Ազգային-պետական շահերը՝ ձեւախեղված, թշնամածին եւ պետականաքանդ

Ազգային-պետական շահերը՝ ձեւախեղված, թշնամածին եւ պետականաքանդ

Ի վերջո, վաղ թե ուշ իր անխուսափելի հեռացումից հետո ի՞նչ հետագիծ է թողնելու Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հայոց նորագույն պատմության մեջ։ Արդեն իսկ ակներեւ է, որ այն ամենաարյունոտը, մտահոգիչն ու աղետալին է վերջին երեսնամյակում։ Խոսքը, փաստորեն, այս չորս տարում Երրորդ հանրապետության քաղաքական ավանդույթների, անցյալի, արցախյան շարժման, պետականության հիմնադրույթների հիմնիվեր մերժման, դրանց վրա խաչ քաշելու մասին է՝ փոխարենը ոչինչ չառաջարկելով։ Ավելի ճիշտ, բացը լցվելու է եւ արդեն իսկ լցվում է թշնամական օրակարգերով։ Ներդաշնակորեն աշխատող թուրք-ադրբեջանական գաղափարաքարոզչական մեքենային հնազանդորեն միացել է հայաստանյան վարչակարգը՝ հիմնավորելու բոլոր պետականաքանդ թեզերը։

Երբ 2020-ի դեկտեմբերին Էրդողանը պատերազմից հետո առաջին անգամ այցելեց Բաքու եւ մասնակցեց ադրբեջանական զինուժի զորահանդեսին, Ալիեւի հետ, ի թիվս այլ երկկողմ փաստաթղթերի, կնքեց նաեւ տեղեկատվական համագործակցության հուշագիր՝ պայմանավորվելով համադրել ջանքերն իրենց «ընդհանուր թշնամու»՝ Հայաստանի ու հայության դեմ։ Եվ այսօր Բաքվից ու Անկարայից ստացվող ազդակներն ու հաղորդագրություններն առանց նվազագույն խմբագրման հայտնվում են հայաստանյան պետական-պաշտոնական խոսույթում։

Հայաստանն ամբողջապես միայնակ ու անպաշտպան է թուրք-ադրբեջանական հյուծիչ քարոզչության դեմ, ավելին՝ թշնամական օրակարգերին դիմագրավելու երբեմնի ճարտարապետությունը խարխլված է։ Այդ նպատակով ժամանակին հիմնված կառույցը՝ «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը, դարձել է իշխանական ֆեյքերի ֆաբրիկա, իսկ թշնամական քարոզչության դեմ պայքարող երբեմնի առաջամարտիկները՝ Կարեն Բեքարյանը, Կարեն Վրթանեսյանը, Արա Սաղաթելյանը, Անժելա Էլիբեգովան եւ այլք, այս իշխանության կողմից որպես անձնական ընդդիմախոսներ եւ հակառակորդներ են ընկալվում։
Փաստն այն է, որ Հայաստանն այսօր տեղեկատվական դիվերսիաների թատերաբեմ է դարձել, ընդ որում՝ ե՛ւ ներսից, ե՛ւ դրսից։ Հանրային զգոնությունը պատմական նվազագույնի վրա է՝ համեմատելի Հայոց ցեղասպանության տարիներին վտանգի հանդեպ անհաղորդ լինելու հետ։

Արցախի իբր ոչհայկականության մասին պաշտոնական թեզերը, այն Ադրբեջանի կազմում թողնելու հնարավորությունը քննարկելը, Հայաստանի տարածքում Ադրբեջանին անկլավներ տրամադրելը, այլ թշնամական թեզեր սպասարկելը բազմաքայլ եւ հյուծիչ կոմբինացիաների արարներն են, որոնցով նախապատրաստվում է թյուրքական տարրի անարգել մուտքը հայկական աշխարհ։ Կենցաղային հոգսերով տարված՝ մեր շատ համաքաղաքացիներ չեն էլ ընկալում տարածաշրջանի համապատկերը, այդ ֆոնին՝ իշխանության արածն ու չարածը, եւ, ցավոք, չեն դատապարտում Հայաստանը թշնամուն անարյուն հանձնելու վարվելակերպը։ Շատերին անգամ մոտակա ապագան էլ չի հետաքրքրում, օրախնդիրն այսօրն է, պահի թելադրանքը, օրվա ապրուստ վաստակելը։ Ազգային գիտակցության եւ հավաքական զգոնության բթացման առումով սրանից ավելի ճգնաժամային վիճակ անհնար է պատկերացնել։

Հայաստանի ազգային եւ պետական շահերի առանցքը ձեւախեղվել է, այն հայտնվել է բազմատեսակ հոսանքների, այդ թվում՝ թշնամական օրակարգերի ազդեցության տակ։ Դաշնակից, բարեկամ, ոչ բարեկամ եւ անգամ թշնամի պետությունների բնական շահերն սկսել են դիտարկվել որպես հայկական ազգային-պետական շահեր, ինչը ոչ միայն աններելի շռայլություն է, այլեւ ինքնակործանման ուղիղ ճանապարհ։ Հայաստանյան իշխանության համառ ջանքերի հանգույն՝ Բաքուն եւս զբաղված է հայաստանյան ներքին զարգացումների մանրազնին մշտադիտարկմամբ, վախենում է իշխանափոխության ալիքից եւ հնարավոր բոլոր միջոցներով իր աջակցությունն է հայտնում Փաշինյանի վարչակարգին։ Որքան էլ զարմանալի է, այդ ուղերձներն ընդունելություն են գտնում հանրային որոշ շերտերում, ավելին՝ օտարերկրյա, այդ թվում թշնամական պետություններն այստեղ հաջողությամբ տեղեկատվական օպերացիաներ են իրականացնում։ Հետեւաբար՝ տեղեկատվական անվտանգության հարցում մեր պետությունն ու հանրությունը խիստ անպաշտպան են։

Դավիթ Սարգսյան