Հրամանն այն է, որ մենք ահաբեկչական գործողություններ չենք անում

Հրամանն այն է, որ մենք ահաբեկչական գործողություններ չենք անում
Վերջերս Հայաստանի եւ Ադրբեջանի բարձր ատյաններից պաշտոնական տեսակետ է հնչում, որ թավշյա հեղափոխությունից հետո արցախաադրբեջանական հակամարտության գոտում լարվածությունը թուլացել է, որ կողմերը պահում են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությունները, եւ սահմաններին հարաբերական անդորր է: Մյուս կողմից՝ լուրեր են տարածվում, թե ադրբեջանական կողմը, չնայած այդ երկրի նախագահ Ալիեւի եւ արտգործնախարար Մամեդյարովի հայտարարություններին, շարունակում է կրակել եւ խախտել զինադադարի ռեժիմը, իսկ հայկական զորքերը հրաման են ստացել չպատասխանել հակառակորդի գործողություններին: «Հրապարակ»-ի աղբյուրը հայտնեց, որ Արցախի զինվորականությունը ճնշված է, ՊԲ կադրային սպաները նեղսրտում են, հիշում նախկին ժամանակները, երբ գործում էր «ակն ընդ ական» սկզբունքը, երբ հակառակորդի ամեն մի հարված ուժգին հակահարված էր ստանում, ամեն մի զոհի, արձակված ամեն մի փամփուշտի դիմաց հակառակորդը կրկնակի պատասխան էր ստանում: Իրավիճակի հետ կապված՝ մենք զրուցեցինք Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանի հետ:



**-Մեզ լուրեր են հասել, որ Արցախի ՊԲ-ն պահում է պայմանավորվածությունը՝ մերոնց ասված է, որ չկրակեն, թեեւ մյուս կողմից կրակոցներ կան, եւ Արցախում դժգոհ են: Ի՞նչ կասեք:**



-Դա չի համապատասխանում իրականությանը: Նման դեպքեր, եթե վերլուծենք վերջին մի քանի տարվա ընթացքում, եղել են ժամանակներ, երբ մերոնք ընդգծված փորձել են չպատասխանել հակառակորդի տարբեր սադրանքների, կրակոցների եւ այլն: Պարբերաբար այդպիսի ալիք լինում է: Ցույց ենք տալիս աշխարհին, որ կառուցողական ենք, չենք խախտում զինադադարի ռեժիմը, բայց, առհասարակ, կան դեպքեր, երբ հնարավոր չէ այդ տրամաբանությունը պահպանել: Եթե, ասենք, հակառակորդը փորձի ներթափանցել, մենք, իհարկե, չենք նստելու հանգիստ, ձեռքներս ծալած եւ ասենք՝ թող գան: Նման բան չի կարող լինել առհասարակ: Իսկ այն, որ մերոնք ընդհանրապես չեն դիմում տարբեր տիպի ահաբեկչական գործողությունների, եւ երբեւէ չենք դիմելու, դա փաստ է: Մենք սովորաբար պատասխանում ենք, չեզոքացնում ենք նրանց քայլերը՝ ուղղված մեր դեմ: Այսքանը:



**-Այսինքն՝ այս հարցում իրավիճակ չի՞ փոխվել:**



-Կտրուկ նվազել է խախտումների քանակը: Ճիշտ է, սա չի նշանակում, որ հակառակորդը փոխել է իր նպատակն ու ծրագրերը: Նրանք միշտ էլ հայտարարում են, ու իրենց գերնպատակը մնացել է մեկը ու անփոփոխ՝ կործանել Արցախի պետականությունը եւ հայոց պետականությունը՝ առհասարակ: Կրակոցների քանակը նվազել է, բայց իրենք առաջնագծում ինչ-որ մասշտաբային ինժեներական աշխատանքներ են կատարում: Սա չի դադարում:



**-Մեր զինվորականության մեջ չկա՞ ն դժգոհություններ, կարծիքներ, որ ավելի կոշտ, նախաձեռնողական պետք է գործել:**



-Դա կախված է իրավիճակից: Եթե նույնիսկ կա դժգոհություն, ասենք, կան հրամանատարներ, որոնք ասում են՝ պետք է պատասխանել, առաջ գնալ, սա հասկանալի է, բայց կա հրաման ու կանոն, ու բոլորն այդ հրամանին պետք է ենթարկվեն, իսկ հրամանն այն է, որ մենք ահաբեկչական գործողություններ չենք անում: Եթե հարկ լինի այլ խնդիրների, դա պետք է դրվի բարձրագույն ղեկավարների, ոչ թե ստորաբաժանումների ղեկավարների կողմից: Եթե վերջիններս պատերազմի ժամանակ իրավունք ունեն ըստ իրենց հայեցողության, ըստ իրավիճակի գործել, ապա այս պահի դրությամբ ամեն ինչ կենտրոնացված է, եւ եթե չլինի բարձրագույն հրամանատարության հրամանը՝ պաշտպանության նախարարի, իհարկե, նախագահի, այդպիսի գործողությունների չեն դիմի:



**ՀԳ.** Արցախի զինվորականները թերահավատ են նոր իրավիճակի հարցում: «Մեզ մոտ այնպես է, ինչպես եղել է: Մի քիչ նրանք են կրակում, մի քիչ՝ մենք: Լոխ լավ ա: Սենց էլ մնա, դժգոհ չենք»,- մեզ ասաց հին զինվորականներից մեկը: Հարցին՝ դուք «սե՞ւ» եք, թե՞ «սպիտակ», նա կատակեց. «Մենք կառիչնըվի ենք»:



**Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ**