Արարատ Միրզոյանի լիազորությունները կրճատվե՞լ են

Արարատ Միրզոյանի լիազորությունները կրճատվե՞լ են
Հին Հայաստանի կառավարության կազմում մեկ փոխվարչապետ կար։ Այժմ 3-ն են՝ Արարատ Միրզոյան, Տիգրան Ավինյան, Մհեր Գրիգորյան։ Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի լիազորությունները նախկինում ավելի լայն էին։ Օգոստոսից նրա լիազորությունների շրջանակը նեղացվել է: Օրինակ, Կադաստրի պետական կոմիտեի աշխատանքի կոորդինացիան «փոխանցվել» է փոխվարչապետ Տիգրան Ավինյանին: Հենց նա էլ ներկայացրեց կադաստրի կոմիտեի աշխատակազմի նոր ղեկավար Սարհատ Պետրոսյանին: Կադաստրի կոմիտեն, որը Հայաստանի բոլոր մարզերով մեկ գրասենյակներ ունի, գտնվում է Ավինյանի «կուրացիայի» ներքո, իսկ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը, մարզպետների աշխատանքը համակարգում է Արարատ Միրզոյանը: Ըստ շրջանառվող լուրերի, սա որոշ անհարմարություն է առաջացնում փոխվարչապետերի առօրյա աշխատանքում: Խոսակցություններ կային, որ արդարադատության ոլորտը նույնպես վերցվելու է Միրզոյանից: Ապարատում քչփչում են, որ «դե ֆակտո» առաջին փոխվարչապետն աստիճանաբար դառնում է Ավինյանը։ Օրերս կառավարության նիստն էլ նա էր վարում՝ վարչապետի փոխարեն։



Վարչապետի խոսնակ Արման Եղոյանն այս լուրերը հորինվածք է համարում: «Որեւէ մեկի լիազորությունները քչացնելու կամ ավելացնելու միտում չկա: Թե ով որ ոլորտն է համակարգում, որոշում է վարչապետը՝ ելնելով օպերատիվ իրավիճակից,- ասում է նա:- Համակարգման ոլորտները կարող են փոխվել ըստ տվյալ պահին ծագող խնդիրների: Այս պահի դրությամբ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը համակարգում է ֆինանսական եւ սոցիալական բլոկը, արդարադատության, առողջապահության, կրթության եւ մշակույթի, տարածքային կառավարման նախարարությունների աշխատանքը: Տնտեսական բլոկի՝ հարկային, մաքսային, տնտեսական զարգացման եւ ներդրումների, էներգետիկ ենթակառուցվածքների նախարարությունների հետ աշխատում է Տիգրան Ավինյանը: Իրավական ակտ, հրաման, որի հիման վրա որոշվի, թե որ ոլորտով ով է զբաղվում, չկա»:



Փոխվարչապետի աշխատանքը երեւացող չէ, սակայն նախկին ապարատում փոխվարչապետն անփոխարինելի էր։ Նախկինում նա, համատեղությամբ, տարածքային կառավարման նախարարն էր եւ մարզպետների հետ աշխատանքի պատասխանատուն։ Փոխվարչապետերը, ինչպես, օրինակ, Վաչե Գաբրիելյանը՝ Տիգրան Սարգսյանի օրոք, կամ Արմեն Գեւորգյանը՝ Հովիկ Աբրահամյանի ժամանակ, կամ նույն Հովիկ Աբրահամյանը՝ Անդրանիկ Մարգարյանի օրոք, օգնում էին վարչապետին կազմակերպչական հարցերում, խորհրդակցություններ էին անցկացնում օպերատիվ հարցերով, երբեմն նույնիսկ կառավարության նիստերն էին վարում՝ ՀՀ վարչապետի փոխարեն։ Նոր Սահմանադրությամբ վարչապետի աշխատակազմն ուռճացվեց։ Մեկի փոխարեն այժմ 3 փոխվարչապետ կա: Սա ներկայացվում էր որպես վարչապետի ինստիտուտի ուժեղացմանն ուղղված գործողություն։ Իրականում, ավելորդ ծախս է պետբյուջեից։ Երեք փոխվարչապետը՝ իրենց առնվազն 15 հոգանոց «սթաֆով», կատարում են նախկին մեկ փոխվարչապետի ու նրա 2-3 հոգանոց աշխատակազմի գործը, ու դրա համար ծախսվում է առնվազն 10 անգամ շատ գումար։



**Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ**