1000 կին՝ Սամվել Ալեքսանյանին սպասող

1000 կին՝ Սամվել Ալեքսանյանին սպասող
Որպեսզի Արթիկում տեքստիլի ֆաբրիկա հիմնվի, մեծ ջանքեր են ներդրվել։ Մեկի փոխարեն երկու հայտնի գործարար ընտանիքներ են այդ նպատակն ունեցել՝ Վարագյան եղբայրները եւ Սամվել Ալեքսանյանը՝ «Լֆիկ» մականունով, ու նրա դստրիկը։ Բայց գործարարներից ոչ մեկն այդպես էլ չկարողացավ երջանկացնել Արթիկի ու հարակից գյուղերի կանանց։ Նրանք 2017 թվականից սրտի տրոփյունով ֆաբրիկային են սպասում, որը չկա ու չկա։ Նույնիսկ կարուձեւ սովորեցին՝ ապագա ֆաբրիկայում գործ ստանալու երազանքով։ 400 աշխատատեղ էին խոստացել Վարագյան եղբայրներն ու շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշը։ Հենց նրանք էին կանանց համար կարուձեւի ուսումնական կենտրոն ստեղծողները։ Նրանց ֆաբրիկան կոչվելու էր «Սաստեքս»։ Ֆրանսիացիների հետ 67 քմ-ի վրա փոքրիկ ձեռնարկություն հիմնվեց։ Բայց ֆրանսիացին, որը պետք է ներդրումներ աներ, չարեց, «Սաստեքսը» կանգնեց։



Շվեյցարահայից հետո Արթիկ մտավ օլիգարխ Սամվել Ալեքսանյանը՝ «Չեխարմինվեստ» ՍՊԸ-ով, որի տնօրենը նրա դուստր Աստղիկ Ալեքսանյանն է։ Կարեն Կարապետյանի կառավարությունը 2017-ին նրա համար նույնիսկ մի ամբողջ դպրոց օպտիմալացրեց՝ Արթիկի թիվ 7 դպրոցը, ու 20 տարով անհատույց վարձակալության տվեց։ Մամուլն աղմկեց, թե Ալեքսանյանի աղջիկը դպրոց է փակում Արթիկում, բայց շինարարությունը սկսվեց։ Մինչեւ 2017-ի աշուն ֆաբրիկան պետք է գործարկվեր, եւ արթիկցիները հանուն աշխատատեղերի համակերպվեցին 120-ից ավելի աշակերտ ունեցող 7-րդ դպրոցի փակման հետ։ Նրանց համար միեւնույն էր, թե ով իրենց աշխատանք կտա, եւ նրանք հույսով սկսեցին այս անգամ էլ Ալեքսանյանի աղջկան սպասել։ Բայց եկավ ձմեռը, իսկ շինարարությունը ոչ միայն չավարտվեց, այլեւ սառեցվեց։



Տարբեր լուրեր տարածվեցին՝ որ «Չեխարմինվեստը» հերիք չէ՝ մի ահռելի տարածքի տեր դարձավ, դեռ մի բան էլ ինքն է դժգոհ գործարքից եւ դիմել է կառավարություն՝ պայմանագրի կետերը վերանայելու խնդրանքով։ Խոսակցություն կար, որ չեխ ներդրողները հասկացել են, որ տեղի քանդված ու վաղուց չաշխատող կարի ֆաբրիկաներից մեկը վերցնել ու աշխատացնելն ավելի էժան էր նստելու, քան դպրոցից ֆաբրիկա ստանալը։ Եվ ներդրողը հրաժարվեց փող տալուց, ընկերությունն էլ շինարարությունը դադարեցնելու պատրվակ է փնտրում։ Օրերս «Չեխարմինվեստ» ընկերության ներկայացուցիչները ելույթ են ունեցել Արթիկի հեռուստատեսությամբ, ասել, որ շինարարությունը դարձյալ ակտիվացել է։ Կանայք կրկին գոտեպնդվել են։ Այս մասին մեզ հայտնեց Արթիկի քաղաքապետի խորհրդական **Գեւորգ Փթուկյանը**։



«Կարի ֆաբրիկայի շինարարությունն ակտիվ ընթանում է։ Հիմա կտուրի աշխատանքներն ավարտվել են։ Երեկ չէ՝ առաջին օրը, ինչ որ կար քանդելու, քանդվել է, ներսում եւս ռեկոնստրուկցիա են անում, վերակառուցում են։ Մինչեւ մարտ ամիս կավարտվի, երեւի։ Նոյեմբերի 9-ին մրցանակաբաշխություն է լինելու՝ համայնքների միության եւ տարածքային կառավարման նախարարության կազմակերպած, «Լավագույն համայնք» մրցանակաբաշխություն են անցկացնում՝ տեղական ինքնակառավարման հետ կապված»։ Ի՞նչ կապ ունի ֆաբրիկան։ «Ֆաբրիկան՝ որպես քաղաքապետարանի կատարված աշխատանք, ներկայացվելու է»։ Չեխերը փոշմանել են, էլ փող չեն տալիս, այդ պատճառո՞վ է շինարարությունը ձգձգվում։ Փթուկյանը հերքում է․ «Նման բան չկա։ Ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ հարթված է։ Ներդրողը հիմա ամեն ինչ անում է, Չեխիայից է, հայ տղա է, որն անմիջական ֆինանսական ներդրումն է կատարում»։



Շինարարության տնօրեն Նորայր Բեգլարյանը, սակայն, հերքեց Փթուկյանի ասածը․ «Շինարարությունը չի կարող ավարտվել մինչեւ մարտ, որովհետեւ Արթիկը մեր Հայաստանի հյուսիսն է, ամենացուրտ կլիման է այդտեղ, քամիները՝ շատ, ավելի խիստ ձմեռ է լինում։ Մայիսից հետո նոր ակտիվ փուլ կլինի։ Շինարարության ավարտը կապված է ներդրումների հետ։ Կառավարության որոշմամբ, 2019 թ․ վերջին 200 աշխատատեղ պետք է լինի, 150 աշխատատեղ պետք է լինի 2020 թվին ու եւս 150 աշխատատեղ՝ 2021-ին։ Այսինքն՝ բոլորն իրար հետ պետք է լինի 500 աշխատատեղ։ Ֆինանսների բաշխման տեսակետից 600 հազար դոլար պետք է առաջին տարում ծախսվի, երկրորդ ու երրորդ տարիներին՝ 200 հազարական դոլար։ Ստացվում է 1 մլն դոլար։ Մինչեւ 2019 թվի դեկտեմբերը ծախսվելու է 600 հազար դոլար, ես ասում եմ ու իմ խոսքի տերն եմ»։ Ճի՞շտ է, որ չեխերը հրաժարվել էին ներդրումներից՝ հարցրինք շինարարության տնօրենին, որը նախկինում նման պնդում էր արել մեր թերթում։ «Կարող եմ միայն ասել, որ շինարարությունը կատարվում է ներդրումներին համընթաց․ երբ լինում են ներդրումներ, աշխատանքները կատարվում են»։ Իսկ աշխատատեղերի սպասող կանանց բազմությունն ավելանում է՝ 1000 կին է հավաքագրվել գործարանում աշխատելու համար, որոնք սպասում են հիմա էլ 2019-ի դեկտեմբերին։



**Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ**