«Հրապարակ». Ովքեր են կալանավորված արցախցիները, որտեղից են եւ ինչով են զբաղվում Հայաստանում

«Հրապարակ». Ովքեր են կալանավորված արցախցիները, որտեղից են եւ ինչով են զբաղվում Հայաստանում

Սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած զանգվածային անհնազանդությունների ժամանակ ձերբակալվածներին մոտ մեկ ամիս անց ավելացել են նորերը։ Օրերս պարզվեց, որ Քննչական կոմիտեն «զանգվածային անկարգություններին մասնակցելու» հանցակազմով քրեական գործեր է հարուցել ու տարբեր անձանց նկատմամբ հետախուզում հայտարարել, եւ հոկտեմբերի 27-ին, «երջանիկ պատահականությամբ», բոլոր հետախուզվողները հայտնաբերվել ու ձերբակալվել են։ Պարզվել է նաեւ, որ բոլոր հետախուզվող «զանգվածային անկարգները», դարձյալ «երջանիկ պատահականությամբ» արցախցիներ են եղել, որոնք հոկտեմբերի 27-ին ձերբակալվել են, ապա՝ կալանավորվել։ Այս պահին կալանավորված են 16-ամյա Սամվել Միրզոյանը, Մխիթար Օհանջանյանը, Մանվել Պողոսյանը, Գոռ Հակոբյանը։ 

Սամվել Միրզոյանի պաշտպան Աբգար Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ կալանքի միջնորդությունը բողոքարկվել է, սակայն դեռեւս հայտնի չէ, թե ում է մակագրվել։ Պողոսյանը նաեւ հայտնեց, որ տեղեկացել է Միրզոյանին առնչվող քրեական գործի նախաքննության ավարտի մասին։ 
«Ծնունդով Մարտակերտից է, ապրում է Կոտայքի մարզի Մայակովսկի համայնքում, 16 տարեկան է։ Բազմազավակ ընտանիքից է, իրենք 7 երեխա են, ինքը 6-րդն է։ Հայրը մահացել է 2012 թվականին, միակողմանի ծնողազուրկ է, ընտանիքում ավագ եղբայրն է աշխատում, ինքն էլ էր աշխատում, երբ ազատության մեջ էր, օրավարձով աշխատանքներ էր անում, 12-րդ դասարանում է սովորում»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ Միրզոյանը հիմա գտնվում է «Աբովյան» ՔԿՀ-ում, նրան այցելելու արգելք չկա։ Բացի այդ, Միրզոյանի ընտանիքում հաշմանդամություն ունեցող 2 անձինք կան։ 

Մխիթար Օհանջանյանի պաշտպան Արմեն Հայրապետյանը մեզ հետ զրույցում ասաց, որ կալանքի որոշումը բողոքարկվել է, սակայն դեռեւս նիստ նշանակված չէ։ Մխիթար Օհանջանյանն Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Տումի գյուղից է, նա 21 տարեկան է, այժմ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում է պահվում։ «Աշխատում է VLV-ում՝ որպես առաքիչի օգնական, սովորում էր մասնավոր բուհերից մեկում՝ հեռակա ուսումնական ծրագրով։ Ամուսնացած չէ, ընտանիքի անդամները 2020 թվականից հետո, երբ Հադրութը հանձնվել է, տեղափոխվել են Հայաստան, Մասիս քաղաքում վարձակալական հիմունքներով ապրում են՝ ինքը, իր ծնողները եւ 2 քույրերը։ Հայրն աշխատում է կահույքագործական ընկերությունում, մյուսները չեն աշխատում»,- ասաց պաշտպանը։ 
Օհանջանյանը մինչեւ ձերբակալությունը հետախուզման մեջ էր, պաշտպանին հարցրինք՝ նա երբեւէ փորձե՞լ է թաքնվել նախաքննական մարմիններից։ «Եթե իրենք ուզում էին հայտնաբերել, կարող էին հայտնաբերել։ Չգիտեմ՝ ինչու չեն հայտնաբերել, հետախուզում են հայտարարել, նոր հայտնաբերել են։ Ինքն իրավապահ մարմիններից չի թաքնվել, պասիվ վարքագիծ է դրսեւորել՝ չի էլ ներկայացել, բայց իրավապահ մարմինների աշխատակիցներն իմացել են, թե որտեղ է աշխատում, գնացել են աշխատանքի վայր, տնօրինությանն են հարցաքննել եւ այլն, այսինքն՝ եթե ուզենային հայտնաբերել, հեռախոսահամար ու բնակության հասցեն կվերցնեին աշխատանքի վայրից, քանի որ գրանցված աշխատող է»,- պատասխանեց պաշտպանը։ 

Գոռ Հակոբյանի պաշտպան Մհեր Հակոբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալը եւս Հադրութի շրջանի Տումի գյուղից է, ծնվել է 1991 թվականին։ «Գոռ Հակոբյանին եւս նույն մեղադրանքն է առաջադրված՝ «զանգվածային անկարգություններին մասնակցելը», ձերբակալվել է հոկտեմբերի 27-ին, նա եւս հետախուզման մեջ է եղել եւ կալանավորվել է ամսի 29-ին։ Կալանքի որոշումը բողոքարկել եմ։ Գոռ Հակոբյանն աշխատում էր, ամուսնացած չէ, ծնողներն են իր խնամքին, ընտանիքի միակ զավակն է։ Բնակվում են վարձով Կոտայքի մարզի Պտղնի համայնքում»,- ասաց փաստաբանը։

Հարցրինք, թե ինչ փուլում է նախաքննությունը։ «Ճիշտն ասած՝ ես չգիտեմ, կալանքից հետո ոչ մի գործողություն չի կատարվել, բայց ինձ չի թվում, որ առանձնապես շատ բան կա այնտեղ անելու այդ գործով, որովհետեւ ընդամենը մեկ տեսաձայնագրություն կա, ու, ըստ էության, անմիջականորեն իր հետ կապված ուրիշ ոչ մի ցուցմունք չկա։ Այսինքն՝ որեւէ ցուցմունք չկա, որ ինքը որեւէ ոստիկանի հարվածում է կամ որեւէ այլ բան։ Միայն մի տեսաձայնագրություն է, որում, ըստ քննչականի, երեւում է, որ գետնից վերցնում է առարկա եւ նետում ոստիկանների ուղղությամբ, բայց թե դա ինչ առարկա է, այդ առարկան ինչ-որ ոստիկանի դիպե՞լ է, վնաս հասցրե՞լ է, թե՞ ոչ, ոչ մի տեղեկություն չկա»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ իր պաշտպանյալը նախաքննական մարմից չի թաքնվել․ «Նույնիսկ ձերբակալվելուց մեկ օր առաջ գնացել է Ազգային անվտանգության ծառայություն, իսկ այդ ձերբակալվելը եղել է զինվորական քննչական կոմիտեի տարածքից»,- ասաց փաստաբանը։ 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին ինքնաբուխ հավաքի եկած հազարավոր քաղաքացիներ կառավարության շենքի դիմաց ակցիա էին անում, որի ընթացքում նաեւ բախումներ եղան ոստիկանների հետ, ոստիկանությունը նույնիսկ լուսաձայնային նռնակներ էր կիրառել։ Շատ դեպքերում ոստիկանությունն էլ էր բախումներ հրահրում, որից հետո սկսում մարդկանց բերման ենթարկել, ընդ որում՝ բերման էին ենթարկում թիրախային, այլ ոչ թե՝ ում պատահի։ Բերման ենթարկվածներից շատերին հետագայում մեղադրանքներ առաջադրվեցին «զանգվածային անկարգություններին մասնակցելու» հանցակազմով, իսկ հանրային գործիչներին՝ «բռնության կոչեր հնչեցնելու համար»։