Միջնորդությունը մերժելու որոշման դեմ բողոք կներկայացվի

Միջնորդությունը մերժելու որոշման դեմ բողոք կներկայացվի

Որոշումը նոր ենք ստացել, բավականին ծավալուն է, դեռ չենք ծանոթացել, բայց չեմ կարծում, որ կարող է այնպիսի հիմնավորում լինել, որը կարող է իրավական առումով տեղավորվել տրամաբանության մեջ։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը։

Հիշեցնենք՝ քիչ առաջ պարզ դարձավ, որ Տոնոյանը կմնա կալանքի տակ։ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխարինելու մասին միջնորդություն էր ներկայացվել։

Տոնոյանի համար երաշխավորել էին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Պողոսյանը, «Նավակ Ճոճող» մականունով հայտնի Վիլեն Գաբրիելյանը և Արամ Զավենի Սարգսյանը։

«Պրն Տոնոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին միջնորդությունը մերժելու որոշման դեմ բողոք կներկայացնենք»,- ասաց նա։

Նշենք նաեւ , որ  միայն գործով անցնող ամբաստանյալ Արտյոմ Համբարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինվեց գրավով։