Սա սիրո եւ համերաշխության հեղափոխություն էր, ամեն ինչ ոչնչացնող եւ մերժող հեղափոխություն չէր

Սա սիրո եւ համերաշխության հեղափոխություն էր, ամեն ինչ ոչնչացնող եւ մերժող հեղափոխություն չէր
Նոր իշխանությունները, ամենայն հավանականությամբ, արտահերթ խորհրդարանական ընտրություններին նորից հանդես կգան «Իմ քայլը» դաշինքով, ինչպես Երեւանի ավագանու ընտրություններին էր։ Սա երեկ չբացառեց Նիկոլ Փաշինյանը։ Իսկ «ՔՊ» վարչության անդամ Ալեն Սիմոնյանը նաեւ չբացառեց նախորդ իշխանության ներկայացուցիչների գոյությունը դաշինքում։ Հիշեցնենք, որ «Իմ քայլը» դաշինքը բաղկացած էր 2 քաղաքական ուժից՝ «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Առաքելություն»։ Վերջինիս քաղխորհրդի անդամ Մանուկ Սուքիասյանը մեզ հետ զրույցում ասաց՝ ամեն ինչ գնում է «Իմ քայլը» դաշինքը պահպանելու ուղղությամբ, իսկ թե ինչ ներկայացվածություն կունենան իրենք ցուցակում, ովքեր կլինեն, ասաց․ «Դեռեւս դետալային քննարկումներ ցուցակի կազմավորման սկզբունքների վերաբերյալ չի եղել»։ Այս թեմայով զրուցեցինք **Ալեն Սիմոնյանի** հետ։



**- Դուք ասացիք՝ չի բացառվում, որ նախորդ իշխանության ներկայացուցիչներ էլ լինեն դաշինքում։ Ովքե՞ր կլինեն՝ ՀՀԿ-ականնե՞ր, թե՞ անկուսակցական նախկին պաշտոնյաներ։**



-Կոնկրետ անուններ, քանի որ չի քննարկվել, հիմա ես չեմ կարող ասել, բայց խոսքը, բնական է, չի գնում նախկին իշխանության կարկառուն, վարկաբեկված կամ հանրության մեջ բացասական անուն ունեցող մարդկանց մասին։



**- Օրինակ՝ Արմեն Աշոտյան, Էդուարդ Շարմազանով, Արփինե Հովհաննիսյան, Վիգեն Սարգսյան․ ձեր ցանկում կա՞ն։**



-Ես չեմ կարծում, որ իրենք էդ հարցով մեզ հետ նույնիսկ կբանակցեն, որովհետեւ, իմ տեղեկություններով, իրենք առանձին մասնակցելու են ՀՀԿ ֆորմատով, եւ այդ Ձեր նշած անունները, ըստ իմ ունեցած տեղեկությունների, գալիք ընտրություններում ՀՀԿ ցուցակի առաջին հնգյակում են լինելու։



**- Հինգերորդն ո՞վ է լինելու, գուցե Դավիթ Հարությունյա՞նը։**



-Անկեղծ ասած՝ չգիտեմ։ Բայց չորսի մասով ենթադրում եմ, որովհետեւ այդ չորսն են խոսում ընտրություններին մասնակցելու մասին եւ այդ չորսն են, որ փորձում են քաղաքական ինչ-որ պայքար սկսել կամ շարունակում են այն գիծը, որը ՀՀԿ-ն նախկինում տարել եւ պարտվել է։



**- Վա՞տ է, որ նրանք փորձում են իրենց կուսակցության քաղաքական պայքարը շարունակել։**



-Ես միայն ուրախ կլինեմ, որ ՀՀԿ-ն մասնակցի, եւ ուրախ կլինեմ, որ իմ նշած անունների շրջանակում մասնակցի։



**- Այսինքն, եթե ՀՀԿ-ն մաքրվի, դա կլինի այդ չորս անունների շնորհի՞վ։**



-Ես, անկեղծ ասած, չգիտեմ, թե որքանով դա մաքրվել կհամարվի, դա արդեն թող իրենք որոշեն, թող ելնեն նրանից, թե ինչպես է հասարակությունը վերաբերվում իրենց։ Դա իրենց որոշելիքն է, դա իմ որոշելիքը չէ։ Այնուամենայնիվ, ես կուզենամ, որ ՀՀԿ-ն մասնակցի, եւ մենք կտեսնենք բոլորս, թե ինչ արդյունքներ կգրանցի։



**- Իսկ կուզենա՞ք, որ ՀՀԿ-ն լինի խորհրդարանում եւ լինի ձեզ ընդդիմություն։**



-Այո, կուզենամ։



**- Վերադառնանք «ՔՊ»-ին․ Նիկոլ Փաշինյանի՝ Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելը շատ քննարկվեց ու քննադատվեց, համենայնդեպս, սա կարելի՞ է համարել առաջին քայլը, որ նրանք, ովքեր կուսակցական չեն եղել, բայց եղել են նախկին իշխանության մաս, կարող են վաղը հայտնվել ձեր ցուցակում։**



-Մենք չենք կարող, չէ՞, բոլոր նրանց, ովքեր 20 տարվա ընթացքում ՀՀԿ իշխանության հետ առնչություն են ունեցել, էդ բոլոր մարդկանց ոչնչացնել, վտարել, անարգանքի սյունին գամել։ Մեզ հաճախ քննադատում են նաեւ մեր կադրերի հետ կապված, որ ասում են՝ անփորձ են եւ այլն։ Հիմա պետք է մենք էդ շրջանակի մեջ կողմնորոշվենք՝ ի վերջո, մենք ինչ ենք ուզում եւ ինչ ենք ասում։



**- Եվ ի՞նչ եք ուզում ու ասում։**



-Մենք ուզում ենք, որ Հայաստանում առաջին հերթին լինեն արհեստավարժ մասնագետներ, եւ եթե իրենք որեւիցե ձեւով քրեականորեն կամ որեւէ գործով իրենց հետ կապված վերապահումներ չկան… որքան որ ես տեղեկացված եմ կոնկրետ Հունան Պողոսյանի մասով, օրենքի հետ կապված որեւիցե վերապահում չկա։ Ես իր հետ ծանոթացել եմ, երբ որ ընդդիմություն եմ եղել, միտինգներ ենք արել, եւ ինքը, ոստիկանական զորքերի հետ միասին, եղել է փողոցում, իր հետ շփում եմ ունեցել, եւ ես չեմ կարող ասել, որ ինքը քրեածին ոստիկաններից մեկն է։



**- Այսինքն՝ կարելի՞ է եզրակացնել, որ դուք այսօր ձեր թիմում պրոֆեսիոնալ, փորձառու կադրերի խնդիր ունեք ու ստիպված գնում եք նախկին իշխանության պրոֆեսիոնալ կադրերին պետական ապարատ վերադարձնելու ճանապարհով։**



-Իհարկե ոչ, որովհետեւ մենք չենք նայում, թե ինքը որ ժամին որտեղ է եղել, մենք նայում ենք, թե ինքն ինչ կարող է այսօր անել Հայաստանի Հանրապետության համար։



**- Դուք այդ բարիկադները քանդում եք, բայց ժողովուրդը մերժում է, հայհոյում է նրանց, աղբաման է նետում, ասում են՝ ովքեր ծառայել են Սերժ Սարգսյանին, չպետք է լինեն նոր իշխանության մեջ։ Ձեր մեջ չկա՞ն պրոֆեսիոնալներ, որ նրանց եք նորից բերում։**



-Հունան Պողոսյանի մասով եկեք ելնենք նախ մարզի առանձնահատկություններից, հետո ելնենք էն բանից, որ մենք բոլոր մեր միտինգներին դրա մասին խոսել ենք, ասել ենք, որ միջին օղակներում շատ ու շատ արհեստավարժ մարդիկ կան, որոնք կգտնեն իրենց տեղը։ Վերջիվերջո, սա սիրո եւ համերաշխության հեղափոխություն էր, սա ամեն ինչ ոչնչացնող եւ մերժող հեղափոխություն չէր։



**- Իսկ ՀԱԿ-ի ձեր գործընկերների հետ համագործակցություն սպասվո՞ւմ է, հնարավո՞ր է նրանցից մարդիկ ընդգրկվեն ձեր դաշինքի ցուցակում կամ պետական կառավարման մեջ։**



-ՀԱԿ-ի հետ որեւիցե նման բան պաշտոնապես չի քննարկվել։ Մենք նման առաջարկ չենք ստացել, նման թեմա մեզ մոտ չկա, մենք նման բան չենք քննարկել։



**- Ի դեպ, տեղեկություն կա, որ հնարավոր է կառավարության «ՔՊ»-ական անդամներն ընտրություններից հետո տեղափոխվեն խորհրդարան, կառավարությունը համալրվի նոր դեմքերով։**



-Հնարավոր է, ինչո՞ւ ոչ։ Ճիշտ է, նման պրոցես այսօր չկա, բայց ես չեմ բացառում, որովհետեւ ցուցակների հետ կապված աշխատանքները դեռ տարվում են, բայց կարծում եմ՝ քաղաքական դեմքերը, նույնիսկ այն պարագայում, եթե հետագայում կհամալրեն գործադիրը, պետք է ներկայացված լինեն ցուցակում։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**