Արտգործնախարարի անորոշ պատասխանները

Արտգործնախարարի անորոշ պատասխանները
ՌԴ Պետդումայի ԱՊՀ, Եվրասիական ինտեգրացիայի և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը օրերս հայտարարել էր, թե ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստը Երևանից պետք է տեղափոխվի Մոսկվա, քանի որ Հայաստանում ժամանակավոր կառավարություն է, անկայուն վիճակ։ «Եթե իրավիճակը մեր պատկերացրած սցենարով զարգանա, մենք ո՞ւմ հետ ենք Խորհրդարանական վեհաժողով անցկացնելու: Պաշտոնակատարների՞»,-ասել էր Կալաշնիկովը։



ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր լրագրողների հետ զրույցում այս առնչությամբ ասաց, որ այս հարցերին պետք է ավելի պրագմատիկ մոտեցում ցուցաբերել։ «Հայաստանում այսօր կամ վաղը կանցկացվի նիստը, հարցը վերաբերում է զուտ պրագմատիկ մոտեցմանը, որևէ խնդիր չեմ տեսնում»,-ասաց Մնացականյանը՝ այդպես էլ հստակ ոչինչ չասելով։ Նրա խոսքից այդպես էլ չհասկացվեց՝ ո՞րն է պրագմատիկ մոտեցումը, և ի՞նչ է նշանակում այդ վեհաժողովը Մոսկվայում անցկացնելը վերը նշված հայտարարության ֆոնին։



Անդրադառնալով ՀՀ-ում ԱՄՆ հեռացող դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարութանը՝ արցախյան որոշ շրջաններ Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ, Մնացականյանը դարձյալ անորոշ պատասխան տվեց․ «Մեր խոսնակն ասել ա դրա մասին, մեր դիրքորոշումը շատ հայտնի ա, արտահայտված ա, վերջին անգամ ես խոսել եմ Լյուքսեմբուրգում շաբաթվա սկզբին, առավելևս վարչապետն արտահայտվել ա դրա մասին»։



Հարցին, թե Միլզի հայտարարության տակ որևէ ենթատեքստ կամ տողատակ տեսնո՞ւմ է, նախարարը մի պահ կարծես թե չհասկացավ հարցը, հետո երբ նորից կրկնեցինք, ընդամենն ասաց․ «Տողատակե՞ր․․․ մենք աշխաատում ենք մեր դիրքորոշումների շրջանակում և շարունակելու ենք անել այն, ինչ որ անում ենք մեր դիրքորոշումների շրջանակում»։ Ահա այն ամենը, ինչ ստացանք Հայաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարից՝ որպես մեր հնչեցրած ուղիղ հարցերին պատասխան։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**