Մենք աջակցել ենք հեղափոխությանը, բայց այսօր տեսնում ենք բազմաթիվ սխալներ, որ գործում է կառավարությունը

Մենք աջակցել ենք հեղափոխությանը, բայց այսօր տեսնում ենք բազմաթիվ սխալներ, որ գործում է կառավարությունը
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, ամենայն հավանականությամբ, կմասնակցի դեկտեմբերյան արտահերթ ընտրություններին, բայց դեռ պաշտոնական որոշում չունեն։ Այս օրերին կուսակցությունը զբաղված է թիմը համալրելու, մարդկանց իրենց շուրջը համախմբելու աշխատանքներով։ Հիշեցնենք․ անցած ընտրություններին «Ազատ դեմոկրատների» ցուցակում էին ընդգրկվել Հրանտ Բագրատյանը, Անահիտ Բախշյանը, Ստյոպա Սաֆարյանը, բայց կուսակցությունն այդպես էլ չհաղթահարեց նվազագույն անցողիկ շեմը։ Կուսակցության վարչության անդամ Նարեկ Այվազյանը մեզ հետ զրույցում ասաց՝ հակված են՝ որքան հնարավոր է, մեծ շրջանակ ներառել, որոնք կհամապատասխանեն իրենց գաղափարներին, «որովհետեւ տեսել են, թե ինչպես են առանց գաղափարական համընկնումների քաղաքական ուժերը պառակտվում՝ նույնիսկ ընտրությունների նախօրեին արդեն պառակտված են լինում»։



**-Նոր Ընտրական օրենսգրքի ընդունումը տապալվեց, եւ հիմա դուք նորից ստիպված եք լինելու ռեյտինգային ընտրակարգով պայքարել։ Արդյոք սա վնա՞ս է ձեզ, եւ կո՞ղմ էիք, որ փոխվեր ԸՕ-ն։**



-Ընտրական օրենսգրքի փոփոխությունը շատ կարեւորում էինք եւ մենք էլ առաջարկներով էինք հանդես եկել, որոնց մեծ մասն ընդունվել էր։ Այդ տապալման հետ կապված՝ մենք որոշակի խնդիրներ ենք տեսնում ու տեսանք նաեւ, որ ջանքերը խնայվեցին կառավարության կողմից, եւ մոբիլիզացիա էլ չարվեց, որպեսզի ժողովրդական կամքն արտահայտվեր այսօրվա պատգամավորների կողմից, որոնք եւս մեկ անգամ ապացուցեցին, որ ժողովրդի կամքը չեն արտահայտում իրենք, ժողովրդի կողմից ընտրված պատգամավորներ չեն եւ զուտ իրենց նեղ-անձնական շահերն են հետապնդում։



**-Այս նախագիծը տապալող ՀՀԿ-ի հիմնական արգումենտն այն էր, որ իրենք դեմ էին ընտրությունները դեկտեմբերին «ափալ-թափալ» ռեժիմով անցկացնելուն, եւ որ ընտրություններից մի ամիս առաջ օրենսգիրք չեն փոխում, որը նաեւ Վենետիկի հանձնաժողովի տեսակետն է։**



-Վենետիկի հանձնաժողովի կարծիքը շատ կարեւոր եմ համարում, սակայն դա մեզ համար դոգմա չէ, դա մեր Սահմանադրությունը չէ, ու դա չէ միակ բացարձակ ճշմարիտը, որովհետեւ, եթե Վենետիկի հանձնաժողովին այդպես բացարձակ վերաբերվելիս լինեին, լիքը հարցեր լուծած կլինեին հենց այս Ընտրական օրենսգրքի հետ կապված՝ նախորդ անգամ, երբ որ ընդունում էին։ Լիքը դիտողություններ էին արել, որոնք անտեսեց նախկին ռեժիմը։ Իսկ ժամկետների հետ կապված՝ մեր օրենքը թույլ է տալիս, հետեւաբար, մենք կարող ենք դա անել։ Եթե մեր օրենքը չի արգելում, ուրեմն դա ժողովրդավար է, ուրեմն դա օրինական է։ Բայց ցանկալի կլիներ, որ ինչքան հետաձգվեր ընտրությունների օրը, այնքան դաշտը կպարզվեր, ու բանակցությունները, հետագա համագործակցությունն այլ ուժերի, այլ անհատների հետ ավելի խորացված կլինեին։ Բայց քանի որ այսօրվա կառավարությունը խնդիր դրեց անհապաղ կերպով դա իրականացնել, կարծում եմ՝ էլի խնդիր չէ։



**-Դուք նախորդ ընտրություններում նվազագույն անցողիկ շեմը չհաղթահարեցիք ու չանցաք խորհրդարան։ Խոստովանել էիք, որ թույլ էիք տվել որոշակի կազմակերպչական սխալներ։ Հիմա ի՞նչ եք անելու, որ նորից նույնը չկրկնվի, հատկապես, որ հիմա նոր խնդիրներ կան՝ էյֆորիա, Փաշինյանի անվերապահ հեղինակություն…**



-Նախկին մեր սխալների մասին չխոսեմ, բայց ասեմ, թե ինչն էր հիմնական պատճառը, որ խնդիր ունեցանք նվազագույն շեմի հետ կապված․ դա վարչական լծակներն էին, փողն էր, որ բաժանվում էր, եւ դրան նպաստում էր հենց ռեյտինգային համակարգը։ Հիմա անդրադառնամ այն խնդրին, որ կապված է բարձր վարկանիշ ունեցող վարչապետի հետ։ Իհարկե, նաեւ մենք ենք տածում համակրանք նրա հանդեպ, որովհետեւ տեղի է ունեցել այնպիսի փոփոխություն Հայաստանում, որի մասին 20 տարուց ավելի երազում էր ժողովուրդը, եւ մենք՝ նույնպես։ Իհարկե, բարդություններ ենք ունենալու՝ մարդկանց ներկայացնելու մեր ծրագրերը, դրան խոչընդոտ է հանդիսանալու որոշակի առումով նաեւ ռեյտինգային համակարգի մնալը, բայց կարծում եմ՝ էն փողային ռեսուրսները, որ ծախսվել են նախորդ անգամներ, չեն կարողանալու, որովհետեւ դա կախված է ուժային կառույցների աշխատանքից, այսինքն՝ կամք կա, որ կկարողանան դեմն առնել։



**-Հիմա էլ այլ խնդիր կա՝ Նիկոլ Փաշինյանը Երեւանի ավագանու ընտրություններում դաշտը բաժանեց «սեւերի» եւ «սպիտակների», եւ, ըստ էության, այսօր Փաշինյանի դեմ պայքարող կամ հակառակ դիրքերից հանդես եկող ցանկացած ուժ կարող է համարվել «սեւ ուժ» կամ «հակահեղափոխական»։**



-Տեսեք, մենք կողմ ենք եղել եւ մասնակցել ենք փոփոխություններին, առաջին օրվանից մեր քաղաքական ուժը հայտարարություն տարածեց եւ գնաց մասնակցեց գործընթացներին։ Մենք մեզ համարում ենք նաեւ կրողը փոփոխությունների, որովհետեւ, կներեք, բայց մենք այդ մի քանի ամիսը չէր, որ պայքարում էինք, մենք մի ամբողջ կյանք ենք դրան տրամադրել, բոլոր պայքարների մեջ ենք ներգրավված եղել։ Բայց դա չի նշանակում, որ պետք է ամեն ինչ միաբեւեռ, միակենտրոն դառնա, որովհետեւ անցանք էդ փուլը։ Դրանից հետո պետք է գա քաղաքական, գաղափարական պայքարի փուլը։ Մենք այսօրվա դրությամբ տեսնում ենք բազմաթիվ սխալներ, որ գործում է կառավարությունը, իհարկե, ամեն ինչին էլ ըմբռնումով ենք մոտենում, բայց, ամեն դեպքում, իրենց գործունեությունը, իրենց գաղափարական մոտեցումներն ու մերը տարբերվում են։ Ու կարծում ենք՝ մենք ունենք այն ընտրազանգվածը, որը կգա ու ձայն կտա մեր մոտեցումներին, մեր ծրագրերին։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**