր այն ուժը, որ դպրոցում եկեղեցու հետ կապված ժամերի խնդիրը բարձրացրեց։ Նոր եկածների կենսագրությունն էի փորփրում՝ հասկանալու, գտնելու այն ազդեցիկ մարդուն, ուժին, ով կարող էր «նման բան անել»։

․․․  «Աթեիստ եմ» ֆեյսբուքյան խմբի համահիմնադիր Արսեն Թորոսյանի 2017 թվականի հարցազրույցը ստիպեց ինձ կանգ առնել իմ փնտրտուքներում ։ Դեռ հեղափոխություն չէր եղել ու ինքն էլ Առողջապահության նախարար չէր, լրատվականներից մեկում մի հարցազրույց էր տվել, ի՜նչ իմանար, որ օրերից մի օր նախարար է դառնալու, ու այդ հարցազրույցը «լեզու առած խոսելու է։ Ընդամենը մի փոքրիկ հատված եմ մեջբերում․  

Հայաստանում աթեիստների կողմից ամենահաճախ բարձրացվող խնդիրը կրթական եւ նախակրթական հաստատություններում եկեղեցու միջամտության հարցն է՝ հատուկ առարկաների, աղոթելու պարտադրանքի, հոգեւորականների այցերի կազմակերպման ձեւով:

«Նման մի միջադեպի հանդիպեցինք աղջկաս մանկապարտեզում, երբ երեխաներին, առանց ծնողների թույլտվության, տարել էին եկեղեցի: Ես լուրջ խոսակցություն ունեցա տնօրինության հետ, եւ հարցը, գոնե իմ երեխայի մասով, փակվեց:

Մի դեպք էլ եղավ դպրոցում, երբ որոշել էին հոգեւորական կանչել դասարան՝աղոթելու համար: Ես նախօրոք իմացա դրա մասին, գնացի դպրոց եւ, կոպիտ ասած, ստիպված եղա ինքս զբաղվել դրանով: Դպրոցում խոստացան իմ երեխային չներգրավել այդ գործընթացում: Եթե չեմ սխալվում՝ վերջում այլ պատճառներով միջոցառումը տեղի չունեցավ: Խոսք գնաց նաև «Եկեղեցու պատմություն» առարկայի մասին, որը դեռ աղջիկս չէր անցնում. այս առնչությամբ դպրոցում հրաժարվեցին որեւէ քայլ ձեռնարկել՝ նշելով, որ դա պետական ծրագիր է, եւ իրենք ոչինչ չեն կարող անել»

Ամեն դեպքում, Արսեն Թորոսյանը պատրաստվում է կանխել նաեւ առարկային երեխայի մասնակցությունը, եթե դասի ընթացքում բացահայտ քարոզ ընթանա կամ երեխաներին պարտադրեն աղոթել:

Նման մարդը ինչպե՞ս կարող էր թույլ տալ, որ դպրոցում եկեղեցու պատմություն անցնեն կամ դպրոցում հոգևորականներ երևան։ Եկեղեցուց, աղոթքից հեռու մարդ։ Ի՜նչ լավ է, որ դուք բժիշկ չեք, հիվանդի չեք մոտենում։

Նոր գիրք պիտի հրապարակեմ, որ կոչվում է «Մարաշի արքան»։ Սրտային վիրաբույժ, հայ անվանի բժիշկ Հրայր Հովակիմյանի  մասին է։ Հրայրը սիրտ վիրահատելուց առաջ մոտենում է Աստվածաշնչին, որը հասանելի է բոլորին և զորություն ստանում։ Ինչքա՜ն մարդկանց է կյանքի կոչել ու զորությունը Աստծունն է համարում։ Իսկ դուք ասում եք, որ ձեր Աստվածաշունչը «6-րդ դասարանի ֆիզիկայի գիրքն է»։ Նորից եմ կրկնում՝ ի՜նչ լավ է, որ դուք բժիշկ չեք աշխատել ու , հիվանդի չեք մոտեցել։