Երբ PR-վում են նախկինների արածի հաշվին

Երբ PR-վում են նախկինների արածի հաշվին
Նոր իշխանությունները կարծես սովորություն են դարձրել հների կատարած աշխատանքը սեփականաշնորհել՝ իրենցով անել։ Մի կողմից ոչնչացում են նախկիններին՝ համարելով, որ նրանք միայն թալանով են զբաղվել, ավերածություններ արել, մյուս կողմից օգտվում են նախորդի գործի պտուղներից եւ դրանք ներկայացնում որպես իրենց կատարած գործ։ Ժողովուրդն էլ ծափահարում է, թե՝ տեսա՞ք ինչ լավ քաղաքապետ ունենք, նշանակվեց, թե չէ, հաջորդ օրը քաղաքում նոր աղբամաններ հայտնվեցին, ներդրողներ հայտնվեցին, նոր նախարարի «շնորհիվ» էլ Չինաստանը մեզ շտապօգնության մեքենաներ նվիրեց։



Այ, հենց այս շտապօգնության մեքենաներն էլ երեկ PR-սելֆիների առիթ տվեցին։ Երեկ վարչապետ, վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյանն ու առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մեծ շուքով այցելեցին Շահումյան հրապարակ, որտեղ ցուցադրվում էին Չինաստանից որպես օգնություն մեզ տրամադրված շտապօգնության նոր մեքենաները։ Պաշտոնյա այրերը նկարվեցին այդ մեքենաների ֆոնին, ելույթներ ունեցան եւ մի խոսք, մի կեսբերան շնորհակալություն անգամ չասացին նրանց, որոնց շնորհիվ այսօր անխնա PR-վում են: Չէ՞ որ այդ շտապօգնության մեքենաներն օդից չհայտնվեցին, եւ բարեկամ Չինաստանի կառավարությունն էլ, վստահաբար, Նիկոլ Փաշինյանի հեղափոխական սիրուն աչքերի համար չէ, որ որոշեց Հայաստանին նման նվեր մատուցել։



Այդ մեքենաների նվիրատվության պայմանավորվածությունը երկար ժամանակ բանակցվել եւ ձեռք է բերվել նախորդ կառավարության եւ առողջապահության նախկին նախարար Լեւոն Ալթունյանի օրոք։ Շտապօգնության 200 մեքենա տրամադրելու մասին համաձայնագիրը Երեւանում ստորագրել էին Հայաստանի առողջապահության նախկին նախարար Լեւոն Ալթունյանը եւ Հայաստանում ՉԺՀ դեսպանատան առեւտրատնտեսական հարցերով խորհրդական Ուան Շիցայը, այլ ոչ թե Արսեն Թորոսյանը կամ նոր կառավարությունից որեւէ մեկը։ Բայց Արսեն Թորոսյանը շտապեց այս մեքենաների ձեռքբերումն իրենով անել, երբ դրանք նոր մտել էին մաքսային տերմինալ։ Դեռ մեքենաները կոնտեյներներից չիջեցրած՝ նախարարը շտապել էր այնտեղ ու հրամայել բացել «պլոմբած» կոնտեյներները, որ անմիջապես միացնի հեռախոսն ու ներկայացնի նոր կառավարության հերթական «հերոսությունը»։ Նա անգամ չհամբերեց, որ մեքենաները մաքսազերծեն, նոր դրանք ցուցադրի։ Մինչդեռ նոր կառավարությունն ու նոր նախարարը որեւէ կապ չունեն այս մեքենաների հետ, դրանք ուղարկել է Չինաստանը, դրա շուրջ բանակցել է Ալթունյանը, իսկ տեղափոխումն էլ անվճար իրականացրել է «Ապավենը»։ Բայց ոչ մի հիշատակում այս ամենի մասին՝ կարեւորը, որ սա պատահականորեն համընկավ նոր իշխանությունների կառավարման շրջանի հետ։



Ի դեպ, այս շտապօգնության մեքենաների նման մեկ էլ Արմավիրի նորանշանակ քաղաքապետն էր իրենով արել նախկին քաղաքապետի կազմակերպած նոր աղբամանների տեղադրումը քաղաքում, որոնք ուղղակի համընկան հեղափոխական իրադարձությունների հետ։ Նախորդ քաղաքապետը կնքել էր պայմանագիրը, որ նոր աղբամաններ բերեն տեղադրեն, բայց չհասցրեց դրանց պարգեւած էժանագին PR-ը վայելել, ինքը գնաց, ու նրանից հետո եկած «ՔՊ»-ական քաղաքապետի նշանակումից օրեր անց տվյալ ընկերությունը բերեց եւ տեղադրեց աղբամանները։ Այսօր Արմավիրի նորանշանակ քաղաքապետն աջ ու ձախ սելֆիներ է անում այդ աղբամանների մոտ ու ինքն իրեն գովազդում, միամիտներն էլ ծափահարում են «հերոս» քաղաքապետին, թե «տեսա՞ք ոնց նա եկավ, ու անմիջապես նոր աղբամաններ հայտնվեցին քաղաքում»։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**