Շատ մեծ, ընդարձակ համաներում է լինելու

Շատ մեծ, ընդարձակ համաներում է լինելու
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ համաներման մասին նախագիծը գալիք շաբաթվա ընթացքում կքննարկվի Ազգային ժողովում։ Նա նաև նշեց, որ սա առաջին դեպքն է և վերջինը չի լինելու։ Թե քանի հոգի կմտնեն համաներման տակ, Զեյնալյանը չցանկացավ այս պահին անուն նշել, չնայած որ ասացինք՝ 850 հոգու մասին է խոսվում, միևնույն է, նախարարը չցանկացավ թվի վերաբերյալ որևէ հստակեցում կատարել։ «Բայց, ինչպես արդեն ասացի, շատ մեծ համաներում է, շատ ընդարձակ համաներում է, շատ մարդասիրական համաներում է»,-ասաց Զեյնալյանը։



**Hraparak.am**-ի հարցին՝ սա Նիկոլ Փաշինյանի քաղաքական որոշո՞ւմն էր, որ նման քայլով հանդես գա ինքը, նախարարն ասաց․ «Սա ամբողջ կառավարության և հանրության անունից իրականացվող է։ Նախկինում, երբ հանդես եմ եկել հայտարարություններով այս թեմայի վերաբերյալ, դա ապահովելու նպատակ է հետապնդում, և սա կառավարությունը հավանության է արժանացրել։ Սա ձեր համաներումն է, սա բոլորի համաներումն է»։



**-Իսկ ինչո՞ւ նախընտրական շրջանում, այլ ոչ, օրինակ, սեպտեմբերի 21-ին Անկախության օրվա առթիվ, սովորաբար հենց նման տոների առթվ են համաներում անում։**



-Որևէ առնչություն չունի նախընտրական ժամանակաշրջանի հետ, բացարձակ որևէ առնչություն չունի, իմ մտքով անգամ չէր էլ անցել, որ կարելի է նման բան մտածել։



**-Գուցե իրենց մտքով է անցել։**



-Ո՞ւմ մտքով։



**-Օրինակ՝ վարչապետի․ նախընտրական շրջանում սա լրացուցիչ դիվիդենտ կարող է ապահովել նրա համար։**



-Ոչ, բացառում եմ, ուղղակի բացառում եմ, որովհետև ես արդեն իմ ֆեյսբուքյան էջում դրա վերաբերյալ գրառում կատարել եմ, նախարար նշանակվելուց 10 օր հետո նախագիծն, ըստ էության, արդեն պատրաստ եղել է, ամբողջը վերլուծվել է, քննարկվել է։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**