Ատելություն և մաղձ

Ատելություն և մաղձ

Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպել է Արցախյան պատերազմի մասնակից կամավորական ջոկատների մի քանի տասնյակ ներկայացուցիչների հետ: Հանդիպման առիթը և քննարկման թեման ենթադրելի են, սակայն այս պահին՝ ոչ էական։ 

Հետաքրքիր մանրամասն է երևան գալիս, երբ  հրավիրյալների կազմին ենք նայում․ հանդիպման մասնակիցների թվում չեն եղել, իրենց իսկ հավաստմամբ՝ ՀՅԴ «Կամավորական շարժում» ՀԿ ներկայացուցիչները։ Բնականաբար՝ հանդիպման մասնակիցների թվում են ՔՊ կուսակցության կամավորականները․ ախր այնքա՛ն անուրանալի են նրանց ներդրումները, հատկապես՝ թիկունքում։ Բայց եթե ՔՊ  շեֆը կարող է վկայաբերել պատերազմին մասնակցած կենդանի ՔՊ-ական-կամավորականի 29 անուն-ազգանուն, «Կամավորական շարժում» ՀԿ-ն իր 400 հոգանոց ջոկատից «փոխարենը» կհիշատակի 29՝ ավաղ, զոհված կամավորականի անուն-ազգանուն։ Ուրեմն այսպե՞ս են հարգում նահատակների հիշատակը, այսպե՞ս են մեծարում նվիրյալներին, թե՞ նրանք էլ են զոհվել «հանուն ոչնչի»։

Հիշեցնենք, որ խոսքն այն կամավորական ջոկատի մասին է, որը պատերազմի առաջին օրերին գրավել էր ռազմական կարևոր նշանակություն ունեցող Վարանգաթաղ (Լուլասազ) կոչվող բարձունքը։ Այդ բարձունքը գրավելիս էր բեկորային վնասվածքներ ստացել հեռուստալրագրող, «Երկիրը երկիր է» հաղորդաշարի հեղինակ Վարդան Օնանյանը։ Չէ, մեզ չի թվում, թե Ն․ Փաշինյանը Վարդանին կարող էր հրավիրած լինել, որ որևէ պարգևով արժանին մատուցեր․ բայց մեզ թվում էր, որ հասարակ բարոյականությունը Ն․ Փաշինյանին չպիտի թույլ տար մոռանալու կամավորականների այն խմբին, որ մինչև հիմա իր պարտքն է կատարում հայրենիքի առջև։ Ի դեպ՝ առանց սելֆիների։

Ուրեմն, ի՞նչ չափանիշներով է առաջնորդվել վարչապետը վերոնշյալ հանդիպման մասնակիցների կազմը որոշելիս։ Հայաստանյան կուսակցություններից մեկի հանդեպ այդ ի՞նչ անանց ատելություն ու մաղձ  կա այդ մարդու հոգում, որ նույնիսկ հանուն հայրենիքի զոհվածի մահը կարող է ուրանալ։ Եվ մեզ մինչև ո՞ւր կհասցնի այս աննախադեպ փոքրոգությունն ու մաղձը։ Չէ՞ որ ամենավերջին պողոսի համար էլ պարզ է, որ վարչապետը «վրեժխնդիր» է լինում այսօր ընդդիմադիր շարժումն առաջնորդող ուժերից թերևս ամենակազմակերպվածից՝ ՀՅԴ-ից։ 
Հետևաբար, մենք ունենք քինախնդիր վարչապետ, մնում է պարզել՝  քինախնդրությունը սոսկ «անձնակա՞ն» հիվանդություն է, որ ներքուստ քայքայում է տիրոջը, թե՞ այլևս ներքին պետական քաղաքականության գործոն։