Մեր անելիքները

Մեր անելիքները

«Եվրոպական խորհրդի նախագահ Շառ Միշելը՝ ամփոփելով Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումը պնդել էր, թե կողմերը հաստատել են, որ հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ Հայաստանը՝ 29 800 քառ․ կմ, Ադրբեջանը՝ 86 600 քառ․ կմ։ Ըստ Միշելի՝ քննարկվել է նաև նախկին ԼՂԻՄ-ում ապրող հայերի իրավունքների ու անվտանգության խնդիրը» (Հրապարակ):

Մեր հասարակության գրագետ ու հայրենասեր հատվածն ամեն Աստծո օր բացահայտում է, որ Փաշինյան Նիկոլի կողմից Արցախն ամբողջությամբ «դիվանագիտական ճանապարհով» հանձնված է Ադրբեջանին: Ու ամեն Աստծո օր Նիկոլ է քննադատում կա՛մ հայհոյում և կա՛մ անիծում: Էլ չասած իրեն պատեպատ տալու մասին: Բայց ո՛չ պատերով տալը և ո՛չ էլ խոսքային հարթությամբ` պատերազմական արդյունքները փոփոխության չեն ենթարկվում: Եթե, իհարկե, տվյալ երկրի թիկունքին առկա չէ այնպիսի մի ուժ, որի մի խոսքով կարող են սարեր շուռ գալ: Մեր թիկունքին այդպիսի ուժ մենք չունենք, ու որքան հասկանում եմ, երբեք ոչ ունեցել ենք ու ոչ էլ ունենալու ենք: Մնում է, որ համակերպվենք իրականության հետ, ընդունենք այն ու մտածենք մեր հետագա անելիքների մասին: 

Անելիք 1-ին՝ Փաշինյան Նիկոլին պետք է հեռացնել պաշտոնից: Եթե դա չարվի, ապա մենք ստիպված ենք մոռանալ ոչ միայն Արցախի, այլև Սյունիքի, Սևանի արևելյան ափի և բուն հայաստանյան այլ տարածքների մասին: Ընդ որում, որքան արագ տեղի ունենա Փաշինյան Նիկոլին պաշտոնից հեռացնելու գործընթացը, այնքան դա շահեկան կլինի Հայաստանի Հանրապետության համար: Իսկ Նիկոլին պաշտոնից հեռացնելուց հետո նրա վարչապետության շրջանը պետք է հիշատակվի որպես չարիքի գերակայության ժամանակաշրջան: Իսկ դրան նախորդող ժամանակահատվածն էլ՝ այդ չարիքի ծագմանը նպաստող: 

Անելիք 2-րդ՝ Փաշինյան Նիկոլին պաշտոնից հեռացնելուց հետո անհրաժեշտ է կազմավորել ժամանակավոր կառավարություն: Այն պետք է բաղկացած լինի լայն հանրությանը հայտնի՝ իրենց գործի մասնագետ նվիրյալներից: Ժամանակավոր կառավարության գործունեությունը կտևի այնքան ժամանակ, որքան կպահանջվի նրա առջև դրված խնդիրներն իրականացնելու համար: Միաժամանակ, ժամանակավոր կառավարության անդամները պետք է գիտակցեն, որ միջազգային բարդ իրադրությունում, երբ աշխարհակարգ է փոխվում, ժամանակն անսպառ լինել չի կարող: Ինչպես ցույց է տալիս թե՛ մեր (հիմնականում բացասական առումով) և թե՛ այլ ժողովուրդների (հիմնականում դրական առումով) պատմությունը, շահում է այն երկիրը կամ նույնիսկ պետականություն չունեցող ժողովուրդը, որն ամենից արագ է կողմնորոշվում փոփոխությունների առումով և կատարում է համապատասխան քայլեր:
Անելիք 3-րդ՝ ժամանակավոր կառավարության գործունեության սկզբում ձևավորել առաջիկա մեկ-երկու տասնամյակի զարգացումներին համահունչ սահմանադրական օրենսդրություն: Հենց օրենսդրություն և ոչ թե Սահմանադրություն, քանի որ երկրորդն ավելի լուրջ փաստաթուղթ է: Եվ, ըստ այդմ, այն պետք է հիմնվի իրականության վրա և թե միաժամանակ ներկայացնի հետագա զարգացումները մի քանի տասնամյակների հաշվարկով: Ինչ մնում է օրենսդրությանը, ապա ես այն պատկերացնում եմ որոշակիորեն նման Իրանի Իսլամական Հանրապետության կառավարման գործող մոդելին: Պետության գլուխ պետք է լինի ոչ թե ձևական պաշտոն զբաղեցնող նախագահը, այլ իրական ղեկավար՝ կոլեգիալ մարմին: Կոլեգիալ մարմինը բաղկացած է լինելու իրենց գործունեության ոլորտներում նշանակալի հաջողությունների հասած ու հանրությանը լայնորեն հայտնի անձանցից՝ լինեն նրանք հայաստանցի թե սփյուռքահայ: Կոլեգիալ մարմինը ղեկավարվելու է դրա անդամների կողմից որոշակի ժամկետով ընտրված (վերընտրվելու հնարավորությամբ) անձի կողմից:

Անելիք 4-րդ՝ Հայաստանը պետք է դառնա տարածաշրջանային գերտերություններից մեկը՝ այնպիսին, ինչպիսին էր երկու հազար տարի առաջ:

Նշված քայլերը պետք է համապատասխանեցվեն մի շարք ընթացիկ նպատակ-գերակայություններին՝ կրթության (միջնակարգ, բուհական և հետբուհական), առողջապահության և ռազմական գործի իրականացմանը: Դրանք պետք է հիմնված լինեն գիտատար տնտեսության վրա: Ինչն, իր հերթին, պետք է փոխկապակցված լինի մասնագիտական կրթության հետ:
Դեռևս այսքանը: